09:46 , 5 դեկտեմբեր, 2014Մեր հայրենակից, տնտեսագետ Նարինե Օհանյանը, ով բնակվում է Մոսկվայում և աշխատում տեղի հեղինակավոր ֆիրմաներից մեկում, ՌԴ-ի և Արևմուտքի փոխադարձ պատժամիջոցներից հետո պարբերաբար ներկայացնում է իրավիճակը ԵՏՄ դոմինանտ երկրում՝ Ռուսաստանում, որտեղ սահմանված խաղի կանոններն ու ընդհանուր վիճակն այսուհետ ամենաուղիղ ազդեցությունն ու հետևանքն են ունենում նաև Հայաստանում: Երեկ նրա հետ զրուցել ենք ՌԴ-ում հաստատված վիճակի մասին:
- Տիկին Օհանյան, մեր վերջին զրույցում ասել էիք, որ բոլորն աշխատում են ոուբլին դոլարի փոխել որպեսզի հասցնեն մարել դոլարային վարկերը: Ընդ որում, այդ ժամանակ (նոյեմբերի 6) ռուբլու արժեզրկումը տարեսկզբից 32 տոկոս էր կազմում, իսկ այսօր՝ 62 տոկոս: Հիմա ի՞նչ է կատարվում այդտեղի բանկերում ռուբլու անկման այս տեմպի տակ:
- Խոշոր մի քանի բանկեր կան, որ սահմանափակումներ են մտցրել, վախանակման մաքսիմալ չափ են սահմանել: Այսինքն՝ 1000 դոլարից ավելի չեն վաճառում: Մարդիկ այս սահմանափակումների պատճառով 1000 դոլարից ավելին չեն կարողանում գնել: Դոլարի ակնհայտ անբավարարություն է:
- Իսկ մասնավոր հիմնարկներում աշխատավարձերի կրճատում կա՞:
- Ընդհանուր գումարը չի փոխվել, այսինքն չի փոխվել ռուբլային մասով: Բայց եթե ես նախկինում ստանում էի մոտ 1300 եվրո, այս ամիս իմ աշխատավարձը ստացվեց 1000 եվրոյից քիչ: Ընդհանուր մեր եկամուտները կրճատվել են մոտ 70, 80 տոկոսով:
- Մարդիկ կարողանում են հավելյալ ծախսեր թույլ տալ թե՞ միայն հասցնում են սննդի ծախսերը հոգալ:
- Որևէ ավելորդ շքեղություն և հավելւալ ծախսեր չեն կարողանում իրենց թույլ տալ: Նախկինում շատերը Նոր տարվա տոներին գնում էին արտասահման: Դա հիմա փակված թեմա է, որևէ մեկի մտքով նման բան չի անցնում: Ռուբլին փոխել եվրոյի և ընդամենը 5 օրով արտասահմանյան որևէ երկիր հանգստանալու գնալը 2,3 ամսվա աշխատավարձ է ստացվում: Ես կարծում եմ, հիմնական տակտիկան ռուս ազգի մոտ այժմ լինելու է գոյատևելը:
- Խանութներում ի՞նչ է կատարվում, տևական ժամանակ ցուցափեղկերին դատարկություն էր, եղածն էլ թանկացել էր, նույն վիճա՞կն է, թե՞ ավելի է վատացել:
- Ամեն ինչ շարունակում է թանկանալ, միակ միտումն այն է, որ սանկցիաներից հետո անհետացած բոլոր ապրանքները հիմա նորից հայտնվել են, բայց արդեն սերբական, ալբանական, բելառուսական պիտակներով: Երեկ լեհական խնձոր եմ գնել, բեռնակիրը իջեցնում էր, հարցնում եմ սրանք ի՞նչ է, լեհակա՞ն են. նա քթի տակ ծիծաղում է։ Գիտեք, դա հակաօրինական է, չի կարելի լեհականը վաճառել: Այսինքն ընդհատակյա ճանապարհներով ինչ-որ ձևեր են գտել ու միևնույն է բերում են: Դա խոսում է այն մասին, որ ՌԴ-ի բոլոր պատժամիջոցները, որ ուղղված էին եվրոպական երկրների տնտեսական վիճակի վատացմանը այդ ամենը հասել է զրոյի, որովհետև միևնույն է, կոմերսանտները գտնում են այլ ճանապարհներ, ոչ թե ուղիղ Լեհաստանից են գնում, այլ Սերբիայի, Բելառուսի միջոցով այդ ամենը տեղափոխում են և փաստաթղթերն էլ այնպես են ձևակերուում, որ ներմուծողը չտուժի: Տուժում է միայն ռուս ազգը։