«Միասնություն 2014» զորավարժությունների լույսն ու ստվերը


01:25 , 4 դեկտեմբեր, 2014

Երկու շաբաթ է անցել «Միասնություն» զորավարժությունների ավարտից: Այդ զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպը կարծես հետին պլան մղեց պայմանական մարտադաշտում կատարվածի արդյունքները: Ինչ–որ պահի քննադատությունների ալիքն ուղղակի խլացրեց ամեն ինչ: Նույնիսկ հռետորական հարցադրումներ հնչեցին, թե այդ ի՞նչ զորավարժություններ էին, որոնք ուղղակի նշանավորվեցին նրանով, որ մարտական ուղղաթիռ կորցրեցինք: Նաև մտահոգություններն էին հասկանալի, թե ուղղակի մշտապես պատերազմի սպառնալիքի տակ գտնվող մեր երկրի համար անթույլատրելի էր նման ռազմական մեքենայի այդպիսի կորուստը: 
Մտահոգությունն, իհարկե, զուտ կրած մարդկային և ռազմական նշանակության միջոցի կորստի առումով ու հատկապես բնույթով անտարբեր չի թողնում ոչ միայն բարձրաձայն քննադատողներին, այլև այդ մասին չարտահայտվողներին: Այն, ինչ կատարվեց հայկական ուղղաթիռի նկատմամբ, ուղղակի սադրանք էր, ահաբեկչություն՝ իր բոլոր հետևանքներով ու անհրաժեշտ հետևությունների տեղիք տվող, որոնք անհրաժետ են հետագայում նման սադրանքներին առավել սթափ դիմագրավելու համար: 
Չնայած ցավալի իրողությանը, թերևս, անհրաժետ է ուշադրություն հրավիրել ընդհանրապես զորավարժությունների անցկացման որոշակի յուրահատկությունների, որոնց մասին վկայում է նաև համաշխարհային փորձը: 
Չնայած հասկանալի տարբերությանը, այն, որ զորավարժություններում ընդհանրապես չպետք է թույլ տալ որևէ կորուստ, բնականաբար զորավարժությունների կազմակերպիչները փորձում են ամեն ինչ անել այն բարձր մակարդակով կազմակերպելու համար: Բայց քիչ չեն դեպքերը, որ անգամ ամենազարգացած ու ամենահզոր բանակներում զորավարժություններում նաև կորուստներ են արձանագրվել, որոնք, այսպես ասած, ոչ թե սովորական, այլ հավանական բան է: Խորհրդային բանակում հայտնի մի միտք կար. «Էլ ի՞նչ մարտական հրաձգությամբ զորավարժություն առանց իրական զոհերի»: Բոլորին քաջ հայտնի «Արևմուտք 81» զորավարժության ժամանակ, որի մասշտաբները որոշ հարցերով դեռ չի գերազանցվել խորհրդային և ռուսական բանակի կողմից, զոհվեցին մարտական մի քանի մեքենաների անձնակազմներ: Խորհրդային բանակի ամենամարտունակ բեռլինյան զորախումբն անգամ ունենում էր տարբեր կորուստներ զորավարժությունների ժամանակ: Մասնավորապես, մի անգամ գետանցման ժամանակ խորտակվել էին մի քանի զրահամեքենաներ: 
Անցյալ տարի ճապոնիայում Քեմփ Հանսեն ամերիկյան ռազմաբազայում իրականացվող զորավարժությունների ժամանակ վթարի ենթարկվեց ամերիկյան ռազմական ուղղաթիռ: Վթարի հետևանքով բնականաբար շարքից դուրս եկավ ռազմական ուղղաթիռը, անձնակազմի անդամներից զոհվեց մեկը: 
Դարձյալ անցյալ տարի ամերիկյան Բիչ քաղաքում տեղի ունեցող զորավարժությունների ժամանակ Հետաքննությունների դաշնային բյուրոյի երկու գործակալ մահացավ: Դա տեղի էր ունեցել ռազմածովային փոխադրումների հրամանատարության նավում: Այս դեպքի առնչությամբ հետաքննության արդյունքները չբացահայտվեցին, բայց մի բան պարզ էր, որ մարդկային զոհերը գրանցվել էին նավում ռազմական ուղղաթիռի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի պատճառով: 
Քիչ չեն դեպքերը, որ զորավարժությունների ժամանակ նաև զորավարժությունների բուն գործողություններում ընդգրկված զինծառայողներ են մահացել: 
Այս թվարկումների նպատակն, իհարկե, այն չէ, որ հավասարության նշան դրվի այդ դեպքերի և հայկական ուղղաթիռի խոցման դեպքերի միջև: Դրանք բնույթով, իհարկե, տարբեր են: Սակայն այդ նույն դեպքերը թույլ են տալիս առավել ընդգծել ՀՀ-ում ու ԼՂՀ–ում մինչ այս անցկացված ու մասնավորապես՝ Միասնություն զորավարության կազմակերպվածության բարձր մակարդակը: Մինչ այժմ զորավարժություններում չի գրանցվել դրանցում ընդգրկված զինծառայողների հետ կապված որևէ միջադեպ, տեխնիկական միջոցների որևէ վթար կամ աղետ: Ավելին՝ ոչ միայն հայ մասնագետների, այլև միջազգային փորձագետների եզրակացություններն էլ թույլ են տալիս փաստել, որ դրանք մշտապես իրականացվել են դրված մարտական խնդիրների գերազանց կատարմամբ, ունակությունների ու ցուցադրվող հնարքների կատարելագործմամբ, առավել ճկուն մարտավարությունների կիրառմամբ: Իսկ համեմատելու բան իրականում կա: Հայաստանի նման փոքր երկիրն ամեն տարի զորավարժություններ է անցկացնում տասնյակ հազարանոց զորքերի հետ, իսկ «Միասնություն 2014» զորավարժությունը օպերատիվ-մարտավարական էր, ինչը նշանակում է այն ընթանում էր ողջ երկրի տարածքում, բոլոր զորատեսակների ներգրավվածությամբ, իրարից հեռու, սակայն իրար հետ սերտորեն փոխկապակցված գործողություններով: Պետությունների բանակները հենց նման զորավարժություններով են մարտական իրավիճակին առավել մոտիկ դրսևորմամբ բարձրացնում իրենց մարտունակությունը: 
Ամեն պետություն չէ, որ նման մակարդակի զորավարժություններ է կատարում. մինչև 47 հազարանոց զորքի ներգրավմամբ, որտեղ պահեստազորը ևս մեծ դեր է խաղում, հազարավոր միավոր տեխնիկայով ու տրանսպորտով: 
2014թ. Հայոց բանակը հաղթեց իր կարճ պատերազմում, որից հետո էլ այս զորավարժությունների պլանային ու արտապլանային միջոցառումներով ստիպված եղավ հակառակորդին կրկին հիշեցնել այդ հաղթանակի մասին: