Օգնիր ինքդ քեզ բրոնխային ասթմայի նոպայի ժամանակ


22:25 , 5 դեկտեմբեր, 2014

Բրոնխային ասթմայի` շնչահեղձության բուժման գործում առավելագույն արդյունքի հասնելու համար և հաշվի առնելով տարբերակների բազմազանությունը, անհրաժեշտ է ձեռնարկել համալիր միջոցառումներ:

Համալիր միջոցառումների նպատակն է. հիվանդին սովորեցնել կարգավորել շնչառությունը, կանխել կամ թեթևացնել խեղդող նոպան, զարգացնել շնչառական համակարգի հավասարակշռող (կոմպենսատոր) հնարավորությունները, ազատվել հուզական լարվածությունից, բարձրացնել ֆիզիկական բեռնվածության նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը, կոփել օրգանիզմը` բարձրացնելով դրա պաշտպանական հատկությունները:

Այս առումով արդյունավետ է Ա.Ն.Ստրելնիկովայի առաջարկած շնչառական հատուկ մարզանքը, որը խորհուրդ է տրվում կատարել առավոտյան և երեկոյան, ինչպես նաև նոպայի ժամանակ: Մեթոդի էությունը շնչառական վարժությունների և շարժողական ակտիվության զուգակցումն է:

Բուժման գործընթացի հաջողությունը պայմանավորված է հիվանդի ակտիվությամբ:

Զգալով նոպայի մոտենալը, նստեք, թեքվեք առաջ, գլուխն իջեցրեք, մեջքը կորացրեք, ուսերն անշարժ են (սա անհրաժեշտ պայման է խորը շունչ առնելու ապահովման համար), ծալած արմունկներով հենվեք ծնկներին: Քթով 2-4 անգամ կտրուկ ու աղմկալի շունչ քաշեք, ինչպես հոտոտում են հոտը որոշելու համար: Այնուհետև արագորեն ուղղվեք, սակայն ոչ լրիվ չափով, մեջքը կորացրեք, արմունկները` ծնկներին, ձեռքերը` բացված վիճակում, և ոչ լայն բացված բերանով կատարեք պասիվ արտաշնշում: Վարժությունը 2-4 անգամ կրկնելուց հետո պետք է 10 վայրկյան հանգստանալ: Վարժությունները կատարել 10-15 րոպե, մինչև վիճակի թեթևացումը:

Եթե, բացի բրոնխային ասթմայից առկա են նաև միզաքարային կամ լեղաքարային հիվանդություն, օստեոխոնդրոզի սրացում, արյան բարձր ճնշում, ներգանգային կամ աչքի ճնշում, պետք է ծայրահեղ զգույշ լինել և շատ չթեքվել առաջ:

Եթե տվյալ վարժությունը անարդյունավետ է, իսկ ձեր վիճակը` ծանր, կարելի է վարժությունը կատարել նույնպես նստած վիճակում, թեքվել առաջ, մեջքը կորացնել, գլուխն ազատորեն իջեցնել (նայել հատակին), ուսերն անշարժ են, արմունկները` ծնկների վրա:

Անշարժ դիրքում քթով ներշնչման աղմկոտ ու կարճ փորձեր կատարեք: Արտաշնչեք բերանով:
Վարժությունը 2 անգամ կրկնելուց հետո մնացեք անշարժ դիրքում, մի քանի վայրկյան հանգստանալուց հետո վարժությունը կրկնեք մինչև վիճակի լավանալը:

Վարժության արդյունավետությունը զգալիորեն կբարձրանա, եթե կարողանաք որքան հնարավոր է խորը ներչնչել: Դա հնարավոր է, եթե մեջքին կապեք լայն գոտի, ներշնչում կատարելիս հենվեք այդ լայն գոտուն որովայնի գոտկային հատվածով: Հարկավոր է գոտին կապել ոչ թույլ և ոչ շատ ձիգ:

Ասթմայի նոպան դադարեցնելու նպատակով կատարեք հետևյալ վարժությունը: Նստեք, ձեռքերն առանց լարման ծալեք արմունկներում և խաչեք կրծքին` ափերը բաց: Ձեռքերը շարժեք այնպես, որ կարծեք շոյում եք ինքներդ ձեր ուսերը, միաժամանակ քթով կտրուկ ֆսսացրեք (օդն արագ ներքաշեք): Կատարեք 2-4 ներշնչում, այնուհետև 10 վայրկյան հանգստացեք, վարժությունը կրկնեք մինչև վիճակի թեթևանալը:

Սրտի իշեմիկ հիվանդությամբ, սրտի բնածին արատով, սրտամկանի ինֆարկտ տարած անձանց խորհուրդ է տրվում այս վարժությունը կատարել մյուս վարժությունները սովորելուց հետո, 2-րդ շաբաթից սկսած:

Ահա ևս մեկ վարժություն, որը նույնպես պետք է կատարել նստած. չլարելով պարանոցը` գլուխը թեքեք աջ, ապա աղմկոտ կարճ ներշնչումից հետո` ձախ, կրկնեք մի քանի անգամ: Կատարեք 2-4 ներշնչում, այնուհետև հանգստացեք 10 վայրկյան, կրկնեք վարժությունը մինչև վիճակի թեթևանալը:

Հիվանդության ծանր ընթացքի դեպքում, եթե առաջարկվող վարժությունները անարդյունավետ լինեն, անհրաժեշտ է բժշկի խորհուրդով օգտագործել ինհալատոր կամ դեղ:

Բուժական մարմնամարզությունը հզոր գործոն է, սակայն ասթմայով հիվանդներին խորհուրդ չի տրվում բարձրացնելով ձեռքերը վեր կամ տարածելով կողմ` խորը շունչ քաշել:

Ցանկալի արդյունքի հասնելու համար կարևորը կատարված վարժություններին մեծ հավատով վերաբերելն է: