«13 տարի սպասել եմ իմ ընտրյալին, կսպասեմ նաև երեխային». Հասմիկ Կարապետյան


16:24 , 4 դեկտեմբեր, 2014

«13 տարի սպասել եմ իմ ընտրյալին, կսպասեմ նաև երեխային». Հասմիկ ԿարապետյանLife.panorama.am-ը գրում է.

Անկեղծությունը, երբեմն, վնասում է մարդկանց: Երևի, դա է պատճառը, որ անկեղծ ու անմիջական Հասմիկ Կարապետյանը վերջին շրջանում դարձել է լռակյաց ու փոքր-ինչ զգուշավոր: Սակայն, Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին խոսեց գտած երջանկության, նորաստեղծ ընտանիքի ու մարդկային տեսակի մասին:

-Սովոր էինք Ձեր ակտիվությանը: Հիմա կարծեք թե լուռ եք: Ինչո՞վ եք զբաղված:

-Բնականոն եմ համարում այն, որ տվյալ պահին ավելի ուշադիր ու պարփակված եմ անձնական կյանքում: Կարծում եմ, յուրաքանչյուր արվեստագետ ժամանակ առ ժամանակ լռության կարիք ունի՝ նոր զգացողություններ, էմոցիաներ կուտակելու, որպեսզի ավելի հետաքրքիր շնչով ներկայանա: Բայց ասեմ, որ արդեն «վերադարձել» եմ նոր նախագծերի և ոճային փոփոխության գաղափարներով: Առաջիկայում համագործակցելու եմ Դեր Հովայի հետ, իմ ընտրյալի՝ Շանթ Քիրմիզյանի հետ, ով ներկա պահին ինձ համար գործիքավորում է մի շատ գեղեցիկ երգ՝ բեմի մասին: Նաև մոտ ապագայում կենդանի նվագակցությամբ համերգներ կունենամ  «Էմփի Ռեյ» խմբի հետ: Երբ այս ծրագիրը պատրաստ լինի, իմ հանդիսատեսն ինձ կարող է լսել Երևանի ակումբներում: Անիմաստ եմ համարում տարին երեք անգամ տեսահոլովակ նկարահանելը: Նախ, այդ երևույթն արդեն իրեն սպառել է: Այս ամենի հետ մեկտեղ ունեմ անձնական կյանք, ապրում եմ ու փորձում ամեն օրս ավելի գեղեցիկ ու բարի դարձնել:

-Գիտեմ, որ շատերը Ձեզ կարոտում են նաև որպես հաղորդավար:

-Նման բան ասելով՝ ինձ շատ ուրախացրեցիք (ժպտում է): Հեռուստադիտողի սիրո պատճառը երևի այն է, որ ես շատ անկեղծ եմ նույնիսկ էկրանին: Ասեմ, որ հաղորդավարական գործունեությունը նույնպես կարոտում եմ, մասնավորապես՝ ուղիղ եթերը: Այն ինձ շատ է կոփել, ազատել բազմաթիվ բարդույթներից: Հուսամ, որ եկող տարվա ընթացքում որևէ հետաքրքիր նախագծում կներկայանամ: Իմ կողմից ցանկություն կա, տա Աստված, որ համապատասխան առաջարկներ լինեն:

-Հնարավո՞ր է Ձեզ նաև ֆիլմերում տեսնենք:

-Առաջարկներ եղել են և՛ նախկինում, և՛ այս տարի: Բայց որոշ խանգարող հանգամանքներ առաջացան: Նաև, եթե երբևէ ֆիլմում խաղամ, իմ կերպարի հետ պետք է շատ ներդաշնակ լինեմ: Փորձեր անել, որը կարող է հաջողվել, կամ ոչ՝ չեմ ուզում: Եթե մի բան եմ անում, ապա պետք է այն շատ լավը լինի:

-Հասմիկ, դուք այն քիչ երգչուհիներից եք, որին մեծամասնությունը սիրում է: Առաջնահերթ, կարծում եմ, դա Ձեր անկեղծության շնորհիվ է:

-Անկեղծորեն ուրախ եմ դրա համար, քանի որ մեր օրերում, զգացել եմ, նախանձը շատ-շատ է: Նույնիսկ վերջերս իմ ֆեյսբուքյան էջում գրառում էի տեղադրել. «Եթե կարողանաս ուրիշի երջանկությամբ ուրախանալ, ինքդ երջանիկ կլինես»: Հենց այնպես չէի որոշել գրել: Ուղղակի չարն ու նախանձը շատացել է, մարդիկ հոգիները փակ են պահում: Թեև, չեմ մեղադրում, անվստահությունից է:

-Ձեր անձնական կյանքը դասավորելուց հետո՞ նախանձողները շատացան:

-Չէ, ընդհանրապես: Իսկ անձնական կյանքում նախանձողների հանդիպել եմ իգական սեռի մեջ: Անուններ չեմ ուզում տալ: Տարօրինակ մի մտածելակերպ կա. երբ մի երգչի երկրպագում են, սկսում են չսիրել այն երգչուհուն, ով պատմություն է ունեցել տվյալ մարդու հետ: Նման բաներ զգացել եմ փոքրոգի կանանց ու աղջիկների կողմից, ովքեր քաջ գիտակցել են, որ իրենցից շատ բաներով առավել եմ: Իսկ տղամարդկանց մեծ մասն ինձ ընդունում և սիրում է: Նրանց մեջ մինչ այսօր չի եղել մեկը, ով ինձ կվիրավորի, իմ հաջողություններից կտխրի կամ կնախանձի:

-Նման դեպքերում ինչպե՞ս եք վարվում:

-Ես շատ ուղիղ եմ, անկեղծ ու պարզ: Երբևէ թույլ չեմ տա, որ նախանձ սուբյեկտները ներխուժեն իմ անձնական կյանք և ինձ վնասեն: Երբևիցե չեմ վիճում, բայց պահպանում եմ հեռավորություն՝ խուսափելով իրենց հետ շփումից: Նաև, հիմա զգում եմ, թե մարդիկ՝ տատիկ, պապիկ, կին թե տղամարդ, ինչքան ուրախ են ինձ համար: Բոլորն ուզում են, որ ես երջանիկ լինեմ, բարեմաղթանքներ են հղում: Դրա պատճառը երկուստեք է. և՛ նրանք են լավ մարդիկ, և՛ իմ սերն ու անկեղծությունը մարդկանց նկատմամբ չափազանց է եղել: Գուցե ես ավելի անկեղծ եմ եղել, քան պետք է, բայց հասկացա, որ դրանից վախենալ պետք չէ, այն միշտ հաղթում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ