Հայ երկրպագուների բաց նամակը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին


09:33 , 24 սեպտեմբեր, 2012

Հարգելի պարոն Նախագահ, Հոկտեմբերի 12-ին կայանալիք ԱԱ 2014թ. ընտրական փուլի Հայաստան-Իտալիա կարևորագույն խաղի տոմսերը հազարավոր ֆուտբոլասերների համար դարձել են անմատչելի: Մի քանի տարի առաջ, Հայաստան-Թուրքիա պատմական խաղն առաջացրեց մեծ իրարանցում, սպասվում էր, որ Հրազդանը լեփ-լեցուն կլինի հանդիսականներով, սակայն մարզադաշտի տրիբունաները մնացին կիսադատարկ, քանի որ գները մատչելի չէին (5-ից 10 հազար դրամ): Մտավախություն կա, որ Հրազդան մարզադաշտում կայանալիք առաջիկա հանդիպման ժամանակ կարող է կրկնվել Հայաստան-Թուրքիա խաղի պատմությունը, ինչի արդյունքում մեր ազգային հավաքականը կզրկվի հզոր աջակցությունից: ՀՖՖ նախագահ պարոն Ռուբեն Հայրապետյանը բազմիցս նշել է, որ տոմսերի նման բարձր գինը պայմանավորված է միջազգային պարտավորվածություններով և չի կարող լինել ավելի մատչելի։ Սակայն հարևան Վրաստանում, որի ֆուտբոլային ֆեդերացիան նույն միջազգային պարտավորվածությունների կրողն է, տնային հանդիպումների տոմսերի արժեքը ավելի էժան է քան մեր մոտ: Սույն նամակով խնդրում ենք Ձեզ ընդառաջել մեր պահանջին, այն է` հանձնարարել վերանայել մեր հավաքականի խաղերի տոմսերի գները և իջեցնել դրանք, որպեսզի հոկտեմբերի 12-ին բոլորս միասին լինենք մեր հավաքականի կողքին: Այս կարևորագույն խաղին մեր ազգային հավաքականը ունի ՄԵԾ աջակցության կարիք: Հարգանքներով` հայ երկրպագուներ