23:52 , 5 դեկտեմբեր, 2014
Երեկ Երևանից Ստեփանավան տանող տաքսու մեջ գերքաղաքականացված մթնոլորտ էր։ Մի կին, որ Յակուտսկից երկու օրով եկել էր թղթերը դասավորելու, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանա, ասեց. «Ախր հրաշք ա Ստեփանավանը, ես մեր քաղաքի գեղեցկությունը գնահատեցի, երբ Յակուտսկը տեսա, եթե ստեղ աշխատելու ու ապրելու հնարավորություն լիներ, երբեք չէի գնա»։ Դե, բնականաբար, սկսեցին իշխանություններից դժգոհել, որ մարդկանց թալանում են, երկիրը դատարկում են և այլն։ Մեկ էլ տաքսիստը խորհրդավոր ասում ա՝ ոչինչ, բան չմնաց, էսա կփոխվի։ Կինն ասում ա՝ էդ ո՞նց պետք ա փոխվի, որ... Էս տաքսիստը, թե. «Էսա սիրուն պերեվառոտ են անում, Ծառուկյանը գալիս ա նախագահ»։ Ասում եմ՝ ենթադրենք եկավ, բայց ի՞նչ պետք ա անի, որ Սերժը չի կարում անի»։ Ասում ա. «Ծառուկյանն էնքան հարուստ ա, որ էլ չի գողանա, համ էլ,- ասում ա,- Ծառուկյանը Լուկաշենկոյի ընկերն ա»։ Փորձում եմ մարսել էս երկու բարդ մտքերը, ասում եմ. «Ենթադրենք, որ ավելի հարուստը երկիրն ավելի քիչ կթալանի կամ չի թալանի, կարծում եք՝ Ծառուկյանը Սերժից հարուստ ա՞»։ Ասում ա՝ հա, բա ինչ ա։ «Բա Լուկաշենկոյի ընկեր լինելն ի՞նչ կապ ունի»,- հարցնում եմ։ Ասում ա. «Դե, Լուկաշենկոյի ընկերն ա, իրա նման ա, քիփ ա հետը, Լուկաշենկոն խորհուրդներ կտա, Հայաստանը կսարքի Բելառուսիայի նման երկիր»։