«Կլիենտների» սիրահար 21-ամյա Լիլիթն ածելիով ինքնավնասել է իրեն, որ հարևանից վրեժ լուծի և գումար պահանջի


03:34 , 4 դեկտեմբեր, 2014

1in.am–ը գրում է.

Fotor1203222655

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ սկսվեց Լիլիթ Հ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 21-ամյա Լիլիթը շահադիտական դրդումներով՝ իր հետ հանրակացարանային տիպի շենքի նույն հարթակում ապրող Նաիրա Պ.-ից գումար ստանալու նպատակով և մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով՝ ածելիով իր դաստակը կտրել, դեմքն էլ ճանկռել է ու հանցագործության մասին սուտ հաղորդում է տվել ոստիկանությունում, թե 2013 թվականի դեկտեմբերի 14-ին Նաիրա Պ.-ն ու նրա դուստրը վիճաբանության ժամանակ հարվածներ են հասցրել իրեն ու պատճառել մարմնական վնասվածքներ:

Լիլիթին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով:

Լիլիթի խնամքին է մինչև երեք տարեկան մանկահասակ երեխան: Բացի դրանից, Լիլիթը մի քանի օրից կմայրանա՝ նա հղի է, իր խոսքերով՝ երեխան ծնվելու է դեկտեմբերին:

Լիլիթը մանկատանն է մեծացել՝ այդպես ասացին այս գործով տուժող Նաիրան, ինչպես նաև հենց իր՝ Լիլիթի քույրը, ով Լիլիթի հակառակորդի «բանակից» է: Լիլիթն ու այդ քույրը նույն մորից ու տարբեր հայրերից են:

Տուժողն ու ամբաստանյալը բնակվում են Երևանի Թբիլիսյան խճուղու 3/2 հանրակացարանային տիպի շենքի նույն հարթակում: Նրանց սենյակների դռները կողք կողքի են: Նրանց շենքը «մանկատան հանրակացարան» են նաև անվանում:

Տուժող կինը այրի է, երեք չափահաս երեխաների մայր: Որդին ու դուստրերից մեկը պայմանագրային զինծառայողներ են: Հանրակացարանում են հայտնվել այն բանից հետո, երբ պարտքերի պատճառով ու ամուսնու մահից հետո ստիպված են եղել վաճառել իրենց բնակարանը:

Քանի որ Լիլիթ Հ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, արագացված դատաքննության մասին միջնորդությամբ էլ հանդես չեկավ: Նա ենթադրում է, որ դատարանում ապացուցելու է իր անմեղությունը:

Դատարանը ապացույցների հետազոտման կարգ սահմանեց. հարցաքննել վկաներին, տուժողին, ամբաստանյալին, հետազոտել գործում առկա մյուս ապացույցները:

Վկա Շողերը տուժող Նաիրայի դուստրն է, 22 տարեկան, ավարտել է Եվրոպական ակադեմիան:

2013 թվականի դեկտեմբերի 14-ի իրադարձությունների մասին վկան հայտնեց, որ այդ օրը տանը գործ էր անում, երբ իրենց դուռը առանց թակելու բացել ու ներս է մտել մի երիտասարդ: Նա Լիլիթի տան այցելուներից էր: Վկայի մայրը դուրս է եկել աստիճանահարթակ և Լիլիթին զգուշացրել է, որ նրա տան այցելուներն իր տուն չմտնեն, իր դուռը չբացեն:

Լիլիթը, ըստ վկայի, պատասխանել է հայհոյանքներով: Նաիրայի և Լիլիթի միջև վիճաբանություն է սկսվել:

Վկան ասաց, թե մայրը թույլ չէր տալիս, որ ինքը խառնվի: Բայց երբ Լիլիթը մորն ապտակել է, ինքը հրել է նրան: Այդ ժամանակ Լիլիթի բնակարանից դուրս են եկել նրա ընկերուհին ու քույրը: Վիճաբանությունը վերածվել է կռվի: Լիլիթի կողմնակիցների մոտ, ըստ վկայի, փայտ է հայտնվել, որով հարվածել են մորը: Մայրն ասել է՝ զանգեք ոստիկանություն: Կռիվը հանդարտվել է ոստիկանների ժամանումից հետո:

Ըստ վկայի՝ ինքն ու մայրը կապտուկներ ու այլ վնասվածքներ ունեին, բայց քանի որ առավոտյան ժամը յոթից մինչև կեսգիշեր աշխատում էին, չեն գնացել բժշկի:

Վկան ասաց, թե Լիլիթի բնակարանում անընդհատ աղմուկ է, ինչը խանգարում է իրենց: Շենքի պատերը բարակ են, Լիլիթի տան խոսակցությունները լսվում են իրնեց տանը: Ինքը լսել է, թե ինչպես է Լիլիթն իր տանը գտնվողներին սովորեցրել՝ կասեք՝ ձեռքներին դանակ կար, դրանով ինձ վնասել են:

Վկան ասաց, թե Լիլիթը սկզբում ցանկացել է իր դեմ հաղորդում տալ, հետո, այնուամենայնիվ, սուտ մեղադրել է իր մորը:

«Մայրս դուրս էր եկել Լիլիթին զգուշացնելու, ինչպե՞ս նրա ձեռքին դանակ հայտնվեց»,- ասաց վկան:

Ոստիկանությունում հաղորդում տալուց մի քանի օր հետո, ըստ վկայի, Լիլիթը վիճել էր ավագ քրոջ՝ Արաքսյայի հետ:

Վկայի մայրը՝ տուժող Նաիրան, աստիճանահարթակում տեսել է, որ Լիլիթի տնից դուրս արված Արաքսյան վատ է զգում: Մոտեցել, օգնություն է առաջարկել, հրավիրել է իր տուն: Դեղ է տվել Արաքսյային, վերջինս էլ պատմել է, որ քույրը ինքն է իր ձեռքին քերծվածքներ արել, որպեսզի Նաիրային մեղադրի ու նրանից գումար պահանջի:

Ըստ վկայի՝ Արաքսյան ասել է, թե Լիլիթը հեռախոսով խորհրդակցել է Ռուսաստանում գտնվող ամուսնու հետ, վերջինս էլ խորհուրդ է տվել Նաիրային մեղադրելու համար ինչ անել: Վկայի իմանալով՝ Լիլիթն իր ձեռքին քերծվածքներ է արել դանակով:

Հաջորդը հարցաքննվեց այս գործի գլխավոր վկան՝ Լիլիթի քույր Արաքսյան՝ Լիլիթի «խաբեությունը բացահայտողը»:

40-ամյա Արաքսյան ասաց, որ Լիլիթի քույրն է. «Հորից ջոգ ենք, մորից՝ մեկ»:

Վկան ասաց, որ տուժող Նաիրայի հետ նորմալ հարաբերությունների մեջ է: Թե ինչ հարաբերությունների մեջ է քրոջ հետ՝ հստակ չասաց, բայց ելնելով այս գործում նրա դերից՝ հարաբերությունները լարված են:

Դատարանը շտապեց հարցաքննել վկային՝ նրան չբացատրելով սահմանադրական իրավունքը՝ ցուցմունք չտալ հարազատի՝ քրոջ դեմ: Միգուցե նկատի առնվեց, որ քույրերը «հորից ջոգ են», բայց նրանք «մորից մեկ են», ու Արաքսյան իր խոսքում ասում էր, թե որպես քույր՝ ամոթանք է տվել Լիլիթին:

Ամբաստանյալի քույրը հայտնեց, թե իր իմանալով՝ Լիլիթն ու նրա հարևան Նաիրան հաճախ են վիճաբանել՝ մագնիտաֆոնի ձայնը բարձր լինելու պատճառով, Լիլիթի տուն տղաների գնալ-գալու պատճառով: Տղաները, ըստ Արաքսյայի, Լիլիթի տուն գնալով՝ Լիլիթի հարազատ քրոջ մոտ էին գնում: Բայց պատահում է՝ հարևանի դուռն են ծեծում:

2013 թվականի դեկտեմբերի 14-ից մի քանի օր հետո Արաքսյան իր ամուսնու և ծանոթ Յաշայի հետ գնացել է Լիլիթի տուն: Լիլիթը հայելու մոտ կանգնած՝ «խնդալով» պատմել է ներկաներին, թե իր ձեռքին ինքը քերծվածքներ է արել «բռիտվայով», որ Նաիրայից գումար պահանջի:

«Ես, որպես մեծ քույր, ամոթանք տվեցի, թե՝ հարևան մարդիկ եք, ամոթ է, հաշտվեք, բայց Լիլիթն ասաց՝ քու գործը չի, դու ո՞վ ես:

Այդ միջադեպից մի քանի օր հետո, հերթական այցելության ժամանակ Լիլիթը վիճել է Արաքսյայի հետ, նրան դուրս է արել իր տանից: «Ընձի հետ վիճվեցին, տնից դուրս գցին: Ես ներվային հիվանդ եմ: Հարևանը դուրս եկավ, ընձի դեղ տվեց, տարավ իր տուն: Ես նրան ասի՝ դու անմեղ ես, դու մեղավոր չես…»:

Հարևանուհին հեռախոսով տեսաձայնագրել է Արաքսյայի պատմածը՝ նրանից թույլտվություն խնդրելով ու ստանալով նրա համաձայնությունը:

Բայց հարևանուհին ևս, ըստ երևույթին, Արաքսյային չի բացատրել քրոջ դեմ ցուցմունք չտալու սահմանադրական իրավունքը:

Հեռախոսով արված տեսաձայնագրությունը Նաիրան ներկայացրել է քննիչին:

Արաքսյան Լիլիթի շահերի պաշտպանի հարցին պատասխանեց, թե սեր չունի ալկոհոլի հանդեպ, խմում է առիթից առիթ, իսկ Նաիրայի տանը «տեսաձայնագրվելու» պահին խմած չի եղել. «Սրտի հիվանդ մարդ եմ, ո՞նց խմած կլինեի»:

Որ Լիլիթն իրենց ներկայությամբ գլուխ է գովել, թե «բռիտվայով» ինքն իր ձեռքը քերծել ու հարևանուհուն մեղադրել է՝ նրանից գումար պահանջելու համար, իր ցուցմունքում հաստատեց նաև Արաքսյայի ամուսինը:

Լիլիթի այդ խոստովանությանը իր ներկայությունը պնդեց նաև Արաքսյայենց ծանոթ Յաշան, ով, սակայն, հիշում էր, որ դա եղել է նոյեմբեր ամսին: Ընդհանրապես՝ Յաշան հայերեն դժվարությամբ էր խոսում, գրավոր հայերենին չէր տիրապետում, հայերեն գրել-կարդալ չգիտեր:

Նախաքննության ժամանակ քննիչը նրան հարցաքննել է առանց թարգմանի, իսկ արձանագրված ցուցմունքի տակ Յաշան դրել է իր ստորագրությունը՝ իբր ծանոթացավ գրվածի հետ, այնտեղ ամեն բան ճիշտ է՝ իր պատմածով:

Բայց դատարանում Յաշան ասաց, թե հնարավոր է՝ քննիչն իրեն լավ չի հասկացել, նա գրել է այն, ինչ հասկացել է:

Դատարանում Յաշան հարցաքննվեց առանց թարգմանի՝ ասելով, թե բանավոր հայերենին որոշ չափով տիրապետում է, բայց ցուցմունքի մի մասը նա, այնուամենայնիվ, տվեց ռուսերեն:

Այնուհետև նախագահողը քննարկման դրեց դատարան չներկայացած վկաների ցուցմունքների հրատապության հարցը:

Մեղադրողը միջնորդեց հրապարակել նրանց ցուցմունքները, բայց ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ջուվանովան առարկեց՝ նշելով, որ դատարանը պարտավոր է բոլոր միջոցները ձեռնարկել՝ վկաների ներկայությունն ապահովելու համար: Վկաները տվյալ նիստի վերաբերյալ ընդհանրապես ծանուցված չէին, նրանք ծանուցված էին եղել նախորդ նիստի վերաբերյալ ու չէին եկել դատարան:

Պաշտպանի առարկությունից հետո դատարանը հայտարարեց, թե որոշում է հրապարակել բացակա վկաների ցուցմունքները: Պաշտպանն առարկեց նախագահողի գործողությունների դեմ՝ պահանջելով նշել, թե ինչ հիմքով է դատարանը հրապարակելու բացակա վկաների ցուցմունքները:

Այդ ժամանակ նախագահողը դիմեց մեղադրողին՝ ձեզ համար հրատա՞պ են այդ վկաների ցուցմունքները:

Մեղադրող Մկրտչյանն ասաց, որ այդ վկայությունները մեղադրանքի համար կարևոր են, դրանցում, օրինակ, նշվել է, թե տուժողի ու նրա դստեր ձեռքին վիճաբանության ժամանակ դանակ չի եղել:

Մեղադրողը հարցի լուծումը թողեց դատարանի հայեցողությանը:

Նախագահողը փոխեց մոտեցումը և որոշում ընդունեց բացակա վկաների ցուցմունքները հանել ապացույցների շարքից՝ ապացուցողական նշանակություն չունենալու պատճառով:

Այս անգամ պաշտպանը չառարկեց, որովհետև բացակա վկաների ցուցմունքները մեղադրանքի կողմին էին ձեռնտու:
Հարցաքննվեց տուժող Նաիրա Պ.-ն:

Դեպքի օրվա մասին նա հայտնեց, թե երեկոյան մի «բարձրահասակ, գեղեցկադեմ» երիտասարդ առանց թակելու իրենց դուռը՝ ներս է մտել ու հարցրել՝ ո՞ւր ա Լիլոն: «Ես տանը երկու օրիորդ աղջիկ ունեմ: Բարկացա, որ իրենց կլիենտուրան իմ դուռն է թակում… Ինչքա՞ն կարելի է հանդուրժել նրանց կլիենտուրայի շարժը…»:

Ի պատասխան իր դիտողության, ըստ տուժողի, Լիլիթը դուրս է եկել ու «ահավոր հայհոյանքներ» է տեղացել. «Դուք տղամարդ հալով կամաչեիք…»:

Տուժողն ասաց, թե ամոթանք է տվել Լիլիթին՝ աղջիկ ես, դու էլ երեխա ունես… Այդ ժամանակ Լիլիթի տնից դուրս են եկել ու փախել 4-5 տղաներ, այդ թվում՝ իրենց տուն մտած երիտասարդը: Նրանք չեն ցանկացել աղմուկին ներկա լինել: Բայց հարևանները անմիջապես դուրս են եկել «շոու դիտելու»:

Ըստ տուժողի՝ հանրակացարանային տիպի իրենց շենքի հարթակում ութ ընտանիք է ապրում, վեցը բողոքել է Լիլիթի դեմ՝ նրա աղմկոտ ապրելակերպի պատճառով:

Վիճաբանության ժամանակ, ըստ տուժողի, Լիլիթի կողմնակիցները իրեն հարվածել են փայտով ու չստիկով: Իր գլխին «շիշկա» էր առաջացել, բայց քանի որ այդ ժամանակ ինքն ու դուստրն աշխատում էին վաղ առավոտից մինչև կեսգիշեր, չեն կարողացել բժշկի գնալ:

Մի քանի օր հետո տուժողն իմացել է, որ Լիլիթը մեղադրել է իրեն՝ իբր ինքը դանակով քերծել է նրա ձեռքը: Տուժողը Լիլիթին ասել է՝ չե՞ս ամաչում, ես որ քեզ դանակով խփեմ, չեմ քերծի, էնպես կխփեմ, ոտքերդ առաջ մեկնած՝ կտանեն…

Տուժողը Լիլիթին առաջարկել է բողոքը հետ վերցնել, բայց Լիլիթը մերժել է, ասել է՝ կտենաս՝ քեզ ինչ եմ անելու:

Տուժողն ասում է, թե հարևանների խոսակցություններից լսել էր, որ Լիլիթն ինքն է իր ձեռքը քերծել: Բայց մի օր աղմուկ է լսել աստիճանահարթակին, դուրս է եկել ու տեսել, որ Լիլիթը ծեծելով տանից դուրս է շպրտել իր քույր Արաքսյային:

Նաիրան Արաքսյային իր տուն է տարել, դեղ է տվել, մարդկային վերաբերմունք է ցույց տվել:

Մի քանի օր հետո Արաքսյան եկել է Նաիրայի տուն ու պատմել է, թե Լիլիթը իր ներկայությամբ խոստովանել է, որ ինքն իր ձեռքը վնասել է՝ հարևանուհուց գումար պահանջելու ակնկալիքով. «Նոնայից փող եմ պոկելու…»:

Տուժողն ասաց, որ Արաքսյայի թույլտվությունը հարցրել է ու նոր միայն հեռախոսով չորս անգամ տեսանկարահանել է նրա պատմածը: Ապա տեսանկարահանումը ներկայացրել է քննիչին:

Արաքսյան, ըստ Նաիրայի ասել է իր քրոջ մասին. «Չեմ սիրում, որ տականքություն են անում… Ճիշտը մնում է ճիշտ…»:

Ցուցմունք տալու հերթը ամբաստանյալին հասավ, բայց պաշտպան Ջուվանովայի միջնորդությամբ նիստը հետաձգվեց: