Ինչ դասեր ինձ տվեց բանակը


12:14 , 4 դեկտեմբեր, 2014

Ծառայությանս 5 ամիսներն ինձ շատ բան են տվել, ու այդ ամիսների ընթացքում շատ բան եմ սովորել: Բանակի՝ ինձ տված առաջին դասը այն է եղել, որ սկսել եմ գնահատել քաղաքացիական կյանքումս ապրած յուրաքանչյուր վայրկյանը: Բանակում ամենամեծ դժվարությունը կարոտի զգացումն է, համենայնդեպս ինձ համար, ու նամանավանդ ծառայությանս առաջին շաբաթների ընթացքում, երբ սկսում ես կարոտել ամեն մանրուք, ինչին քաղացացիական կյանքում անգամ ուշադրություն էլ չէիր դարձնում:

Ոտքս զորամաս դնելուց հետո առաջին բանը, որ ուզում էի, ուղղակի մորս ձայնը լսելն էր, ու յուրաքանչյուր օր մորս ձայնը լսելուց հետո ինձ ավելի հանգիստ ու թեթևացած եմ զգացել, էլ ավելի եմ տրամադրվել ծառայությանը: Հավատացե՛ք, զինվորի համար աշխարհում չկա ավելի թանկ բան, քան իր ծնողները: Հայրենիքը սկսվում է ընտանիքից. պաշտպանելով հայրենիքդ՝ պաշտպանում ես ընտանիքդ:

Ընդհանրապես այս 5 ամիսների ընթացքում փորձել եմ սերտել առավելագույնը, ձգտել եմ քաղել ամեն օգտակարը, ինչը բանակն է տալիս զինվորին:

Իսկ ինչ վերաբերում է արձակուրդիս, ասեմ, որ պիտի ամսի 9-ին գայի, ուղղակի կապված սերժանտական դասերի հետ՝ ինձ 1 շաբաթ շուտ թողեցին: Արձակուրդից վերադառնալուց հետո 1 ամսով գնալու եմ սերժանտական դասերի, որից հետո լինելու եմ կրտսեր հրամանատար, ինչն էլ ավելի պարտավորեցնող է և մի քանի անգամ ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում: Ամեն դեպքում, ես պատրաստ եմ դրան...

Մոտակա մի քանի օրերին գրառումներիս մեծ մասը կլինեն բանակային թեմաներից...)