ԲՀԿ-ի դրոշի ներքո


14:46 , 10 դեկտեմբեր, 2014

Ընդդիմադիր «Եռյակում» տարաձայնություններն ու անջատողականությունը գնալով ստանում են ավելի բացահայտ բնույթ և կարծես զարգանում են ձնագնդիկի էֆեկտով:

Օրերս տեղի ունեցավ Համաժողովրդական-ԲՀԿ-ական շարժման գրասենյակների պատասխանատուների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ: Այս հանդիպումն առաջին հայացքից աչքի է ընկնում նրանով, որ տեսանյութերում միայն ԲՀԿ-ական կուսակցականներ են, Ծառուկյանը նիստը վարում է միայնակ, ինչը տարօրինակ էր՝ հաշվի առնելով եռյակային մյուս երկու ուժերի բացակայությունը:
Այս հանդիպումն ավելի շատ հիշեցնում է ոչ թե համաժողովրդական ակտիվի, այլ ԲՀԿ հերթական հերթապահ հանդիպում՝ կուսակցության ղեկավարի հետ, առավել ևս, որ տեղի է ունեցել ԲՀԿ-ի «մայր-գրասենյակում»:
Բազմաթիվ են ԲՀԿ-ի՝ «Եռյակի» ներսում վարած քաղաքականության վերաբերյալ հարցերն ու պարադոքսները: Նախ, նշենք այն պարզ ու հասարակ պնդումը, որ հանդիպման անվանական ձևակերպումն արդեն բևեռացնում է ընդհանրականության գաղափարը: Հանդիպմանը ներկա չեն եղել «Եռյակի» մյուս երկու ուժերը: Ըստ էության, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» ոչ միայն անպայման պետք է տեղյակ լինեին այդ հանդիպումից, այլև ծանոթանային աշխատանքների ընթացքին ու տեղեկանային կատարվելիք քայլերի մասին:
Բացի այդ, պլենումին ներկա չեն եղել նաև ԲՀԿ «քույր-կուսակցությունները» և «արբանյակ-միավորումները»:
ԲՀԿ-ի կողմից տարվող սեպարատ և դեսպոտ քաղաքական կուրսի առավել ցայտուն ու վիզուալ օրինակ է, երբ ժողովրդի հետ հանդիպումները տեղի են ունենում ԲՀԿ-ի դրոշի և կուսակցության ղեկավարի նկարի ներքո: Այս փաստն արդեն իսկ խոսում է «Եռյակի» երանգավորվածության մասին:
Վերոնշյալ փաստարկումները վերջնական տեսք են ստանում, երբ այս ամենի ֆոնին գումարվում է «Եռյակի» ֆինանսական քաղաքականությունը: Ակնհայտ է, որ ընդդիմության ցանկացած նախաձեռնություն ֆինանասավորվում է մի կետից ու որոշումների կիրառումը փորձում է կիրառել ինքնուրույն:
Տպավորություն է ստեղծվում, որ «Եռյակը» ԲՀԿ-ին լիազորել է ընդհանուր քաղաքականությունը վարելու համար: