13:44 , 11 դեկտեմբեր, 2014Օրենքների չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։ Երբեմն օտար երկրի ոստիկանության հետ խնդիրներ ունենալու համար բավական է միայն կերակրել այդ երկրի թռչուններին։ Որքան էլ որ զարմանալի թվա, նույնիսկ այսպիսի անմեղ արաքի համար կարող է մեծ տուգանք նշանակվել։ Բայց սա դեռ ամենը չէ։ Որոշ վայրերում անգամ ծովափին համբուրվելը կարող է տուգանքի պատճառ դառնալ։

Սինգապուրում՝ տուգանքների քաղաքում, չի կարելի մաստակ ծամել, առավել ևս թքել մաստակն ասֆալտի վրա։ Մաստակի ներկրման, օգտագործման, գնման կամ վաճառքի համար 500 սինգապուրյան դոլարի չափով տուգանք է հասնում։ Նույնքան տուգանք է սահմանված նաև մետրոյում ուտելու և փողոցը կարմիր լույսի տակ անցնելու համար։ Մաստակի արգելքը գործում է 1992 թ.-ից։ Այս կերպ իշխանությունները պայքարում են փողոցների, նստարանների, վերելակների և ասֆալտի աղտոտման խնդրի դեմ։

ԱՄՆ-ում վերջերս արգելվել է «Kinder Surprise»-ը։ Դրանք չի կարելի գնել ու ներկրել երկիր, այլապես կտուգանվեք 300 դոլարով, իսկ ծնողներին անգամ կարող են ծնողական իրավունքից զրկել նման արարքի համար։ Օրենսդիրների համոզմունքով՝ ոչ ուտելի օտար առարկաները չեն կարող գտնվել սննդամթերքի մեջ, իսկ շոկոլադե ձվիկի ներսում գտնվող մանր տարրերը վնասակար են երեխայի համար։ Ամերիկացի սահմանապահներն առգրավում են մաքսանենգ ձվիկները և տուգանում զբոսաշրջիկներին։

2013 թ. աշնանից Վիեննայում արգելվեց մետրոյում համբուրվել։ Մետրոյում ընծայված համբույրների, ինչպես նաև գետնանցումում սուր հոտով որևէ բան ուտելու և առանց ականջակալների երաժշտություն լսելու համար ստիպված կլինեք €50 վճարել։ Քաղաքային իշխանությունները ծրագրում են այս արգելքները տարածել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցների վրա։
Բացի այդ, համբուրվելն արգելված է ոչ միայի Ավստրիայի մայրաքաղաքում, այլև գրեթե բոլոր մահմեդական և իսլամական երկրներում, այդ թվում՝ Մալազիայում, Հնդկաստանում և Արաբական Էմիրություններում։ Համբույրն ամենից ավելի թանկ կնստի Ինդոնեզիայում։ Այստեղ համբույրի դիմաց 300 մլն. ռուպի տուգանք է սահմանված համբույրի դիմաց, իսկ ծայրահեղ դեպքում՝ 10 տարվա ազատազրկում։ Հասարակական վայրերում համբուրվելու արգելքը գործում է անգամ ռոմանտիկայի երկիր Ֆրանսիայում և Ղրիմում։

Արձակուրդի ժամանակ լիցքաթափված զբոսաշրջիկին մի շարք երկրներում կարող են տուգանել մերկ իրանի, չափազանց բաց լողազգեստի, նուդիզմի և առավել ևս ծովափնյա սեքսի համար։ Կան երկրներ, որտեղ արգելված է գրեթե այն ամենը, ինչ դուր է գալիս հանգստացողներին։ Օրինակ՝ Արաբական Էմիրություններում աղջիկներին չի կարելի բաց լողազգեստներ կրել, իսկ տղամարդկանց՝ կիպ լողավարտիքներ։ Տղամարդկանց չի թույլատրվում նաև խոսել տեղի կանանց հետ և լուսանկարել նրանց առանց վերջիններիս համաձայնության։ Այստեղ չի կարելի անպարկեշտ հագնվել, խմել, կռվել ու անգամ գնդակ խաղալ այն վայրում, որտեղ ընտանիքներ են հանգստանում։ Կանանց արգելված է փողոց դուրս գալ բաց զգեստներով։ Ծովափին սեքսով զբաղվելը հղի է վտանգավոր հետևանքներով. դատ, տուգանք, ազատազրկում և բռնագաղթ։ Պատիժները հատկապես խիստ են նույնասեռական ու արտաամուսնական զույգերի համար։ Հանգստի ամենաթեժ շրջանում Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվում են ստուգայցեր, որոնց ժամանակ զբոսաշրջիկներին մասսայաբար տուգանում են։
Ծովափնյա սեքսի համար տուգանք ու նույնիսկ բանտային ազատազրկում է սպառնում աշխարհի մի ծարք երկրներում, այդ թվում՝ հայտնի Թուրքիայում, Հունաստանում, Եգիպտոսում, Թաիլանդում, Իտալիայում, Իսպանիայում։

Զբոսաշրջիկները սովոր են երեկոյան զվարճանալ, սակայն զվարճանքի բոլոր տեսակները չէ, որ օրինական են համարվում։ Մի շարք երկրներում Ձեզ կարող են տուգանել ուշ ժամերին բարձրաձայն երգեցողության, երաժշտական գործիքներ նվագելու և բարձր ձայնով հեռուստացույց դիտելու համար։ Այսպես, Թուրքմենստանում չի կարելի աղմկել 23.00-7.00 ընկած ժամանակահատվածում։ Արգելքին հակառակվելու դեպքում Ձեզ սպառնում է տուգանք նվազագույն աշխատավարձի հնգապատիկից տասնապատիկի չափով։ Գերմանիայում 22.00-06.00 պետք է մեռելային լռություն տիրի։ Անգամ ամենաաննշան աղմուկը կարող է հարևաններին դրդել ոստիկանություն կանչել։

Յուրաքանչյուր պետությունում գոյություն ունեն որոշակի մաքսային կանոններ։ Դրանց մի մասը կարող են անհեթեթ թվալ, սակայն, այնուամենայնիվ, ստիպված ես լինում հետևել դրանց։ Օրինակ՝ Նիգերիա չի կարելի հանքային կամ գազավորված ջուր ներկրել, ոչ էլ գարեջուր կամ ատամի մածուկ։ Ավստրալիա չի կարելի ներմուծել կաթնային մթերքներ, ձու պարունակող մթերքներ, միս ու մսամթերք, սերմեր, թարմ մրգեր ու բանջարեղեններ, հող ու ավազ, կենսանյութեր ու հում միս։ Եթե այս ցուցակից որևէ բան հայտնիվ Ձեր ճամպրուկում, ստիպված կլինեք 250-1800 ավստրալիական դոլար տուգանք մուծել։ Հնարավոր է նաև դատական քաշքշուկների մեջ ընկնեք ու անգամ ազատազրկման ենթարկվեք այս մթերքների ներմուծման պատճառով։

Եթե փողերի վրա նկարված է նավ, ապա դրանց հետ պետք է հատկապես զգույշ վարվել։ Թաիլանդում արգելված է տրորել փողերը, պատռել կամ փչացնել արժեթղթերը, որոնց վրա պատկերված է թագավորական ընտանիքը։ Եթե անգամ այդ արժեթղթերը ներկայացված են ամսագրերում կամ թերթերում, միևնույնն է, թագավորական ընտանիքի պատկերով էջերը չի կարելի պատռել։ Դեռ ավելին, եթե գումարը պահվի հետևի գրպանում, դա կարող է դիտարկվել իբրև միապետի հասցեին ուղղված վիրավորանք։
Հարկ է զգուշորեն ու խնամքով վերաբերվել ցանկացած ազգային խորհրդանիշի, այդ թվում՝ դրոշներին։ Անգամ «նյու» ոճի ֆոտոսեսիան, որում օգտագործվում է ազգային դրոշը, կարող է դիտարկվել իբրև ազգային դրոշին պղծում։ Նմանատիպ ֆոտոսեսիայի համար Մեքսիկայում երգչուհի Պաուլինա Ռուբիոն ստիպված եղավ 52 600 պեսսո տուգանք վճարել։ Իտալիայում ևս հսկայական տուգանք կարող է սպառնալ դրոշի անարգման համար։

Որոշ երկրներում Դուք կարող եք թանկ վճարել անգամ կենդանիներին կերակրելու համար։ Մասնավորապես Տանզանիայում չի կարելի կերակրել ազգային արգելոցների կենդանիներին։ Թաիլանդում արգելված է փղերին կերակրել. իշխանությունների կարծիքով՝ զբոսաշրջիկները փչացնում են կենդանիների մարսողությունը՝ տալով նրանց բանան ու շաքարեղեգ։ Բացի այդ, քաղցած հսկաները կարող են վտանգավոր դառնալ՝ պահանջելով ավելի շատ քաղցրեղեն։ Տուգանքը կազմում է 310 դոլար զբոսաշրջիկի համար և նույնքան փող՝ գումարած 6 շաբաթվա ազատազրկում կենդանիների վարժեցնողի համար։ Այնուամենայնիվ, փղապանները հաճախ այցելուներին առաջարկում են փողի դիմաց կերակրել փղերին։ Եգիպտոսում շնաձկների կողմից զբոսաշրջիկների վրա հարձակվելու դեպքերից հետո ծովի ձկների կերակրումը և ձկնորսությունն իսպառ արգելվեց։ Արգելքը խախտելու դեպքում անհատից գանձվում է 15 դոլար, իսկ նման պահվածք թույլ տված հյուրանոցից կամ ջրային կենտրոնից՝ 15 000 — 50 000 դոլար։
Վենետիկում, Ֆլորենցիայում, Ժնևում, Փարիզում, Լոնդոնում, Հելսինկիում և մի շարք այլ քաղաքներում արգելված է կերակրել կենտրոնական հրապարակների աղավնիներին։ Բանն այն է, որ նրանք հետո կեղտոտում ու փչացնում են պատմական հուշարձաններն ու շինությունները։ Վենետիկում յուրաքանչյուր հարկատու ամեն տարի պատկառելի հարկ է մուծում հուշարձանների մաքրման ու կոսմետիկ վերանորոգման համար։ Տուգանք է սահմանված նաև հանրային վայրերում արևածաղկի սերմերի օգտագործման համար։
Բազում ծովամերձ քաղաքներում արգելված է ճայերին կերակրել, քանի որ նրանց թիվը տվյալ վայրերում չափազանց մեծ է։ Այս օրենքից անտեղյակ զբոսաշրջիկը տարբեր քաղաքներում տարբեր չափերի հարկ ստիպված կլինի մուծել ճայերին կերակրելու դիմաց։