«Անընդհատ կոնֆլիկտ ունեի Միշել Ուելբեքի հետ». Ստյոպա Սաֆարյան


16:00 , 5 դեկտեմբեր, 2014

Esem.am-ը գրում է․

Վերլուծաբան, ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը «Տարրական մասնիկները» կարդացել է Միշել Ուելբեքի հետ կռիվ տալով: Այս մասին նա ասաց «Խորհուրդ ենտալիս հայտնիները»  նախագծի շրջանակներում կայացած գրքի քննարկմանը: 

«Կռիվը շարունակվեց մինչև վերջին էջը: Այդ իմաստով եզակի գիրք է, այսպիսի բան ինձ հետ չէր պատահել: Անընդհատ կոնֆլիկտ ունեի Միշել Ուելբեքի հետ,  փորձում էի հարմարվել անակնկալներին, բայց ամեն նոր իրավիճակում էլի բախում էի ունենում»,- յուրովի մեկնաբանեց արգելված գրականության հայտնի ստեղծագործություններից մեկը: Այս վեպն իր պրիզմայով անկացնելիս Ստյոպա Սաֆարյանին օգնության էր հասել բնագիտական կրթությունը, որի միջոցով էլ նա վերլուծել էր ստեղծագործության տարրական մասնիկները:

«Ներկա գտնվողներից յուրաքանչյուրը կարող է տարբեր կերպ ներկայացնել իր ընկալումները գրքի մասին, ինչի պատճառը գրքի բարդ ոճն է: Ընթերցողը հայտնվում է բազմաչափ տարածության մեջ: Տեսարաններն անընդհատ փոփոխվում են: Ես անընդհատ պատկերացնում էի, որ հասել եմ տարածության ինչ-որ մի գագաթի, որտեղից այն կտրուկ բեկվում է, և քո առաջ ամբողջ տեսարանը, լանդշաֆտը, մորֆոլոգիան միանգամից փոխվում է: Եվ դու, իսկապես, շատ արագ՝ մի քանի էջերի մեջ, հայտնվում ես տարածության տարբեր վայրերի, ժամանակների մեջ: Աննկարագրելի խաղ է կատարել հեղինակը տարածության և ժամանակի հետ»,- ասաց նա ու հավելեց, որ  Ուելբքը մեծագույն տաղանդ է ունեցել՝ ճշգրիտ գիտության լեզվով մարդկային կյանքը շարադրելու համար:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ ընտրելով  երկու կերպար՝ հեղինակը ցույց է տվել ոչ միայն արևմտյան քաղաքակրթության զարգացումը՝ էվոլյուցիան, այլև այն պարադիգման, որն ավելացրել է կյանքը:

Անդրադառնալով վեպի շուրջ ծավալված սկանդալային քննարկումներին՝ նա անկեղծացավ, որ կարդալիս ինքն իրեն հարցրել է՝ ինչպես կծավալվի քննարկումը: «Ինքս ինձ հարց տվեցի՝ ի՞նչ կապ ունեն պոռնո տեսարաններն էս գրքի հետ, ինչո՞ւ է դիմել էս լեզվին: Եթե հանես գրքի գիտական մասը, մնում է դա, եթե հանում էս էդ հատվածը, մնում է փիլիսոփայական մտավարժանքը: Իմ կարծիքով՝ հեղինակը չափազանց մանրակրկիտ է նկարագրել սեռական տեսարանները, որովհետև իր եզրահանգումներն էլ են էդպխիսին. գալիս է մի տարիք, երբ մարմինը սկսում է տրոհման գործընթացը: Ծերությունը տրոհում է, և փաստացի անզգայում են սեռական օրգանները»,- նկատեց վերլուծաբանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ