01:27 , 5 դեկտեմբեր, 2014
Էսօր տղայիս ԱԺ մուտքի մոտ համոզում էինք գոռալ «Ազատ, անկախ Հայաստան», ոչ մի կերպ չհամոզվեց, հազար անգամ խնդրեցի, հազար անգամ պնդեց նույնը. «Ազատ չի»։
Շատ անզուսպ էր, հա փորձեր էր անում փողոցի բանուկ հատվածն անցնելու, ոստիկաններն էլ բնականաբար զբաղված էին նրանով, որ դա թույլ չտան, ես էլ շատ խիստ տոնով ասեցի. «Եթե շարունակես չարություն անել, ոստիկանները քեզ կբռնեն, կտանեն»։ Ոստիկաններին դա շատ վիրավորեց, իբր էլ հեչ անչափահաս բերման չեն ենթարկել։ Մեկը նեղացած ինչ-որ բաներ էր քրթմնջում, ես էլ ցանկացա շտկել իրավիճակը, ասեցի՝ դե թողեք վախացնեմ մի քիչ, կարգի հրավիրեմ, ասեց՝ ձեզանով վախացրեք։)))
Ազատ-անկախ Հայաստան չէր գոռում, բայց հեռվից վազելով գալիս էր, խփվում ԱԺ-ի դռանը, որ մարմնի ծանրությամբ բացի դուռը, ներխուժի ԱԺ (տեսնես ի՞նչ էր անելու)։ Ու չնայած ոստիկաններն իրան շատ սիրեցին, չէին խոչընդոտում, մի բան էլ օգնում էին ցուցադրել իշխանության ձգտումը, բայց ինքը ոչ մի կերպ չկաշառվեց. նրանք իրան անկեղծորեն ժպտում էին, ինքը նրանց լեզու էր ցույց տալիս։ Սովորաբար ախր սենց անդաստիարակ չի ու շատ մարդամոտ ա։)
Իսկ վերջում, երբ տղաս հոգնել ու քնել էր մեր ձեռքերի վրա, մենք էլ Ակադեմիայի աստիճաններին տխուր ու շվարած նստած՝ սպասում էինք, որ Ստեփանավանի տաքսին գա, վերցնի մեզ, հանկարծ տեսանք, որ բոլորովին ուրիշ կողմից (ոչ ԱԺ-ի) մի երիտասարդ ոստիկան վազում է դեպի մեզ։ Եկավ, հարցրեց՝ հո բան չի՞ պատահել երեխային, շտապօգնություն կանչել պետք չի՞, հաստա՞տ չենք զգում օգնության կարիք։ Սրտանց ուզում էր ինչ-որ լավ բան արած լինել։
Այսպիսի լուսավոր կետեր եղան էսօրվա գաղջի մեջ, ու դրանցից էին նաև էն պատգամավորները, որ Հայաստանի բռնակցմանը ԵՏՄ-ին դեմ քվեարկեցին, ձեռնպահ և կամ գոնե չքվեարկեցին ոչ մի կերպ։