00:28 , 11 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Ջակարտացի 40-ամյա Իլհամ Անասը երիտասարդական ամսագրում հանգիստ լուսանկարիչ կաշխատեր, եթե մի հիանալի օր ընկերները չնկատեին, որ տղամարդը չափազանց նման է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային: Այդ պահից սկսած Անասի կյանքը փոխվեց, հաղորդում է Mirror-ը:
Ինդոնեզիայի համեստ բնակչի նոր կյանքը սկսվեց 2009-ին՝ Բարաք Օբամայի իշխանության գալու հետ: ԱՄՆ-ի նախագահի Ջակարտա կատարած այցից հետո շատերն ասեցին, որ Անասը ջրի երկու կաթիլի պես նման է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործչին: Տղամարդը որոշել է, որ այդ նմանությունից կարող է իր օգուտը քաղել: Նա սկսեց պտտվել աշխարհով մեկ՝ տարբեր ժամանցային արարողություններում նմանակելով ԱՄՆ-ի նախագահին: Վաստակած գումարով նա Ջակարտայում տուն կառուցեց և երեխաներին սովորելու ուղարկեց:
Ընդ որում, տղամարդը շարունակում է որպես լուսանկարիչ աշխատել: Նա ասում է, որ իրեն անընդհատ ճանաչում են փողոցներում և օդանավակայաններում:
Տղամարդը փորձում է իրեն այնպես պահել, որպեսզի չվնասի ԱՄՆ-ի նախագահի հեղինակությանը:
«Ես ինձ շատ զգույշ եմ պահում, կարելի է ասել՝ վախեցած: Առաջին հերթին՝ աշխարհում շատ հոգեկան հիվանդներ կան, որոնց դուր չի գալիս Օբաման, ես անընդհատ վախենում եմ հարձակումներից: Երկրորդը՝ ես փորձում եմ ինձ արժանի պահեմ, որպեսզի իմ պատճառով նրա կարիերան չփչացնեմ»,- ասում է Ջակարտայի բնակիչը: