21:01 , 11 դեկտեմբեր, 2014
Անձնական նամակագրությունում մենք չենք զլանում բամբասել մեր ծանոթներից, սակայն հոլիվուդյան պրոդյուսերները չէին կարող անգամ մտածել, որ իրենց կծող մեկնաբանությունները հայտնի կդառնան հասարակությանը: Հենց այդպես է եղել, երբ ցանցահենները կոտրել են Sony Pictures-ի պրոդյուսերների փոստը, որտեղ նրանք շատ հետաքրքիր նամակներ են հայտնաբերել, գրում է Spletnik.ru-ն: Այսպես, ֆիլմերի պրոդյուսերները, ովքեր մշտապես կադրից դուրս են մնում, սակայն կինոարտադրության մեջ շատ ճանաչված են, քննարկում են աստղերին, և՝ ոչ դրական տեսանկյունից: Երբ գողացված նամակագրությունը հայտնվել է ԶԼՄ-ում՝ հայտնիներն իրենց մասին շատ նոր բաներ են իմացել: Օրինակ՝ Մայքլ Ֆասբենդերը հավանաբար զարմացել է՝ կարդալով, որ ինքը «ոչ ոքի չի հետաքրքրում», իսկ Անջելինային դժվար թե դուր գա, որ իրեն «երես առած անտաղանդ տիկնիկ» են անվանում: Ֆասբենդերի մասին ստուդիաների ղեկավարների հետ խոսել է հայտնի սցենարիստ Աարոն Սորկինը, որը Սթիվ Ջոբսի մասին ֆիլմում ցանկացել է տեսնել Թոմ Քրուզին: Columbia Pictures-ի ղեկավար Էմի Պասկալի և պրոդյուսեր Սքոթ Ռուդինի՝ Ֆասբենդերին ֆիլմում նկարահանելու առաջարկին Սորկինը պատասխանում է. «Գաղափար անգամ չունեմ, թե ով է Ֆասբենդերը, և ամբողջ աշխարհն էլ նրանով չի հետաքրքրվում: Դա խելագարություն է»: Վերջիվերջո, մի շարք նամակներից հետո, Սորկինն ամեն դեպքում համաձայնում է նրա թեկնածությանը. «Սատանան տանի ձեզ, նա հիանալի դերասան է, և նրա ժամանակը եկել է: Եթե ֆիլմը ստացվի, նա կհայտնվի բոլոր շապիկներին, և նրան կառաջադրեն բոլոր մրցանակներին»: Ինքը՝ Սքոթ Ռուդինը, նույնպես տուժել է ցանցահենների գործողություններից: Հրապարակվել է Էմի Պասկալի հետ նրա նամակագրությունը, որտեղ ամենից շատ խոսքը Անջելինա Ջոլիի մասին է եղել: Ռուդինի և Պասկալի նամակագրության մեջ քննարկվում է, որ Ջոլին վրդովվել է՝ իմանալով Դևիդ Ֆինչերի՝ Սթիվ Ջոբսի մասին ֆիլմ նկարահանելու մտադրության մասին (դերասանուհին հուսով էր, որ հայտնի ռեժիսորը կնկարահանի Կլեոպատրայի մասին ֆիլմը, որտեղ ինքը գլխավոր դերը կխաղար): Ռուդինը գրում է. «Անհանգստանում է: Նույնիսկ ժամանակս դրա վրա չեմ ուզում ծախսել… Կլեոպատրայի մասին ոչ մի ֆիլմ էլ չի լինելու»: Այնուհետև նա հավատացնում է Պասկալին, որ այդ նախագիծը կտապալվի և ծիծաղի առարկա կդառնա. «Ես չեմ պատրաստվում կարիերաս փչացնել նվազագույն տաղանդի տեր մի ինչ-որ երես առած տիկնիկի պատճառով: Ավելի լավ է՝ հանգստացրեք Էնջիին, այլապես նա այնպես կանի, որ Դևիդին շահավետ չլինի նկարահանել «Ջոբսը»,- գրել է նա: Հարկ է նշել, որ Sony-ի ղեկավարությունը հրաժարվել է մեկնաբանել տեղեկատվության արտահոսքը և նույնիսկ հետաձգել է նախօրոք ծրագրված մամլո ասուլիսը: Իսկ ահա հեղինակավոր պարբերականների լրագրողների կարծիքով՝ կատարվածը կարող է ոլորտում մեծ սկանդալների և վեճերի պատճառ դառնալ:
1in.am-ը գրում է․

