Չարենց. Ի որոնումն իմ հայ բանաստեղծի


16:28 , 28 փետրվար, 2012

Մի երկու շաբաթ առաջ ընկերուհիս զանգեց՝ թե գնում ենք Չարենից մասին ֆիլմ նայելու, քեզ տոմս վերցնե՞նք։ Հրաժարվեցի, թեև շատ էի ուզում ֆիլմը նայել, ու գովազդային թերթիկն էլ ունեի ձեռքիս։ Ֆիլմն ընդամենը մեկանգամյա ցուցադրման էր՝ ամսի 25–ին, կիրակի, ժամը 4։30. ինձ համար ամենաանհարմար օրն ու ժամը կինո գնալու։


Կիրակին շաբաթվա միակ օրն է որևէ ամբողջօրյա հանգիստ կազմակերպելու համար, հատկապես երեխաների առումով, և զրկել նրանց իմ անձնական վայելքի համար, չէի ուզում։ Այդպես էլ պլանավորել էի այդ կիրակին անցկացնել Australian Reptile Park–ում – Սիդնեյից մեկուկես ժամ հեռավորության վրա գտնվող արգելոց, և զարթուցիչս արթնացրեց առավոտյան 7–ին։ Արթնացա՝ կոկորդս և թիկունքս՝ ամբողջ ցավ, ջերմությունս՝ 7.7, ու ջախջախված քնեցի նորից։ Մինչև կեսօր։ Կեսօրին, վատառողջ, թափառում էի տան մեջ՝ զանազան մանրմունր գործերով, հիշեցի ֆիլմի մասին։ Վստահ չէի, թե որ կիրակին էր, ընթացիկ թղթերի զամբյուղակիս մեջ /այդպիսի զամբյուղ էլ ունեմ :))/ գտա գովազդային թերթիկն ու հաճույքով հաստատեցի, որ ֆիլմը, կարծես, վիճակված էր դիտել։ 2–ի կողմերն էր, զանգեցի թերթիկի հեռախոսահամարներից մեկով և խնդրեցի տոմս։ Բոլոր տոմսերը սպառված են շաբաթներ առաջ, պաատսխանեցին։ Գուցե մի բան անե՞ք, խնդրեցի։ Խոստացան կես ժամից հետ զանգել։ Զանգում են՝ չէ, ցավում ենք, բացարձակապես սպառված են, բոլոր 250 տոմսերը, և դուք միակը չեք, որ խնդրում եք։ Գիտեք ինչ, առաջարկում եմ, իսկ եթե ես գամ կինոթատրոն, ու եթե որևէ մեկը եկած չլինի (ոնց էլ լինի 250–ից մեկը եկած չի լինի), ես վճարեմ ու նստեմ, կլինի՞։ Տատանվում են.  գիտեք, ասում է, կարող է ուշացած գան ու մենք մեզ շատ «գեշ» կզգանք, որ ստիպված ենք լինելու ձեզ հանել։ Ոչինչ, ասում եմ, ես ինձ բնավ «գեշ» չեմ զգա, երբ ինձ հանեք։ Պայմանավորվում ենք, որ կհանդիպենք դահլիճի մուտքի մոտ, և եթե ֆիլմը սկսվելուց որոշ ժամանակ հետո դեռ ազատ տեղ մնա,  կարող եմ գրավել։ Հավանականությունը մեծ չէր, որ ինչ–որ տոմսատեր կանտեսի վճարած 25$–ը և չի գա։ Բայցևայնպես, զանգում եմ ընկերուհուս ու խնդրում ճանապարհին ինձ վերցնել, որովհետև վառվում եմ ջերմության մեջ, գլուխս պտտվում է, օդն աչքերիս առաջ անկայուն տատանվում, ղեկին նստել չեմ կարող։

Դահլիճի մուտքի մոտ սպասում եմ Ռոզեթին, նա, ով ինձ խոստացել էր  «տեղավորել»։ Շուտով երևում է Ռոզեթը, և երջանիկ զուգադիպությամբ, հենց այդ պահին, մեկը հսկիչին է վերադարձնում երկու «ավելորդ» տոմս։ Անմիջապես հսկիչի ձեռքն եմ խցկում գումարն ու փախցնում տոմսը։

Երբ ֆիլմը սկսվեց, դահլիճում իսկապես էլ ազատ տեղ չկար, անգամ ամենաառաջին՝ էկրանի տակի տեղերը լրիվ զբաղված էին։ Եվ ես, ջերմությանս մեջ իրականության կիսաընկալմամբ, տեղափոխվեցի հարավաֆրիկացի ռեժիսորի զգույշ ու նուրբ, գեղեցիկ ու պոեզիայի պես առինքնող չարենցյան աշխարհը…

Շարունակությունն` այստեղ