13:05 , 4 դեկտեմբեր, 2014
Ընտանիքն ու երեխան յուրաքանչյուր մարդու կյանքում գերագույն տարրեր են, առանց որոնց դժվար թե լինի կատարյալ երջանկություն: Երեխաները մեր կյանքը լցնում են սիրով, ջերմությամբ ու բազմերանգ գույներով: Յուրաքանչյուր կին իր մեջ ծնված օրվանից կրում է մայրական բնազդը, որը տարիքի հետ հասունանում ու ուղեկցում է կնոջը ողջ կյանքում: Թեև աշխարհի բոլոր կանայք ծնվում են մայրական բնազդով, բայց ավաղ, նրանցից շատերն ունակ չեն մայրանալու... Ու այստեղից էլ սկսվում է դաժան իրականությունը: Անպտղություն... Ահա այն չարաբաստիկ վճիռը, որը խորտակում է անկատար երազած քներ ու կոտրում մայրանալ երազող հազարավոր սրտեր: Այս մասին կզրուցենք մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյի հետ:
-Բժի՛շկ, կանոնավոր սեռական կյանքով ապրելու և չհղիանալու դեպքում որքա՞ն ժամանակ անց է ախտորոշվում անպտղություն:
-Սովորաբար, եթե զույգի մոտ չկա որևէ առողջական խնդիր, ապա մեկ տարվա ընթացքում պետք է փորձեն ապրել համատեղ սեռական կյանքով: Միայն մեկ տարին լրանալուց հետո կարող է դրվել անպտղություն ախտորոշումը, որից հետո բժիշկը պետք է բազում հետազոտություններ նշանակի, որպեսզի պարզի պատճառները:
- Իսկ հնարավո՞ր է, որ Ձեր նշած մեկ տարուց հետո էլ լինի հղիություն:
-Իհարկե, հնարավոր է՝ 13-րդ կամ 14-րդ ամսում էլ լինի, սակայն ըստ միջազգային առողջապահության համակարգի տվյալների` խորհուրդ է տրվում զույգին հետազոտել համատեղ կյանքի մեկ տարին լրանալուց հետո:
-Ի՞նչ եք կարծում, անպտղություն դիագնոզով կնոջը հարկավո՞ր է հարազատների աջակցությունը, թե՞ դա միայն զույգի խնդիրն է:
-Իհարկե դա զույգի անձնական խնդիրն է, ու ո՛չ ոք չպետք է խառնվի ու մեղադրի որևէ մեկին: Հարազատները միայն կարող են ուժ տալ՝ ուրիշ ոչինչ:
-Անպտղությունն արդյո՞ք փոխանցվում է գեներով, թե՞ դա ձեռքբերովի հիվանդություն է:
-Դա գենետիկ հիվանդություն չէ: Սակայն կան որոշակի հիվանդություններ, որոնք գենետիկորեն կարող են փոխանցվել՝ հանդիսանալով անպտղության պատճառ: Օրինակ` ձվարանների պոլիկիստոզ հիվանդությունը, որը կարող է անպտղության պատճառ լինել և այլն։
-Ըստ վիճակագրական տվյալների` այդ խնդրով հիմնականում տառապում են կանա՞յք, թե՞ տղամարդիկ:
-40% կանայք, 40% տղամարդիկ, իսկ մյուս 20%-ը խառը ձևն է, (և՛ ամուսնու, և՛ կնոջ ֆակտոր):
-Արդյո՞ք կնոջ տարիքի հետ փոքրանում է հղիանալու հավանականությունը:
-Այո՛, գոյություն ունի վերատրադրողական տարիք հասկացողություն: Ինչքան կինը մեծանում է, այնքան ձվարանների ֆունկցիան իջնում է: Կա նաև ձվաբջիջների ռեզերվ հասկացությունը, այսինքն` ամեն ցիկլի ընթացքում ձվաբջիջներն աճում ու պայթում են, և տարիքի հետ այդ պաշարը նվազում է, և ինչքան կինը մեծանում է, հղիանալու հավանականությունը փոքրանում է:
-Իսկ կա՞ սահմանված տարիք, որից հետո արգելված է հղիանալ:
-Ռեպրոդուկտիվ տարիք է համարվում 18-44-ը, իսկ ամենանպատակահարմար տարիքը հղիանալու համար՝ 18-29-ն է: Իհարկե, վերոնշյալ տարիքից հետո էլ կարելի է հղիանալ, բայց արդեն մեծամասամբ ոչ սեփական ձվաբջջով, այլ արտամարմնային բեղմնավորման տեխնոլոգիայով։
-Ժամանակակից բժշկության մեջ ի՞նչ մեթոդներ են կիրառվում այս խնդիրը լուծելու համար` գոնե 90% երաշխիքով:
-Ո՛չ բժշկության, ո՛չ էլ որևէ այլ ոլորտում 100 % երաշխիք չի կարող լինել, թեև այցելուն միշտ ցանկանում է իմանալ՝ կա երաշխիք, թե ոչ: Սակայն այս դեպքում երաշխիքը պայմանավորված է անպտղության բարդությունից: Եթե այն պայմանավորված է հորմոնալ համակարգով, ապա հնարավոր է կարգավորել այն ու հղիանալ։ Հնարավոր է, որ պայմանավորված լինի, օրինակ, ձվարանների պոլիկիստոզով` արտահայտված կապսուլայի հաստացումով, որի դեպքում ձվազատում տեղի չի ունենում. այս դեպքում ոչ միշտ է հաջողվում դեղորայքային բուժումը, և օգնության է հասնում միայն վիրահատական միջամտությունը: Եթե իհարկե ծանր ու խորացված դեպք է, վիրահատությունը զգալի բարձրացնում է հղիանալու հավանականությունը:
-Ի՞նչ խորհուրդ կտաք այն զույգերին, ում մոտ ախտորոշվել է անպտղություն. ընդունել ու համակերպվե՞լ այդ դաժան վճռի հետ, թե՞ չհուսահատվել ու ելքեր որոնել:
-Միանշանա՛կ պայքարել մինչև վերջ: Ընդհանրապես կյանքում չարժի հուսահատվել, իսկ անպտղության հարցում` հատկապես: Այս հարցը լուծելի է, ու այսօր բժշկական տեխնոլոգիաները, բուժման մեթոդները, դեղորայքները բավականին առաջ են գնացել ու մեծ հնարավորություններ են ընձեռում բժշկին՝ բազմաթիվ ելքեր գտնելու ու տվյալ զույգին երեխա պարգևելու համար: Պետք է ձգտել: Ով շատ է ցանկանում, նա անպայման ստանում է: Ցանկանում ենք, որպեսզի յուրաքանչյուր կին զգա մայրանալու բերկրանքը։ Առո՛ղջ եղեք։
Զրուցեց՝ Լուսինե Մարկոսյանը