20:14 , 11 դեկտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
Ավարտին են մոտենում «Ցեղասպանության մեկ դար. Բաքվի սև հունվարը» վավերագրական ֆիլմի աշխատանքները, որն իրականացվում է «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում և նվիրված է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերի 25-րդ տարելիցին: «Panorama.am»-ի հետ զրույցում «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը պատմեց, որ այս ֆիլմը մի փոքր տարբերվում է նախորդ աշխատանքներից:
«Նախ՝ արդեն թվով վեցերորդ մեր այս ֆիլմի հիմքում ընկած են Բաքվից գաղթած փախստականների հետ հարցազրույցներ, որոնք նկարահանող խմբի կողմից արվել են այս տարվա մարտ ամսին ԱՄՆ-ում: Ընդհանուր առմամբ, ձայնագրվել է շուրջ 50 հարցազրույց, սակայն ֆիլմում օգտագործվել է այդ վկայությունների մի մասը: Հարցազրույցներն ամբողջությամբ կհրատարակվեն գալիք տարվա առաջին կեսին լույս ընծայվելիք ժողովածուում:
Երկրորդ՝ որոշ դրվագներում օգտագործելու ենք գեղարվեստական դրվագներ, որոնք կվերարտադրեն Բաքվի հայերի հիշողությունները:
Բացի այդ, վկաների և տուժածների շուրթերով կփոխանցվեն Ադրբեջանում հայերի ջարդերի վերաբերյալ մինչ օրս անհայտ մանրամասներ, օրինակ՝ գերության դեպքերի մասին: Եվ, վերջապես, օգտագործվել են 1988-1990 թթ-ին Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ արխիվային կադրեր, որոնք վերջերս ենք հայտնաբերել և նախկինում լայն հանրությանը հասանելի չեն եղել», - նշեց Մ. Գրիգորյանը:
Նրա խոսքերով, ֆիլմի հիմնական կոնցեպտուալ իմաստն ամփոփված է հենց վերնագրում՝ «Ցեղասպանության մեկ դար», որը խորհրդանշում է 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում արձանագրված դեպքերի և 90-ականներից մինչ օրս շարունակվող Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում հայերի հետ կատարվածի միջև անխաթար կապը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ