11:30 , 6 դեկտեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
ՀՀ արտգործնախարար Էդվար Նալբանդյանը Բազելում պատասխանել է լրատվամիջոցների հարցերին: Ամփոփելով ղարաբաղյան հիմնախնդրի մասով աշխատանքները նախարարական խորհրդում, նա ասել է. « Յուրաքանչյուր դեկտեմբեր ամսին ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում հայտարարություններ են ընդունվում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ։ Այս անգամ, իհարկե, պայմանները այդքան բարենպաստ չէին, որ հնգակողմ հայտարարություն ընդունվեր, և եռանախագահները որոշեցին առանձին` եռակողմ հայտարարությամբ հանդես գալ, որն արվեց պատվիրակությունների ղեկավարների մակարդակով` ՌԴ արտգործնախարար Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Քերրիի և Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետնախարար Դեզիրի կողմից: Ի՞նչ է ասվում այդ հայտարարության մեջ։ Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծում են, որ այլընտրանք չկա բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնահարցի լուծմանը: Ու՞մ է դա ուղղված. պարզ է, թե ում։ Հայաստանը նախագահի մակարդակով, տարբեր այլ մակարդակներով բազմիցս նշել է, որ, պետք է գնալ հիմնախնդրի լուծման բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով: Իրենց հայտարարության մեջ եռանախագահները հատկապես ընդգծում են, և դուք գիտեք, որ այս տարի 1994թ. մայիսին կնքված հրադադարի համաձայնագրի 20-րդ տարեդարձն է, որ պետք է հրադադարի ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկվեն: Ու՞մ է դա ուղղված: Հայաստանը և Ղարաբաղը մշտապես կողմ են արտահայտվել, որ պետք է հարգվի 1994թ.-ի համաձայնությունը, ինչպես նաև 1995թ.-ի փետրվարի հրադադարի ամրապնդման եռակողմ համաձայնագիրը, որը Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև էր ստորագրված։ Ադրբեջանն է, որ միշտ խախտում է, չի հարգում դրանք: Սա ևս մեկ առիթ էր եռանախագահների համար` ընդգծելու դրա կարևորությունը, որովհետև այս տարվա ընթացքում, ցավոք, Ադրբեջանի կողմից բավականին լայնածավալ ռազմական գործողություններ էին անցկացվում թե շփման գծում, թե Հայաստանի հետ սահմանին, սադրանքներ էին իրականացվում, որոնք բերեցին բազմաթիվ մարդկային զոհերի և իրավիճակի լուրջ սրմանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ