02:40 , 5 դեկտեմբեր, 2014
Բազում կարծիքներ եմ կարդացել ՖԲ-ում այս կես տարում ԵՏՄ մտնելու դեմ։ Հարյուր կարծիք դեմ է մեր այնտեղ մտնելուն, իսկ ընդամենը մեկ կամ երկու կարծիք կգտնենք, ովքեր կողմ են ԵՏՄ մտնելուն։ Ոչ մեկն այս իմ մոտավոր վիճակագրությանը դեմ բան ասել հազիվ թե կարողանա։ Ասածս համարյա չոր փաստ է։
Բոլորդ, շատ աննշան բացառություններով, իհարկե, ձեզ ներկայացնում եք որպես դեմոկրատական հայացքների կրողներ։ Հավատում եմ, ձեր մեջ ընդամենը մեկ կամ երկու հոգի կա, որ երդվյալ միապետական հայացքներ ունի։ Սա նմանապես չոր փաստ է։
Երբևէ դուք ձեր այդքան երդվյալ դեմոկրատ տեղով մտածե՞լ եք, թե այդ ԵՏՄ մտնել–չմտնելու մասին ինչ կարծիքի է Հայաստանի բնակչության մեծամասնությունը։ Այդքան դեմոկրատ–դեմոկրատ որ հայհոյում եք Ռուսաստանին, լավ եք անում։ Տեղին եք հայհոյում։ Ելնելով ձեր ունեցած ինքնագնահատականից, ըստ որի, իհարկե, դուք բարձրագույն բանականության կրողներ եք ու ոչ մի առնչություն չունեք Հայաստանի հասարակ հողագործի, հասարակ բանվորի ու հասարակ թոշակառուի հետ, ովքեր, ըստ ձեզ, խարխափում են միջնադարի խավարում և այս աշխարհից բացարձակապես անտեղյակ են ու անհասկացող-անհասկացող ռուսասիրությամբ են տառապում։
Հլա մի հատ գնացեք գյուղերը, հարցրեք մարդկանց կարծիքը, դեմոկրատի լայնասրտությամբ մի լավ, ներկայացուցչական հարցում անցկացրեք ու հարցրեք Հայաստանի բնակչության կարծիքը։ Նրանք դեպի ու՞ր են ուզում, որ գնա իրենց եկիրը։ Գուցե ուզում են, որ երկիրը գնա դեպի Լուսին կամ Չինաստան։
Բա այդքան դեմոկրատ ու ոչ մեկդ ոչ մի հղում չարե՞ց մեր բնակչության գերակշիռ մասի կարծիքի վրա։ Տենց դեմոկրատ ո՞նց կլինի, այ հարգելի դեմոկրատ ինտելեկտուալներ։
Սրանից մի երկու երեք տարի առաջ, որ երբեմն հակառուսական բաներ էի գրում, շատերդ բերանիս գալիս էիք, երևի այս տիրույթում միակն էի, որ նման բաներ էի գրում։ Այդ ի՞նչ փոխվեց այս երկու տարում, որ բոլորդ վառ արտահայտված հակառուս դարձաք։ Համոզված եմ, որ Ուկրաինայի սիրուց չեք տոչորվում ու գնում ինքնազոհողության` հանուն այդ երկրի։
Վստահ եմ, որ այնքան խելք ունեք ու այնքան դեմոկրատ եք, որ ճիշտ կհասկանաք այս ասածիս իմաստը, կփորձեք իմաստալից պատասխան գրել և ձեզանից շատերի մոտ տարածված սովորությամբ այս զուտ մեթոդաբանական դիտողությունս այլ կերպ չեք մեկնաբանի։