Ինչում են ադրբեջանցիները մեղադրում Հայաստանի հատուկ ծառայություններին


12:48 , 5 դեկտեմբեր, 2014

Երևանից հեռարձակվող և հայ-թալիշական համագործակցության լավագույն արդյունքներից մեկը հանդիսացող «Թալիշստանի ազգային հեռուստատեսությունը» զայրացրել է նաև Ադրբեջանի Ազգային Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսբեկվովին:

Բաց թողնելով Բաքվում նման դեպքերում պարբերաբար հնչող «քնարերգական» հայտնի զեղումներն առ այն, որ այս կարգի նախագծերն իբր «իրականացվում են Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից Ադրբեջանի քաղաքացի թալիշներին շփոթեցնելու համար» (դե, թալիշները, ըստ պատգամավորի, երևի մանուկ են, մեկ էլ տեսար, շփոթվեցին) և այն, որ իբր նման ծրագրերի արդյունավետությունը զրոյական է (դե, եթե զրոյական է, անհասկանալի է, թե ինչու՞ է պատգամավորն անհանգստանում), Ռ. Մուսաբեկովն անցնում է «ազգագրության» ոլորտին՝ ուղղակի կատարելով սենսացիոն հայտնագործություն:

Պարզվում է, որ 1927թ.-ից ի վեր ծնելիության և միգրացիոն ակտիվության գրեթե նույնական պայմաններում (պատգամավորը ստում է, որովհետև թալիշների շրջանում ծնելիությունն ավելի բարձր է, քանի միջին ադրբեջանականը), ի տարբերություն էթնիկ ադրբեջանցիների, թալիշների թվաքանակը տոկոսային հարաբերությամբ երեք անգամ նվազել է ոչ թե մարդահամարների ընթացքում Բաքվի էթնոկրատիական վարչակարգերի իրականացրած մեքենայությունների արդյունքում, այլ այն պատճառով, որ «թալիշները սկսել են իրենց նույնականացնել էթնիկ ադրբեջանցիների հետ»:

Պատգամավորին չի էլ հուզում այն հարցը, որ նորահայտ «էթնիկ ադրբեջանցի թալիշների» երևի հանդիպել է միայն ինքը, մինչդեռ «վերջիններիս» հենց Թալիշստանի տարածքում հանդիպելու արտասահմանցի գիտնականների բոլոր փորձերը ձախողվում են, քանի որ թալիշների շրջանում որևէ հետազոտություն անցկացնելու գիտական բոլոր հայտերը կամ այցելությունների ցանկությունները Բաքվի իշխանությունների կողմից մերժվում են ստանդարտ մեկնաբանությամբ՝ «այ բալամ, թութ ու նաս փիրիքրասնը գորոդ Բաքը, զացե՞մ Վամ փայեխաթ վ թուրուդնադասթուփնու ի ափասնը ռայոն թալըշեյ»: