11:25 , 5 դեկտեմբեր, 20141in.am-ը գրում է․

Դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Հայ ազգային կոնգրեսն ամեն տարի հանրահավաք և երթ է անցկացնում: Այս տարի նրանց են միանալու Եռյակի մյուս երկու գործընկերները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Ժառանգություն»: Վերջինս մինչ այդ նախատեսել է նաև առանձին հանրահավաքներ անցկացնել նախ Երևանում ՝ ապա Վանաձորում և Գյումրիում:
Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը «Հրապարակ» օրաթերթի հետ հարցազրույցում ասել էր, թե իրենք այլևս չեն մասնակցելու Եռյակի հանրահավաքներին և չեն մասնակցի այնքան ժամանակ, մինչև նստացույց անելու որոշում չկայացվի:
«Մեծն Տիգրան» գնդի հրամանատար, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ազատամարտիկների դաշինքը դեկտեմբերի 10-ի հանրահավաքի մասնակցության հետ կապված վերջնական որոշում չունի։ «Ռազմիկի խոսքերը միտումնավոր խեղաթյուրել են, այդպիսի բան չի ասել: Վաղը ժամը երեքին այդ մասին հայտարարություն կանենք»,- ասաց նա:
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ որոշում չեն կայացրել, առայժմ քննարկում են, վաղը ժամը 15-ին պետք է հավաքվեն ու հայտարարությամբ հանդես գան:
Ազատամարտիկ Վարդան Մալխասյանը «Առաջին լրատվական»֊-ին փոխանցեց, որ ծանոթ չէ Ռազմիկ Պետրոսյանի հայտարարությանը, և ինքը, անկախ ամեն ինչից, մասնակցելու է դեկտեմբերի 10-ի հանրահավաքին։ «Տեղյակ չեմ, ճիշտն ասած, թե ինչ է ասել, բայց ես շատ մադկանց, շատ ազատամարտիկների գիտեմ, որ մասնակցելու են: Նույնիսկ այստեղ՝ Աշտարակում, շատերն ինձ հարցնում են, թե ինչու են միջոցառումներն այդքան ուշ-ուշ լինում, բոլորն էլ ուզում են մասնակցել: Եռյակը կամ քառյակը ինչ միջոցառում էլ անեն, ես անպայման մասնակցելու եմ՝ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացվի»,- եզրափակեց Վարդան Մալխասյանը: