08:30 , 5 դեկտեմբեր, 2014Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Մենք հաճախ ենք մտածում և վիճում, թե ինչն է մեզ՝ հայաստանցիներիս, պակասում: Ինձ թվում է՝ մեզ պակասում են մեծ հավակնությունները: «Ինչպե՞ս,- կզարմանաք դուք,- մեզնից էլ ամբիցիոզ ա՞զգ»: Այո, անձնական ամբիցիաների պակաս մենք շունենք: Բայց խոսքս ազգի՝ որպես հավաքականության, հավակնությունների մասին է: Շատ պարզ օրինակ. 1991 թվականին հայաստանցիների մեծամասնությանը թվում էր, որ մենք կարող ենք ունենալ անկախ պետություն: Այդ՝ ազգի համար ամենամեծ հավակնությանը դեմ էին միայն կարծրացած գաղափարներով նվիրյալ կոմունիստները: Սակայն մի քանի տարում մարդիկ «համոզվեցին», որ դա հիմար հավակնություն է, «թալանչի ՀՀՇ-ականների» հորինածն է, «երկիրը ջերմուկով պահելու» դատարկ երազանք է և այլն: Հետևաբար, պետք է կա՛մ մի կերպ հարմարվել, կա՛մ փախչել երկրից: Այսօր անկախ պետություն ունենալու հավակնություններ ունեն մոտավորապես նույնոան մարդիկ, որքան 91 ին «կարծրացած կոմունիստներն» էին:
Մենք չենք հավատում մեր ուժերին: Մեզ թվում է, որ մենք Վիկտոր Համբարձումյան կամ Արամ Խաչատրյան ենք ունեցել բացառապես սովետի շնորհիվ: Իսկ Վիլյամ Սարոյան, երևի, Ամերիկայի՞ շնորհիվ: Մենք չենք հավատում, որ կարող ենք մրցունակ ապրանք արտադրել, և հենց այդ պատճառով ենք ուզում մեր «բարախլոն» վաճառել ԵՏՄ հետամնաց երկրների վրա:
Իրականում ես վստահ եմ, որ մենք կարող ենք ունենալ ոչ թե անգրագետ օլիգարխներ, այլ Բիլ Գեյթս կամ Սթիվ Ջոբս: Վերջինիս դաստիարակած հայազգի մայրը Հայաստանում ապրող մայրերից ոչնչով լավը չէր»,–գրում է թերթի խմբագիրը։