Մի ճամպրուկ ճակատագիր


10:59 , 9 դեկտեմբեր, 2014

Սամվել Մկրտչյանին հրաժեշտ տալու ծանր, ինքնասույզ հոգեվիճակում նորից առիթ եղավ համոզվելու, որ անցյալից չես փախչի, անցյալը հետապնդում է ճակատագրի սև շան կերպարանքով... Դրա ոռնոցից պատռվում է երկինքը, դրա ոռնոցից սարսափում ես, թե քո մի գիրկ հողն էլ չի գտնվելու ... 
Երեկ նորից հեռվից հեռու լսեցի, ճակատագրի սև շունը մոտեցել էր շատ սիրելի մարդու, ու երևի, նա կռահել էր անցյալի ցավը... Ցավից ազատվելու, սև շան դառնատեսիլ պատկերը ջնջելու ես մի ելք ունեմ՝ գրում եմ...

ՄԻ ՃԱՄՊՐՈՒԿ ՃԱԿԱՏԱԳԻՐ 
Ինչ-որ տարեթվից սկսած՝ սկսեցի մտածել, որ իմ կյանքում ամենակարևոր իրադարձությունները կատարվում են քնած ժամանակ, իսկ ցերեկներն ուղղակի ժամանակը լցնելու համար են: 
Ինքս ինձ փրկելու ելք էի գտել՝ օրվա ընթացում խաղաղվելու համար բաց էի անում իմ փոքրիկ ճամպրուկը և պարունակությունը նորից ու նորից վայելելով զննում՝ լուսանկարներ, հին նամակներ, օրագրեր, միամիտ մաղթանքներով բացիկներ, հուշանվերներ, ամենասիրելի մի քանի գրքեր՝ էջերի մեջ չորացրած ծաղիկներ, հին թերթեր, երջանիկ ժամանակներից մնացած օծանելիքի սիրուն սրվակներ, գրիչներ՝ սովետա-դպրոցական տարիներից… Տեղ գնալիս ճամպրուկիս պարունակությունը ավելանում էր կանացի արդուզարդի մի քանի անհրաժեշտ պարագաներով և հագուստով: Գումարած, իհարկե, նոթբուքը: Ղովտի կնոջ նման անընդհատ ետ նայող մեկին միանգամայն վայել ունեցվածք… 
Ամեն օր արթնանում էի մղձավանջային երազի մեջ, այնքան խառնիխուռն, այնքան սուր զգայություններով և զգացողություններով առլեցուն, որ ստիպված ամեն ինչ թողած՝ երազագիտությամբ էի զբաղվում: Խորանում էի երազների լուրջ տեսությունների մեջ, հույսս կտրած՝ թերթում տարբեր ազգերի ու հեղինակների պարզունակ ու խրթին երազահանները: Համենայն դեպս, ամեն առավոտ երազներս ջրին էի հանձնում. մեր տան բոլոր ծորակները անգիր գիտեին իմ երազների ծվենները՝ այն, ինչ հաջողվում էր ձևակերպել, որովհետև իմ երազները անպատմելի էին իրականում՝ դրանք ձևի ու բովանդակության անվերջ փոխակերպությունների հոսք էին, որոնցից ես մեծ ճիգով հազիվ որսում էի դրվագներ: Հաճախադեպ կերպարներից մեկը սև շունն էր, որ մեկ վիթխարի էր՝ Բասկերվիլի շան պես, մեկ փոքրիկ, համարյա փայփայելի շնիկ: 
Փողոցում շուն տեսնելիս՝ խուսափում էի նայել, որովհետև կարծում էի, թե պիտի ճանաչեն ինձ՝ երազներիս շներից պիտի լինեն և մոտենան: 
Այդպես մի օր տանից դուրս գալիս տեսա ուղիղ շեմքին նստած շանը: Ուղիղ երեսիս էր նայում, մի կողմ քաշվեց , որ անցնեմ, իսկ ինքը շարունակեց մնալ նստած: Երբ վերադարձա ՝ չկար, թեթևացած շունչ քաշեցի, բայց հետևյալ առավոտ շունը նորից իր տեղում էր: Այդպես շարունակվեց չեմ հիշում՝ որքան ժամանակ: Ես զանգեցի հատուկ ծառայություն, որ թափառող շներին կացարան է տրամադրում, խնամում: Բայց նրանք քանի անգամ եկան՝ այդպես էլ շանը չհանդիպեցին: Խոստովանեմ՜ զանգեցի նաև թափառող շներին սատկացնողներին: Շան վրա կրակելու հաճույքից խիստ խանդավառված տղամարդուն, սակայն, նույնպես բախտը չժպտաց. շունը դարձյալ չերևաց: Տունս վաճառելու հայտարարություն տարածելուց հետո կանխավայելում էի, թե ոնց կազատվեմ շանից: Գնորդն արագ գտնվեց, և ես տեղափոխվեցի քաղաքի ծայրամաս: Վարձով տանը առաջին գիշերն աներազ անցավ, և ես մտածեցի, թե ճիշտ տուն եմ ընտրրել: Սակայն երբ առավոտյան դուռը բացելուն պես՝ տեսա շանը, ինքս շան նման ուզում էի ոռնալ: Հոգեբանի հետ խորհրդակցեցի. երբ եզրակացրեց, թե փոքր ժամանակ երազել եմ շուն պահել, ու ծնողներս չեն թողել՝ հասկացա, որ հոգեբանության դասերից փախած մեկն է: Հավաքեցի համարձակությունս ու գնացի քաղաքի լավագույն հոգեբույժի մոտ: Նա ընդհանրապես մեղքս եկավ. նրա կռահումները և խորհուրդները լսելիս՝ համակվեցի մի բանով օգնելու ցանկությամբ և ավելի լավ բան չգտնելով՝ դուրս գալիս բարեմտորեն առաջարկեցի անանուխով թեյ խմել և հաղթահարել խորացված ապրումակցության վիճակները: 
Պրպտեցի-գտա բոլոր հայտնի բախտագուշակներին՝ խիրոմանտիայի գիտակ հռչակվածներին, աստղագուշակներին, սուրճի բաժակ նայողներին: «Դու պետք է այդ շանը բերես տուն, սիրես, խնամես» դատավճռի նման հնչած գուշակուհու խոսքերից մեռնելս եկավ: Խելքին մոտ թվաց էքստրասենս տղամարդու առաջարկը՝ ամուսնացիր, և քո տղամարդը այդ շան հախից կգա, հնարավոր է նույնիսկ՝ շունն ինքնակամ հեռանա, որովհետև շունը զգում է միայնակ կնոջ խոցելիությունը: Քանի որ ես բոլոր երկրպագուներիս ծանոթացրել-ամուսնացրել էի ընկերուհիներիս հետ, մտաբերեցի միակին, որ դեռ շարունակում էր ինձ նամակներ գրել, ճիշտ է՝ հեռախոսով: Նա վաղուց ապրում էր ուրիշ երկրում, ես անգամ չգիտեի՝ ամուսնացել է արդյոք, թե ազատ է: Ես պարզապես գրեցի՝ արի: Նա առանց պատասխանելու հաջորդ օրը զանգեց և հարցրեց տանս տեղը: Նա չէր հավատում իր երջանկությանը, գլուխը կորցրած՝ ասում էր, որ երեք անգամ ամուսնացել է տարբեր ազգերի կանանց հետ , որ ինչ-ինչ նմանություն են ունեցել ինձ, բայց հետու հեռացել է, երբ համոզվել է՝ նմանությունները ավելի ու ավելի քիչ են թվացել: Ասում էր՝ երբեք հույսը չի կորցրել, որ մի օր կգնահատեմ իր սերը: Ես անընդհատ մոտենում էի դռանը ու դիտանցքից թաքուն նայում՝ շունը կա, թե ոչ: Չկար, և ես իսկապես երջանիկ էի: Այնքան, որ պատանության տարիների իմ ծերացող երկրպագուն ինձ նախատում էր այդքան տարի իր հանդեպ սերս չարտահայտելու համար. չգիտեր, որ ուրախությունից և երախտագիտությունից եմ իրեն գրկում ու համբուրում: Նա գնալով ինձ թվում էր միակ տղամարդը, ում հետ այս հրճվալից գիշերվան սպասելով արժեր մի կյանք մենակ մնալ: Որևէ պատրվակով անընդհատ մոտենում նայում էի՝ շունը չկար: 
Առավոտյան, սակայն, արթնացանք շան ոռնոցից: Երբ նա կիսավարտիքով վազեց ու բաց արեց դուռը՝ շունը բռնեց նրա ոտքը և ազդրամսի մի մեծ կտոր բերանին ՝ շենքից դուրս փախավ: Տղամարդը, որ գիշերը երջանկությունից լաց էր լինում, մղկտում էր ցավից: Շտապ օգնությունը նրան տեղափոխեց հիվանդանոց: Անհրաժեշտ եղավ տևական բուժում՝ վիրահատություն և ապաքինման երկար շրջան: Չգիտեմ՝ ինչ կատարվեց, բայց երբ այցելում էի, նա հարցնում էր միայն շան մասին, և ես սկսեցի ավելի քիչ գնալ հիվանդանոց: Մինչ նա ոտքի կկանգներ՝ ես ուրիշ վարձով տուն գտա և իմ միակ ունեցվածքը՝ ճամպրուկս վերցրած՝ տեղափոխվեցի, չմոռանալով փոխել նաև հեռախոսահամարս: Մի քանի օրից կայքերից մեկում կարդացի, որ քաղաքի ամենաբարձր կամրջից իրեն ցած է նետել անձը չպարզված միջին տարիքի մի տղամարդ, և տարօրինակն այն է եղել, որ ոստիկանները ու փրկարարները տեսել են, թե ինչպես է արդեն շունչը փչած տղամարդուն բառացիորեն հոշոտում մի կատաղի շուն: Որ նրանց տեսնելուն պես՝ անհետացել է: Չնայած ինձ կարող էին կասկածել ինքնասպանության դրդելու մեջ, բայց ես գնացի ոստիկանություն և ամեն տեղ, որ կազմակերպեմ նրա հուղարկավորումը: Ոչ ոք հարկ չհամարեց ինձ ավելորդ հարց տալ՝ ես այնքան տանջված ու հուսաբեկ տեսք ունեի: 
Արդեն վճիռ ունեի՝ տունը վարձել էի մեկ շաբաթով: Առաջին օրը գրեթե վստահ, որ շունը էստեղ կլինի՝ բաց արեցի դուռը: Շունը չկար: Ոգևորված քնեցի, բայց կեսգիշերին արթնացա ցավից. թևերիս, ոտքերիս, կրծքիս՝ ամբողջ մարմնիս թարմ վերքի պես ցավ էի զգում: Լույսը վառեցի՝ համոզված, որ շան կծած տեղեր եմ տեսնելու: Սակայն իրական ցավը մարմիս վրա արտացոլված չէր՝ որ մի հետք, ոչ մի քերծվածք չկար: Անհայտ ճանապարհից առաջ ճամպրուկս նորից ու նորից դասավորում ու տնտղում էի: Հատուկենտ ծանոթ-մտերիմներիս ասացի, որ մեկնում եմ ուրիշ երկիր՝ շատ հեռավոր արևելք: Օդանավակայանից մեկնեցի բոլորովին ուրիշ մայրցամաք: Ճամպրուկս առած՝ ճամփորդեցի նաև գնացքով, նավով, ավտոբուսներով, ոտքով… 
Ես վայելեցի ազատության և աներազ գիշերների օրեր ու շաբաթներ: Այնքան անշուն, որ ճամպրուկս բաց անելու միտք ու ժամանակ չէի ունենում: Ես ծանոթանում էի նորանոր մարդկանց ու ազգերի հետ, ճաշակում նրանց ուտեստները, ըմպում խմիչքները, լուսանկարում տեսարժան վայրերը: Ես սովորում էի Բաբելոնի լեզուներից ամենակարևորները: Ես մտերմացել էի զանազան եղանակային գոտիների ու բնության զարմանալի բազմազանության հետ, ես անգամ հավատում էի, որ սկսել եմ հասկանալ բույսերի, թռչունների ու կենդանիների լեզուն: Քարերի ու քամիների լեզուն, ծովերի ու անապատների լեզուն: Երկնքի ու Երկրի լեզուն: Երբ, այնուամենայնիվ, հատուկենտ երազներ սկսեցին այցելել իմ զվարթ գիշերների մեջ, մտքիս մի անկյունում բուն դրած տագնապից փնտրեցի ու իմացա երկիր-կղզու տեղը, որտեղ շան հասկացությունն անգամ չկար: 
Երբ նավամատույցում էի, ռելիեֆային քարտեզի պես կնճռոտ երեսով ու անորսալի գույնի աչքերով մի ծերունի անհասականալի բառեր ասաց՝ հայացքը չկտրելով իմ ճամպրուկից: Նա գլուխն օրորում էր ցավակցաբար և նորից նայում ճամպրուկին: Հետո, արդեն բաց զբոսանավի մեջ, նա ձեռքը մեկնեց ու վերցրեց ճամպրուկս, և մինչ կհասցնեի ուշքի գալ՝ նետեց ծովը: Ես աղաղակում ու գոռում էի, բայց ապարդյուն: Առանց երկար-բարակ մտածելու՝ նետվեցի ջուրը… Հետո ասացին, որ ինձ արդեն ջրամույն եղած էին համարել, բայց հայտնաբերել են տախտակամածին պառկեցրած: Չնայած քաղաքակրթությունից հեռու, բոլորովին ուրիշ չափումների մեջ՝ ինքս էլ չհասկացա՝ ինչու, ձեռքս տարա ու նոթբուքս միացրեցի: Ես աչքերիս չէի հավատում. ինտերնետ կար, բայց գուգլը որոնում էր իր ուզածը... Յութուբն ինքնիրեն միանում էր, և անցյալի երգեր էին հնչում: Ինտերնետային թարգմանիչը բոլոր բառերը թարգմանում էր՝ Amor fatI …: Ծերուկը ժպտում էր, երբ ես ինքս նոութբուքը նետեցի ծովը: 
Երբ ափ հասանք, բոլորին դիմավորողներ կային; 
Ինձ նույնպես: Դիմավորողների ուշադրությունը նավից իջնողների կողմը չէր, այլ ինձ դիմավորողի՝ բնիկները մատով ցույց էին տալիս շանը, որ թաթերը դրել էր մի ճամպրուկ ճակատագրի վրա: 
……………………………………………………………………………………………………….
- Մաաաամ, մամ ջան, -տղաս հրում է ուսս,- արթնացիր, էլի վատ երազ ես տեսնում: