10:24 , 10 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Մոսկվայի Բասմանի դատարանը կքննի հայ գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Հիշեցնենք, որ Լ. Հայրապետյանը ձերբակալվել էր հուլիսի 15-ին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Նա մեղադրվում է «Բաշնեֆտ» ընկերության սեփականաշնորհման գործով հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի վատնման և լվացման մեջ: Գործարարի ձերբակալման համար հիմք էին ծառայել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքները: Վերջինս ցմահ բանտարկություն է կրում մի շարք առանձնակի ծանր հանցագործությունների համար։
Սեպտեմբերի 16-ին գործով ձերբակալվել էր ռուսական «Սիստեմա» ընկերության հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ և 60 տոկոսի բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը, որի նկատմամբ տնային կալանք էր սահմանվել: Հետաքննությունը նրան կասկածում է փողերի լվացման մեջ՝ «Սիստեմա»-ի կողմից վառելիքաէներգետիկ «Բաշնեֆտ» ընկերության գնման ժամանակ: Հուլիսին քրեական գործ է հարուցվել «Բաշնեֆտ»-ի նախկին տնօրեն Ուրալ Ռահիմովի դեմ, որը մեղադրվում է ընկերության վաճառքի ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման մեջ: Հետաքննության համաձայն՝ Եվտուշենկովը մասնակից է եղել այդ եկամուտների օրինականացմանը:
Հոկտեմբերի 3-ին առողջական վիճակի պատճառով Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվել է տնային կալանքը: