Քաղաքապետարանը խոչընդոտում է «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի գործունեությունը


16:26 , 10 դեկտեմբեր, 2014

2014 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ին պատկանող Երևան քաղաքի Մաշտոցի 18/50 հասցեում գտնվող ֆիրմային խանութ ժամանեցին մի խումբ անձինք, որոնցից մեկը ներկայացավ քաղաքապետարանի ՓԲԸ-ի պետ, իսկ մյուսը` Երևանի Կենտրոն վարչական շրջանի առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ: Վերջիններս, չներկայացնելով որևէ փաստաթուղթ (որոշում,արձանագրություն և այլն), իրենց հետ ժամանած անձանց միջոցով՝ տեխնիկայի գործադրմամբ, ապօրինաբար ապամոնտաժեցին ընկերության անվանմամբ հայերեն և անգլերեն գրառումներով ցուցանակները: 
Քաղաքապետարանի ներկայացուցիչների ապօրինի գործողությունների կապակցությամբ ժամը 15:09-ին զանգահարել ենք ոստիկանություն: Մինչ ոստիկանության աշխատակիցների ներկայանալը քաղաքապետարանի ներկայացուցիչները հապճեպ լքել էին տարածքը: 
Ոստիկանության աշխատակիցները, ներկայանալով Երևան քաղաքի Մաշտոցի 18/50 հասցե, դեպքի կապակցությամբ կազմել են համապատասխան արձանագրություն:
«ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ լրատվական ծառայություն