«Հայկական ժամանակ». ՌԴ–ից 0 դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի


08:52 , 10 դեկտեմբեր, 2014

««Հայաստան» համահայկական հիմնադրամի լրատվական ծառայությունից երեկ մեզ փոխանցեցին, որ հիմնադրամի կողմից Մոսկվայում կազմակերպվող ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը այս տարի տեղի չի ունենալու։ «Պատճառը Ռուսաստանի Դաշնությունում տիրող հայտնի վիճակն է»,- այսպես բացատրեցին հիմնադրամից ավանդական միջոցառման չկայանալը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում սա առաջին նման դեպքն է։

Ճիշտ է, ճաշկերույթ անցյալ տարի էլ, որպես այդպիսին չէր կազմակերպվել, բայց Մոսկվայում Հայոց առաջնորդանիստ սուրբ Պայծառակերպություն հայկական եկեղեցու բացման օրը (սեպտեմբերի 17) Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հասցրել էին «ոտքի վրա» պայմանավորվածություններ ձեռք բերել ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ և արդյունքում՝ միայն ՌԴ-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամին անցյալ տարի փոխանցվեց 12 միլիոն 350 հազար դոլար: Հիշեցնենք, որ այս տարի Լոս Անջելեսում անցկացվող ամենամյա հեռուստամարաթոնի և եվրոպական մի շարք երկրներում անցկացվող տելեթոնների ժամանակ հավաքվել է 12 միլիոն 399 հազար 550 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում, ևս 77 հազար 500 դոլարի նվիրատվություն էլ անցյալ հինգշաբթի Լիբանանում կազմակերպված ռադիոթոնի ժամանակ»,–գրում է թերթը։