Տոնական զարդարանք, հուշանվերներ, քաղցրավենիք. Հյուսիսային պողոտայում ամանորյա տոնավաճառ է գործում (տեսանյութ, լուսանկարներ)


21:22 , 6 դեկտեմբեր, 2014

Տոնական զարդարանք, հուշանվերներ, քաղցրավենիք. Հյուսիսային պողոտայում ամանորյա տոնավաճառ  է գործում (տեսանյութ, լուսանկարներ)Life.panorama.am-ը գրում է.

Ամանորյա տոնավաճառ և ուրախ մթնոլորտ՝ Հյուսիսային պողոտայում: Այցելուները կարող են մեկ տեղում գտնել Ամանորին և Սուրբ Ծննդյան օրվան նվիրված խորհրդանիշեր, տոնական զարդարանք, հուշանվերներ, քաղցրավենիքի լայն տեսականի՝ հրուշակեղեն, շոկոլադ, տարբեր մրգերից պատրաստված անուշահամ չրեր, գինի և այլն: Կվաճառվեն նաև  գրքեր, բացիկներ ու այլ գրենական պիտույքներ: Այս ամենն այցելուներին կներկայացվեն Հյուսիսային պողոտայում տեղակայված յուրօրինակ տոնական տնակներում, որոնք հանդես են գալիս որպես տաղավարներ: Ամանորյա տոնավաճառի կազմակերպիչն է հայրենադարձ Պիեր Բաղդադյանը:

Ամեն ինչ սկսվեց տարիներ առաջ, երբ ծնունդով Լիբանանից, Ֆրանսիայում բնակվող Պիեր Բաղդադյանը ամանորյա տոներին եկավ Հայաստան: «Երբ նախորդ տարիներին գալիս էի Հայաստան Ամանորը նշելու, այն փոքր-ինչ մռայլ էր թվում, ուրախ կետեր քիչ կային, բդից բացի բան չէի տեսնում: Մտածեցի մի նախաձեռնությամբ հանդես գալ, որ մարդիկ ուրախանան»,-Life.panorma.am-ի հետ զրույցում ասաց Պիեր Բաղդադյանը:

Առաջին տարին նման միջոցառում կազմակերպվեց Աշտարակում 2011 թվականի դեկտեմբերին: Տոնավաճառի մեկնարկը տրվել է 3 փոքր տնակով: Պիեր Բաղդադյանի խոսքով, միջոցառումը բավական ուրախ անցավ, մարդիկ քաջալերեցին, հետևաբար որոշեց այն շարունակելի դարձնել: Հաջորդ տարի ամանորյա տոնավաճառը Երևանի քաղաքապետարանի թույլտությամբ կազմակերպվեց Երևանում: Այնուհետև նման տոնավաճառ անցկացվեց նաև 2013-ին: Ոչ միայն ապահովվեց ամանորյա տոնավաճառի շարունակելիությունը, այլև՝ ընդլայնումը: Ամեն տարի ավելանում է տնակ-տաղավարների թիվը: «Սա Եվրոպայում տարածված մշակույթ է, 300 տարվա պատմություն ունի: Մարդիկ գիտեն, որ տոնական գնումները կարող են կատարել այդ տոնավաճառում: Քանի որ մեզ մոտ գաղափարը նոր է, այդ իսկ պատճառով նման տոնավաճառում տոնական գնումներ կատարելու բաղադրիչը դեռ արմատացած չէ: Մեզ մոտ շեշտը դրվում է տոնական ուրախ մթնոլորտ ստեղծելու վրա»,-ասաց Պիեր Բաղդադյանը: Չնայած տոնավաճառը դեռ նոր է փորձում իր հաստատուն տեղն ունենալ, այդուհանդերձ գործարարները շատ մեծ ոգևորությամբ են արձագանքել և ցանկություն հայտնել մասնակցել տոնական տոնավաճառին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ