19:06 , 5 դեկտեմբեր, 2014
Armlur.am-ը գրում է․
Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ հանրության իրազեկում» ծրագրի շնորհանդեսը։ Ծրագիրն իրականացրել է «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ-ն։ Կազմակերպության նախագահ Թամարա Գևորգյանը տեղեկացրեց, որ հանրապետության 5 մարզերում, Երևանում անցկացրել են ծխախոտի վնասակար ազդեցության մասին իրազեկում, վաճառակետերում կատարվել է դիտարկում՝ պարզելու համար արդյոք կիրառվում է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը։ Ըստ ՀԿ նախագահի՝ օրենքի դրույթները վաճառակետերում հիմնականում պահպանվում են, ինչը չի կարելի ասել հասարակական վայրերի մասին։ Մանկական սրճարաններում բացթողումներ չեն գրանցվել։ Բժիշկ-փորձագետ Աննա Մարտիրոսյանը, խոսելով նման արշավների մասին, նշեց, որ դրանք կանխարգելիչ բժշկության մաս են կազմում։ «Սա մի աշխատանքն է, որ տարվում է առողջ մարդու հետ, որպեսզի հետագայում չունենանք հիվանդություններ կամ հիվանդությունների երկրորդային բարդություններ։ Դա շատ կարևոր բժշկություն է, զարգացած երկրներում մեծ ֆինանսավորում է տրվում, մեծ ուշադրություն դարձվում այս հարցին։ Ուրախ եմ , որ ծրագրում ընդգրկվել են ոչ միայն ուսանողներ, այլև աշակերտներ, քանի որ նրանք հասարակության այն շերտն են, որոնց հետ աշխատանքը կունենա պտուղներ։ Մեր փոքր ազգի համար սա նաև ազգային խնդիր է, մենք իրավունք չունենք ունենալու հիվանդ հասարակություն»,- ասաց բժշկուհին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ