05:37 , 5 դեկտեմբեր, 2014
Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում անջատողականների հետ բախման ժամանակ զոհվել է ավելի քան 70 ոստիկան, այդ մասին հաղորդում է Կովկաս կենտրոնը։ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ներկայացուցիչը հայտնում է, որ իրենց կորուստները կազմում են 10 սպանված և 28 վիրավոր։
Չնայած դրան՝ որոշ ռուսական ԶԼՄ–ներ գրում են, որ սպանված ոստիկանների թիվը դեռևս ճշտվում է։
«Կադիրովի մարդկանց մոտից ինֆորմացիայի արտահոսքը փաստում է ավելի մեծ կորուստների մասին։ Նշվում է 70-80 մահացածների մասին»,– գրում է պարբերականը։
Միևնույն ժամանակ, որոշ տեղեկություններով, Գրոզնիում զոհվել է 10 անջատողական։ Հիմնական իրադարձությունները զարգանում են Տպագրության տան և №20 քաղաքային դպրոցի շրջանում։

Ռուսաստանի Դաշնության Քննչական ծառայությունը Գրոզնիում ոստիկանի վրա հարձակման փաստով արդեն քրեական գործ է հարուցել, հայտնում է «РИА Новости» գործակալությունը։
Չեչնիայի նախագահ Ռամզադ Կադիրովի խոսքերով՝ անջատողականները բավական լավ զինված են։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4–ին հյուսիսկովկասյան անջատողականների կայքում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ մարդիկ իրենց անվանում էին «Կովկասի Էմիրություն» խմբավորման անդամներ և իրենց վրա էին վերցնում Գրոզնիի վրա կատարված հարձակման պատասխանատվությունը։ Տեսանյութում ասվում է նաև, որ իրենք գործում են Համզաթ ամիրի հրամանով (Դոկու Ումարովի մերձավորներից):









