Միջադեպ Ջեմալ Փաշայի թոռան երևանյան հանդիպումից հետո


22:42 , 11 դեկտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

«Սարն ի վեր» նախագծի շրջանակներում թուրք գրող, հրապարակախոս, Հայոց ցեղասպանությունը ծրագրած երեք թուրք պաշտոնյաներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռան` Հասան Ջեմալի երևանյան դասախոսությունը անախորժ միջադեպերով ավարտվեց:

Նա Երևանում էր՝ ներկայացնելու իր «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը և հանդիպելու հայաստանյան հանրության հետ: «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում Մարիա Թիթիզյանի հարցերին պատասխանելով՝ նա խոսեց իր ընտանիքի, հայ-թուրքական հարաբերությունների, Ցեղասպանության ու ժողովուրդների միջև երկխոսությունը վերականգնելու և առաջացած խոշոր պատը վերացնելու անհրաժեշտության մասին:

Նա առանձնակի հետաքրքրությամբ խոսեց իր ընկեր Հրանտ Դինքի մասին՝ նշելով, որ հայոց ցավին սկսել է առնչվել հենց նրա միջոցով, և իրեն Հայաստան է բերել Դինքի ցավն ու Հայոց ցեղասպանությունը: Սակայն իր երկար ելույթի ընթացքում նա խոսեց նաև պապի մասին և իր պապին սպանող հայ վրիժառուներին անվանեց հրոսակներ:

Միջոցառման կազմակերպիչները ներկաներին արտահայտվելու և հարցեր ուղղելու հնարավորություն չտվեցին, հնարավորություն չընձեռեցին նաև միջոցառումից հետո մոտենալու թուրք լրագրողին և պարզաբանումներ ստանալու: Սա հունից հանեց ներկա մի քանի կանանց, որոնք փորձեցին մոտենալ Հասան Ջեմալին, իսկ նրանց մի կողմ հրեցին՝ թույլ չտալով հարցեր ուղղել: Վերջիվերջո, Հասան Ջեմալին մոտենալ հաջողվեց, բայց պարզաբանում ստանալ՝ ոչ: