Այսօր դերասանի կողմնակի աշխատանքից տուժում է թատրոնը. Վիգեն Ստեփանյան


12:04 , 10 դեկտեմբեր, 2014

Life.panorama.am-ը գրում է․

Այսօր դերասանի կողմնակի աշխատանքից տուժում է թատրոնը. Վիգեն Ստեփանյան

Արվեստում խնդիրները տարաբնույթ են. ֆինանսական, ճաշակի, հնարավորությունների. Life.Panorama.am-ի այսօրվա զրուցակիցը կյանքի մեծ ու բովանդակալից ուղի ունի անցած, նրան գիտեն, ճանաչում  են բոլորը, այդ պատճառով զերծ կմնամ նրան երկար-բարակ ներկայացնելուց…

Վիգեն Ստեփանյան. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ-ռեժիսոր, սցենարիստ, երբեմն նաև դերասան…

-Պարոն Ստեփանյան, դուք հանդես եք գալիս և՛ որպես դերասան, և՛ որպես ռեժիսոր, երբեմն՝ որպես սցենարիստ: Երեքը մեկում դժվար չէ՞:

- Գիտեք, երբ ես բեմադրում եմ իմ գրած պիեսը, այդ երկուսն իրար հրաշալի օգնում են: Դա կարող են վկայել Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները, որոնց հետ չորս ներկայացում եմ բեմադրել՝  իմ իսկ գրած պիեսներով։ Որպես դերասան բեմ դուրս չեմ գալիս (բացառություն՝ Լիր արքա): Եթե պետք է ներկայանամ բեմում, ապա նախընտրում եմ, որ տվյալ պիեսի հեղինակն ու բեմադրիչը ես չլինեմ… Թեև, նման փորձ ունեցել եմ:

-Նախկինում ձեզ, որպես դերասան, հանդիպեցինք նաև սերիալում: Եվ հաճելի էր, և զարմանալի: Այսօր ինչո՞ւ ձեզ չենք տեսնում այնտեղ:

- Որովհետև նախկինում սերիալներին լուրջ էին վերաբերում։ Գնալով լրջությունը փոխվեց այլ նպատակներով։ Դա իմը չէ... Բազմիցս ասել եմ, կնկարահանվեմ միայն այն դեպքում, երբ կկարդամ սցենարն ամբողջությամ, կողքիս կլինեն լավ խաղընկերներ և պրոֆեսսիոնալ ռեժիսորներ ու օպերատորներ։

-Իսկ ինքներդ երբևիցե ձեռնամուխ կլինե՞ք սերիալի նկարահանման:

- Ոչ մի դեպքում, դա իմը չէ։ Հատկապես մեր սերիալներում պետք չէ ռեժիսուրա, արագություն է պետք: Որքան շուտ նկարեն, այդքան լավ… Սերիալում որակ փնտրելն անիմաստ գործ է։

-Ինչո՞ւ թատրոնն այսօր չի կարողանում դերասանին պահել, ֆինանսական միջոցներ չունի՞: Որքան նկատել եմ, մարդիկ հետաքրքրված են թատրոնով ու հանդիսատեսի պակաս այնքան էլ չկա:

- Դա ավելի քան լուրջ հարց է։ Պետական աջակցությունը կա, վերջերս բարձրացավ աշխատավարձը: Բայց արդյո՞ք դա բավարար է… Դրա համար էլ դերասանը նախըտրում է սերիալներում նկարվել, ձայնագրություններ անել... Բայց գիտեք, մենք էլ ժամանակին նկարվում էինք, ձայնագրվում, բայց դա երբեք ի վնաս թատրոնի չէր լինում: Այսօր դերասանի կողմնակի աշխատանքից տուժում է թատրոնը: Այ դա է ցավալին։

-Ի՞նչն է պատճառը, որ թեև լավ  ներկայացումներ, կարողանում ենք բեմադրել, որոշ փառատոնների մասնակցել, բայց՝ հազվադեպ: Իսկ հետաքրքիր, դասական ֆիլմերը գրեթե  բացառություններ են:

- Կարծում եմ պատասխանը պարզ է. անհրաժեշտ գումարի բացակայություն, որը թույլ կտար որակյալ գործ անել։ Պ.Պրոշյանի «Հացի խնդիրը», որը պատիվ ունեցա բեմադրել Համազգային թատրոնում՝ Սոս Սարգսյանի հետ միասին, բեմ չէր բարձրանա, եթե չլիներ «Գրանդ քենդի» ընկերությունը, որը բոլոր ծախսերը վերցրեց իր վրա։ Առանց նյութական օժանդակության գրեթե անհնարին է որակյալ գործ բեմադրել։

-Ըստ ձեզ՝ այսօրվա հանդիսատեսը «հագեցա՞ծ» է հոգևոր սնունդով:

- Նայած ում և ինչ որակի «սննդի» մասին է խոսքը...Եթե զավեշտի մասին է, ինձ թվում է՝ խնդիր չկա. կինոկատակերգությունները մեզանում չեն պակասում։ Եթե մարդիկ այդպիսի ֆիլմերի տոմսերը վայրկյանների ընթացքում տանում են, արվեստի որակի հետ կապված հարցերը դառնում են անկերևոր: Այստեղ չափանիշը դրամն է և ոչ թե արվեստը։ Կոպիտ ասած՝ բնակչությունը ճաշակում է այն, ինչ նրան մատուցում են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ