21:18 , 5 դեկտեմբեր, 2014
Tert.am-ը գրում է․
Հայաստանը կարող է Եվրասիական տնտեսական տարածքի համար դառնալ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն. այսօր հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսական հարցերով կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան:
Նշելով, որ կան Լոնդոն-Նյու Յորք-Սիդնեյ-Հոնկոնգ ֆինանսական կենտրոններ, ռուս տնտեսագետը նկատեց. «Կարծում եմ, որ հատկապես նկատի ունենալով ձեր աշխարհագրական պայմանները և ձեր հարևանների մոտ բուռն ներքաղաքական վիճակը, Հայաստանի ներքաղաքական կայունության ֆոնին սա կարող է գրավիչ լինել հենց այդ՝ մոտակա երկրների համար: Բայց երբ երկիրը փոքր է, ապա ֆինանսական ներդրումների հնարավորությունները բավականաչափ մեծ չեն, իսկ եթե ձեզ մոտ ներդրված այդ գումարները ունեն հետագայում ողջ Եվրասիական տարածքում ներդրվելու հնարավորություն, ապա սա արդեն մեծ «պլյուս է»»:
Սա պատասխանն էր հարցի, թե Հայաստանի արդյունաբերողների միության կողմից կազմակերպված սեմինարին այսօր քննարկվե՞լ է նաև ԵՏՄ անդամ պետությունների հետ ընդհանուր պետական սահման չունենալու խնդիրը: Ի պատասխան՝ Տատյանա Վալովայան նաև հայտարարեց, որ ժամանակակից աշխարհում սա խնդիր չի կարող լինել, քանի որ ապագայում ԵՏՄ-ում առևտուրն ավելի ու ավելի շատ իրականացվելու է նոր ծառայությունների միջոցով: Հայաստանի՝ տարածաշրջանային ֆինանսական շուկա դառնալն էլ հենց այդ ծառայություններից մեկը կարող է լինել:
Դիտարկմանը, թե որոշ քննադատներ ասում են, թե ԵՏՄ-ի ինտեգրացիոն գործընթացը իրականում արհեստական է, նա նշեց, որ ժամանակին Եվրոպական միության ինտեգրացիոն գործընթացի մասնագետ լինելով՝ մի քանի դիսերտացիա է պաշտպանել այդ ոլորտում, բայց կարող է ասել մի բան, որ այն ինչ կատարվում էր Եվրոպական միության ներսում 1970-ական թվականներին, ապա դրանից ԵՏՄ-ն շատ հեռու է:
«Եվրոպական միության Մաքսային միության շրջանակում իրենց մոտ սկսվել էին գինու, կաթի, ձեթի պատերազմներ: Սա վկայում է միայն այն մասին, որ ինտեգրացիան ամենազարգացող գործընթացն է, չի կարելի միանգամից ամեն ինչի մասին պայմանավորվել՝ և քաղաքական և տնտեսական տեսանկյունից: Բայց ամեն անգամ, երբ առաջանում են նմանօրինակ հարցեր, պետք է նստել ու հասկանալ՝ ինչն է պատճառը: Եթե մենք տեսնում ենք, որ խնդիրը առաջացել է ինչ-որ պայմանավորվածությունների բացակայության պատճառով, ապա պետք է դրա մասին պայմանավորվել: Ներկայիս վիճակը չի վկայում ինտեգրացիայի ճգնաժամի մասին, այլ խթան է հանդիսանում հետագա զարգացմանը համար»,-ասաց նա:
Տատյանա Վալովայի մեկնաբանության ՝ ճիշտ չեն նաև այն տեղեկությունները, որ Ռուսաստանը միայն հիմա և արագ տեմպերով նախաձեռնել է Եվրասիական տնտեսական միության ստեղծումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ