06:00 , 10 դեկտեմբեր, 20141in.am–ը գրում է.

Այս տարվա հոկտեմբերին «Ամերիկայի ձայն»-ի նկարահանած «Ղարաբաղ. խաղաղ կյանք պատերազմի ուրվականների կողքին» խորագրով Արցախի մասին ֆիլմը, որտեղ ներկայացված է Արցախի կյանքը, արցախցիների դիրքորոշումը ԼՂՀ բանակցային գործընթացի վերաբերյալ, որը միևնույն ժամանակ խաղաղություն է քարոզում, մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանում։
Ցուցադրությունից հետո մինչև անգամ Ադրբեջանի ԱԳՆ-ն հիստերիա բարձրացրեց՝ նշելով, որ հաղորդումը քարոզում է ագրեսիա և անջատողականություն, որ այն ունի կողմնակալ բնույթ, հաշվի չի առնվել Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» կարծիքը: ԱԳՆ-ում, կարծում են, որ մշտապես օբյեկտիվ տեղեկություններ տարածող «Ամերիկայի ձայնը» պետք է օբյեկտիվորեն լուսաբանի փախստականների և բռնի տեղահանվածների ներկայիս վիճակը: Ադրբեջանցիներն այդ ֆիլմը որակել են որպես փախստականների իրավունքների ոտնահարում:
«Ամերիկայի ձայն»-ի տնօրեն Դեյվիդ Էնսորը, պարզվում է, ներողություն է խնդրել Ադրբեջանի դեսպանությունից՝ հայկական ծառայության կողմից «ոչ հավասարակշռված հաղորդում եթեր արձակելու մեղքն ընդունելով», հաշվի չառնելով բոլոր այն բացատրությունները, որ ֆիլմում չի եղել ագրեսիվ որևէ բան, ինչի մասին իր նամակում պնդել էր Ադրբեջանի դեսպանը։ Ի դեպ, տնօրենը ներողություն խնդրել է նրանց բողոքից մի քանի օր անց։
Փաստացի ստացվում է, որ «Ամերիկայի ձայն»-ի տնօրենն ընդունել է, որ լինելով ԱՄՆ-ի կառավարության լրատվամիջոց՝ նյութում կարող էին ներառել նաև Ադրբեջանի կարծիքը կամ խոսել նաև նրանց փախստականների մասին, բայց քաղբանտարկյալներով «հարուստ» մի երկրի դեսպանից ներողություն խնդրելը սխալ է։
Ինչևէ, դա տեղի ունեցավ և դեռ շարունակվում է։ Նրանք հիմա առիթն օգտագործում են՝ շարունակելով հայկական ծառայության վրա ճնշում գործադրել։ Որպես օրինակ՝ ամերիկյան թերթում գրված այս հոդվածը, որտեղ առաջին պարբերությունը նորից շեշտում է այդ մասին՝ «Ամերիկայի ձայնը» պարտվել է տեղեկատվական պատերազմը. չարագործությունից մինչև ավերում»։
Ի՞նչ է անում Հայաստանի ԱԳՆ-ն։ Արդյոք երբևէ լսում կամ հետևու՞մ է ադրբեջանական ծառայության հաղորդումներին, ինչու՞ են անտեսում Ադրբեջանի դեսպանատան կողմից հայկական ծառայության հաղորդումները գրաքննության ենթարկելու փաստը։ Կամ եթե կարծում են, որ հաղորդման մեջ չի եղել ագրեսիվ որևէ դրսևորում, ինչո՞ւ իրենք էլ մի նամակ չուղարկեցին «Ամերիկայի ձայն»-ի ղեկավարությանը կամ ինչո՞ւ են լռում հիմա, արդյոք ուզում են, որ հայկական կողմի վրա ճնշում բանեցվի նաև Ամերիկայո՞ւմ, այն էլ՝ դաշնային հաստատության լրատվամիջոցի վրա։