Երևանում տաքսիստը ջարդել է մարմնավաճառ կնոջ քիթը, կրակել է ճակատին, որովհետև վերջինս անիծել էր նրա երեխային


16:06 , 11 դեկտեմբեր, 2014

FotorCreatedk1in.am-ը գրում է․

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Ռոման Դավթյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մարտի 6-ին, առավոտյան ժամը 8-ին Երևան քաղաքի «Կարմիր բլուր» գերեզմանատան տարածքում Ռոման Դավթյանն իր կողմից օգտագործվող «Ֆոլքսվագեն գոլֆ» մեքենայի մեջ Լիանա Պ.-ի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ բռունցքներով հարվածել է նրա դեմքի ու մարմնի տարբեր մասերին, նրա առողջությանը զույգ ակնակապիճների ստորին կոպային շրջանների արյունազեղումների, գանգուղեղային տրավմայի, քթոսկրի կոտրվածքի ձևով պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Այնուհետև, առաջադրված մեղադրանքի համաձայն, Ռոմանը մեքենայի սրահի վահանակի վրայից վերցրել է Լիանայի դրամապանակը, դրա միջից հափշտակել 10 հազար դրամ և իր մոտ գտնվող, որպես զենք օգտագործված «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով դիտավորությամբ կրակել է Լիանայի ճակատին ու աջ ոտքին՝ գլխի ճակատային հատվածի և աջ սրունքի սալջարդ վերքերի ձևով տուժողի առողջությանը պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Այս ամենից հետո, ըստ մեղադրանքի, Ռոման Դավթյանը Լիանա Պ.-ին տեղափոխել է Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտա ու հեռացել է:

Ռոման Դավթյանին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Որպես իրեղեն ապացույցներ քրեական գործին կցված են ամբաստանյալի և տուժողի հագուստները, «Մակարով» մոդելի ատրճանակը, տուժող Լիանա Պ.-ի ճակատից հանված գնդակը…

30-ամյա Ռոմանը ծնունդով Վայքից է, ապրել է Երևանում, միջնակարգ կրթություն ունի, նախկինում դատված չի եղել: Նրա խնամքին է 3 տարեկան դուստրը: Ռոմանն ամուսնալուծված է, Երևանում ապրել է վարձակալությամբ:

Հարցաքննվեցին վկաները:

Երկու վկայի՝ Ռոմանի քրոջ ու ընկերոջ հատկապես նախաքննական ցուցմունքներից ուրվագծվեց դեպքերի հետևյալ պատկերը:

Ռոմանը Երևանում ապրել է ընկերուհու՝ Աննա-Անահիտի հետ, ով ակնհայտորեն զբաղվել է… մարմնավաճառությամբ և ճանաչել է նույն արհեստով զբաղվող տուժողին:

Ռոմանը իր մեքենան ծառայեցրել է որպես տաքսի: Նա ճանաչել է տուժողին, իր մեքենայով տեղափոխել է նրան այսուայնտեղ:

Տուժողը Ռոմանին պարտք է եղել:

Դեպքի օրվա երեկոյան Ռոմանը ընկերուհու հետ դուրս է եկել աշխատանքի: Ամեն մեկն իր գործով է զբաղվել: Ընդ որում՝ Ռոմանն ու ընկերը՝ Կարենը, երեկոյան խմիչք էին օգտագործել:

Վաղ առավոտյան, «աշխատանքը» վերջացնելով՝ պատրաստվել են տուն գնալ: Ռոմանի մեքենայում են եղել ընկերուհին՝ Աննան, ու ընկերը՝ Կարենը: Վերջինիս զանգել է Լիանան, ասել է, որ նույնպես «աշխատանքը» վերջացրել է: Եվ Կարենը, ով, իր ասելով, Լիանային չէր ճանաչում, միայն հեռախոսով էր հետը խոսել, Ռոմանին խնդրել է, որ Լիանային էլ տուն տանեն:

Մեքենա են նստեցրել նաև Լիանային, ում «Անահիտ» էին ասում:

Կարենը զրուցել է Լիանայի հետ, իսկ վերջինս, ըստ Կարենի, խաղացել է հեռախոսով: Կարենը նրա ձեռքից վերցրել է հեռախոսն ու գցել է առջևի նստատեղերի կողմը, որպեսզի Լիանայի ուշադրությունը չշեղվի: Հեռախոսը, ըստ Կարենի, այդպես մնացել է Ռոմանի նստատեղի կողքին:

Ճանապարհին Լիանան, ըստ Կարենի, հազար դրամ է տվել ու առաջարկել է գարեջուր խմել: Չորս հատ գարեջուր են գնել: Հետո Ռոմանը Կարենին ու իր ընկերուհուն իջեցրել է Երրորդ մասում՝ իրենց վարձակալած տան մոտ, և ասել է, թե Լիանային տուն է տանում ու գա:

Ռոմանն ուշացումով է տուն վերադարձել: Նրա շորերի վրա արյան հետքեր են եղել:

Տանը գտնվող ընկերուհուն, Կարենին ու հյուր եկած քրոջը՝ Ժաննային, Ռոմանը պատմել է, թե Լիանան իրեն տասը հազար դրամ էր պարտք, նրան մի քանի անգամ Երրորդ մասից Կոմիտաս էր տարել:

Երբ Լիանայի հետ մենակ են մնացել մեքենայում, պահանջել է վերադարձնել պարտքը, ասել է, թե այդ փողը պետք է իր երեխային: Լիանան էլ, ըստ Ռոմանի պատմությունը ներկայացնող վկաների, «տղամարդու հայհոյանքներ» է տվել ու անիծել է Ռոմանի երեխային:

Այդ վերջին հանդգնությունը Ռոմանը չի ներել: Նա բռունցքով հարվածել է Լիանային: Տանը պատմել է նաև, թե կրակել է Լիանայի ճակատին:

Վկաները պնդել են, թե Լիանան ինքն է Ռոմանին տվել իր տասը հազար դրամը, ինչպես նաև՝ «Նոկիա» մոդելի «հնամաշ» հեռախոսը, Ռոմանը ոչինչ չի հափշտակել:

Դեպքից հետո այս ամենը տանը պատմելով ու Լիանայի «հնամաշ» հեռախոսը սեղանին գցելով՝ Ռոմանը մարմնավաճառ ընկերուհուն ասել է, որ հեռախոսը վերադարձնի Լիանային:

Ապա տնից դուրս է եկել:

Որոշ ժամանակ անց այդ տուն է զանգել ինչ-որ մեկը ու Ռոմանի ընկերուհուն ասել է, թե Լիանան բողոքել է ոստիկանություն:

Ռոմանի ընկերուհին, քույրը և ընկերը՝ Կարենը, վերցրել են «Նոկիան» ու շտապել են Լիանայի տուն, որ տեսնեն՝ «ինչ է եղել»:

Երբ ներս են մտել, տեսել են, որ այնտեղ է ոստիկանությունը: Լիանա-Անահիտի դեմքին ակնհայտ էին կրակոցի ու հարվածների հետքերը: Նրա «Նոկիան» վերադարձրել են: Ոստիկաններն ամբողջ խմբին բերման են ենթարկել…

Ռոմանի քույր Ժաննան ցուցմունք տալուց առաջ նախագահող դատավորի կողմից նախազգուշացվեց, որ կարող է եղբոր վերաբերյալ ցուցմունք չտալ, սակայն վկան ասաց, թե ցուցմունք կտա: Միաժամանակ գանգատվեց, թե նախաքննության ժամանակ քննիչն իրեն չի նախազգուշացրել այդ մասին, ընդհակառակը, համոզել է ցուցմունքներ տալ՝ ասելով, թե այդ ցուցմունքները «օգտակար կլինեն» եղբոր համար, նա «հարկադիրով» կամ տուգանքով կպրծնի: Ու վկան «վստահելով»՝ ցուցմունքներ է տվել՝ զենքի գործադրմամբ ավազակային հարձակման համար մեղադրվող եղբոր մեղքը հաստատող ցուցմունքներ՝ «հույս ունենալով», իբր, որ ասելով, թե եղբայրը կրակել է տուժողի ճակատին՝ «օգնում է» նրան…

Ըստ վկայի՝ ինքը կյանքում ոստիկանություն մտած չլինելով, հավատացել է քննիչին, առանց հասկանալու՝ եղբոր դեմ մեղադրող ցուցմունք է տվել: «Ո՞վ էդպիսի ցուցմունք կտար իր հարազատ ախպոր մասին»,- զարմացած ու զայրացած էր ներկայանում վկան՝ ավելացնելով, թե եղբայրն է եղել ամբողջ ընտանիքում միակ աշխատողը, եղբայրն է պահել իրենց հիվանդ մորը, եղբայրն ընդհանրապես մի քանի ընտանիքի միակ կերակրողն է եղել…

Պետք է ասել, որ դատական նիստի ընթացքում հետազոտվեցին նաև վկայի նախաքննական ցուցմունքները, որոնց սկզբում նա իր ձեռքով գրել էր, թե իրեն բացատրվել են իր իրավունքները, այդ թվում՝ եղբոր վերաբերյալ ցուցմունք չտալու իրավունքը:

Ժաննան դատարանում հայտարարեց, թե եղբայրն իր ներկայությամբ չի պատմել՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը: Ինքը դրա մասին իմացել է քննիչի թելադրածից: Ինքը նաև առերես չի հարցաքննվել ոչ մի վկայի հետ, չգիտի՝ իր ստորագրությունն ինչպես է հայտնվել հարցաքննության արձանագրության էջերին:

Քիչ անց գործով վկա Կարենը դատարանում հայտնեց, թե նախաքննության ընթացքում առերես հարցաքննվել է Ժաննայի հետ: Ժաննան ներկա է եղել, երբ Ռոմանը տանը պատմել է իր արարքի մասին…

Ժաննան դատարանում սպառնաց, թե իրենից ցուցմունք վերցնելու՝ քննիչի «անօրինական» մեթոդի մասին բողոքելու է մինչև «վերահսկիչ» դատարան, չնայած մինչև հիմա ոչ մի ատյանի չի դիմել:

Ճիշտ է, վկան դատարանում ցուցմունք տալուց առաջ ստորագրեց, որ նախազգուշացվել է սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, բայց տեղնուտեղը կարծես թե մոռացավ դա, սկսեց հակասական բաներ ասել, նրա դատաքննական ու նախաքննական ցուցմունքների միջև էական հակասություններ առաջացան, որոնք նկատվեցին ու ի ցույց հանվեցին մեղադրողի կողմից:

Դատարանում պետք է վկայություն տար նաև Ռոմանի ընկերուհի Աննա-Անահիտը: Նա դատարան էր եկել առանց անձնագրի, առանց անձը հաստատող որևէ փաստաթղթի: Դատարանը վկային ժամանակ տվեց, որ գնա տուն ու դատարան գա անձնագրով: Վկան գնաց, հետ եկավ՝ դարձյալ առանց անձնագրի:

«Գործի բերումով» մի քանի անունով հանդես եկող երիտասարդ կնոջը նախագահողը հատկապես պարտավորեցրեց հաջորդ դատական նիստին պարտադիր ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Առանց փաստաթղթի՝ ի՞նչ իմանան՝ իրականում ո՞վ է՝ Աննա՞ն, Անահի՞տը, թե՞, ասենք, Եկատերինան…

Ամբաստանյալին հարցաքննելու՝ դատարանի առաջարկին Ռոմանը պատասխանեց, թե ցուցմունքին պատրաստ չէ, կպատրաստվի ու ցուցմունք կտա հաջորդ դատական նիստին: Միգուցե իր ցուցմունքում ամբաստանյալը կբացատրի, թե ինչո՞ւ էր իր երեխային «անիծելու համար» Լիանայի վրա բարկացած լինելով՝ նրան հասցրել գերեզմանատան տարածք: Ինչո՞ւ էր զենք գործադրել անզեն կնոջ նկատմամբ՝ իր զայրույթը բռունցքներով «արտահայտելուց» հետո… Ինչո՞ւ էր այդքան զայրացել Լիանա-Անահիտի պահվածքից, եթե աշխատում ու ապրում էր հնագույն մասնագիտությամբ զբաղվող կանանց միջավայրում…

Տուժող Լիանա-Անահիտը դատական նիստին չէր ներկայացել: Ներկա էր, երևի, ընկերուհին՝ մարզահագուստով մի աղջիկ՝ Երևանյան լճի «կադրերից»: