Ռուս պաշտոնյաների անօրինական վոյաժները Երևանի կենտրոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


18:14 , 11 դեկտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին ուղեկցող մեքենաների շարասյունն այսօր կեսօրին բավականին երկար ժամանակ ակնհայտ խախտումներով խաթարել էր Թումանյան փողոցի՝ Աբովյան-Տերյան միջնահատվածի առանց այն էլ ծանր երթևեկությունը: Մեքենաների շարասյունը կանգ էր առել երկրորդ գծում: Նկատելի էր, որ Բիբինը «Թումանյան-Շաուրմայում» ինչ-որ խմբի հյուրասիրություն էր կազմակերպում: Եվ մինչ ռուսներն այդ օբյեկտում հյուրասիրվում էին, նրանց սպասարկող 5-6 մեքենաները անվրդով խաթարում էին այդ հատվածի բնականոն երթևեկությանը:

Թումանյան փողոցն այնքան էլ լայն չէ, որպեսզի երկրորդ գծում այդքան մեքենաների երարաժամկետ կայանումը չխաթարեր երթևեկությունը:

Ընդ որում՝ այդ շարասյան մեքենաների մեծ մասն ունեին դեսպանատան համարանիշեր, և նրանց ուղեկցում էր ոստիկանական մեքենա: Այսինքն՝ Երևանի կենտրոնում օրը ցերեկով տեղի ունեցող այդ խախտումը կատարվում էր ոստիկանության և դեսպանության մեքենաների կամ աշխատողների մասնակցությամբ: Եվ ռուս պաշտոնյաներին սպասարկող վարորդներն ու անվտանգության ծառայողները տեսնում էին, որ այդ վիճակի վրա ուշադրություն են դարձնում անցորդները, տեսախցիկով կամ հեռախոսներով ֆիքսվում էր դա, սակայն նրանք չէին շտապում վերացնել խախտումը:

Մեքենաները երկրորդ գծում սպասեցին այնքան, մինչև որ Եվգենի Բիբինն ու իր խումբը դուրս եկան «Թումանյան-Շաուրմայից»: Ավելին՝ Բիբինը նույնպես դուրս գալիս և մեքենա նստելիս տեսավ, որ իրենց նկարում են, բայց շատ անտարբեր կեցվածքով նստեց մեքենան: Այսինքն՝ ռուս պաշտոնյաներն իրենց այնքան վեր են դասում Հայաստանի օրենքներից, որ նրանց անգամ չի հուզում, որ իրենց այդ պահվածքը կարող է ֆիքսվել ու հրապարակվել: Իսկ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ընդամենը մի ընկերության տնօրենին: Եվ գուցե այս կեցվածքը Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու հետևանքներից մեկն է, երբ նրանք այստեղ իրենց տեր ու տիրական, անպատժելի են զգում, ինչպես ֆորպոստում:

Հետաքրքիր է նաև, թե ոստիկանությունը սա կհամարի՞ խախտում և համապատասխան մոտեցում կցուցաբերի՞:

Ինչ վերաբերում է Եվգենի Բիբինին, հիշեցնենք, որ նա ՀԷՑ-ում գլխավոր տնօրեն է նշանակվել 2011թ. հունվարին: Ուղիղ մեկ տարի առաջ, երբ նա փորձում էր ՀԷՑ-ում կրճատումներ անել, և դա մեծ դժգոհություն էր առաջացրել, ընկերության աշատակիցները նրա մասին հետաքրքիր բացահայտումներ արեցին: Եվ մամուլում հրապարակումներ եղան, թե նա ու ՀԷՑ-ի մի խումբ ռուս ղեկավարներ, նրանց սպասարկող անվտանգության աշխատողները աստղաբաշխական գումարներ են ստանում: Որ Եվգենի Բիբինի աշխատավարձը 40 միլիոն դրամ է: Ավելին՝ դեկտեմբերի 22-ին, էներգետիկների օրվա առիթով, իրենք իրենց պարգևատրել էին նույնքան խոշոր գումարներով: ՀԷՑ-ի շարքային աշխատողները, սակայն, բավականին ցածր են վարձատրվում:

Պատմում էին, որ Ե.Բիբինը պաշտոնավարման առաջին տարին ապրել է «Գոլդեն Փելես» հյուրանոցում, որտեղ ամսական 5-6 հազար դոլար վարձ է վճարել: Հետո էլ հսկայական շքեղ բնակարան է վարձել Տերյան-Իսահակյան փողոցում գտնվող այն նորակառույց շենքում, որը կառուցել էին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և Սամվել Մայրապետյանը: Ե.Բիբինի հետ նույն շենքում շքեղ բնակարաններ են վարձել նաև նրա ռուս տեղակալներն ու այլ աշխատակիցներ: Նաև պատմում էին, որ Բիբինը ամիսը մի քանի անգամ ՌԴ է մեկնում ու թե՛ «Զվարթնոց», թե՛ Մոսկվայի օդանավակայաններ մուտք ու ելք է անում VIP սրահներով, ինչը բավականին թանկ հաճույք է:

Եվ ռուս պաշտոնյաների այս ամբողջ շքեղությունն ապահովում են ՀԷՑ-ի՝ շատ հաճախ ոչ ապահով բաժանորդները: Նաև այդ շքեղությունն ապահովելու պատճառով է, որ ՀԷՑ-ում բաշխիչ համակարգը գտնվում է վատ վիճակում, ու անձրևային կամ ցուրտ եղանակներին էլեկտրամատակարարման խափանումները դառնում են հաճախակի: Եվ այդ շքեղությունը, որպես ծախս, մտնում է էլեկտրաէներգիայի սակագնի մեջ: