13:56 , 11 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը դեռ ուժի մեջ չի մտել, սակայն արդեն իսկ հնչում են այդ անդամակցության հետևանքները գուժող առաջին տագնապալի ազդակները: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ապագայում կարող է կարիք առաջանալ, որ Եվրասիական միության անդամ երկրները միանան Արևմուտքի դեմ Ռուսաստանի կիրառած պատասխան, այսպես կոչված, պատժամիջոցներին:
Ինչպես հայտնի է, ի պատասխան Ուկրաինայի հարցում ՌԴ ագրեսիվ գործողություններին, Արևմուտքը տնտեսական պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ: Մոսկվան որոշեց, որ ինքն էլ պետք է պատասխան պատժամիջոցներ կիրառի Արևմուտքի դեմ, ու Եվրամիության, ԱՄՆ-ի և Կանադայի մի շարք ապրանքատեսակների հանդեպ կիրառվեցին ներկրման արգելքներ: Իհարկե, այդ ամենից տուժեց միայն Ռուսաստանը, քանի որ այդ երկրում առաջացավ պարենային ապրանքների սրընթաց գնաճ և միաժամանակ նաև դեֆիցիտ: Սակայն դա Ռուսաստանի խնդիրն է իհարկե, եթե անշուշտ Ռուսաստանը չպարտադրի նույնն անել Եվրասիական միության անդամ երկրներին: Ըստ որում` այստեղ հետաքրքրական վիճակ է:
Եվրասիական միության անդամ երկրներին Ռուսաստանը մեղադրում է արգելված ապրանքները իրենց տարածք ներկրելու և դեպի ռուսական շուկա անօրինական տրանզիտի համար: Ռուսաստանը այդ պատճառաբանությամբ նույնիսկ ստուգումներ սահմանեց Բելառուսի և Ղազախստանի հետ սահմանին: Բացառված չէ, որ հենց այս խնդրով պայմանավորված էլ Մոսկվան հարցն առաջ քաշի, որպեսզի մեկընդմիշտ լուծվի նաև Բելառուսի և Ղազախստանի տարածքով տրանզիտի հարցը: Խնդիրն այն է, որ Ռուսաստանն այստեղ հայտնվել է շատ անհեթեթ վիճակում: Մի կողմից նա արևմտյան արտադրանքի անօրինական տրանզիտը Բելառուսի և Ղազախստանի տարածքով արգելելու համար ստիպված է փակել այդ երկրների հետ սահմանը, մյուս կողմից` դա ուղղակի աբսուրդ է, որովհետև փակ սահմանով միասնական տնտեսական միություն ուղղակի չի կարող լինել:
Այսպիսով, ԵՏՄ-ի կնքահայր Ռուսաստանը կանգնել է անելանելի, զավեշտալի վիճակի առաջ. փակելով Բելառուսի և Ղազախստանի սահմանը` Ռուսաստանն, ըստ էության, ԵՏՄ-ն է փակում, իսկ բաց պահելով սահմանը` նա, ըստ էության, իր իսկ կիրառած, այսպես ասած, պատժամիջոցներով ոչ միայն Արևմուտքին չի կարողանում փոքր վնաս անգամ հասցնել, և ոչ միայն վնասում է ռուսական շուկան՝ գնաճով ու դեֆիցիտով, այլ նաև, ըստ էության, լրացուցիչ հարստանալու հնարավորություններ է տալիս Բելառուսին և Ղազախստանին:
Ահա այս անելանելի վիճակից դուրս գալու ելք Ռուսաստանը կարող է իսկապես տեսնել Բելառուսին ու Ղազախստանին էլ պատժամիջոցներին միանալ պարտադրելը: Եվ եթե հանկարծ սա հաջողվի, ինչը, իհարկե, կասկածելի է, որովհետև Լուկաշենկոն ու Նազարբաևը այնուամենայնիվ ունեն Պուտինին հակադրվելու ռեսուրսներ, ապա անելանելի վիճակում կհայտնվի Հայաստանը: Բանն այն է, որ Հայաստանի համար աղետալի է արդեն իսկ Եվրասիական միությանը միանալը: Այս ամենով հանդերձ` միանալ Արևմուտքի դեմ ռուսական, այսպես ասած, պատժամիջոցներին Հայաստանի համար կնշանակի ուղղակի դնել որպես սուբյեկտ վերանալու հարցը:
Եթե Արևմուտքը երկարատև ջանքերից ու ժամանակից հետո, ի վերջո, ներողամտաբար մոտեցավ Սերժ Սարգսյանի անարժանապատիվ շրջադարձին, ապա այս դեպքում ներողամտություն կամ ընկալում սպասելը լիովին ավելորդ կլինի, որովհետև այդպիսով արդեն վերջնականապես պարզ կլինի, որ Հայաստանը ոչ թե կտրվում է Արևմուտքի հետ գործընկերության հնարավորություններից, այլ ուղղակիորեն դուրս է գալիս Արևմուտքի դեմ կռվի՝ Ռուսաստանի հրահանգով: Իսկ սա արդեն լիովին նոր իրավիճակ է` դրանից բխող հետևանքներով:
Եթե Հայաստանի համար վտանգավոր էին թվում այն հետևանքները, որ կարող են լինել Ռուսաստանի դեմ դուրս գալու դեպքում, ինչպես եվրասիական կապիտուլյացիան արդարացնում են մի շարք շրջանակներ ու այդ կապիտուլյացիայի որոշման հեղինակները, ապա պակաս ցավոտ չեն լինելու այն հետևանքները, որ Հայաստանը կունենա Ռուսաստանի հրահանգով Արևմուտքի դեմ, այսպես ասած, պատժամիջոցների միանալու դեպքում: Որովհետև դա արդեն կլինի ոչ թե հարկադրված որոշում, որը ինչ-որ տեղ հնարավոր է ընկալել, թեկուզ մեծ վերապահումներով, այլ կլինի պարզապես համաշխարհային անմեղսունակության դրսևորում, ինչը միջազգային պրակտիկայում արժանանում է չափազանց խիստ պատժի: Դա ուղղակի սպառնալիք կլինի Հայաստանի ոչ թե անվտանգությանը, այլ գոյությանն ընդհանրապես:
Ռուսաստանի համար դա հոգ չէ, և նույնիսկ միգուցե հենց դա էլ ուզում է Մոսկվան` Հայաստանի հարցը վերջնականապես լուծելու համար, դրանով նաև Ղարաբաղի հարցի լուծման մասով Ադրբեջանի և Թուրքիայի հետ պայմանավորվելու և հերթական անգամ Կովկասը բաժանելու համար: Հայաստանը պարտավոր է հենց այժմվանից մտածել այդօրինակ զարգացմանը դիմադրելու մասին, թեև եթե առանց որևէ դիմադրության հանձնվեց պետության ինքնիշխանությունը, քիչ հույսեր կան, որ կարող է դիմադրություն լինել դրա հետևանքներից որևէ մեկի հարցում: Հույսը կարող է լինել այն, որ Ռուսաստանի արտգործնախարարի ապագան ավելի ուշ գա, քան Ռուսաստանի ներկայիս իշխանությունը կդառնա անցյալ: