23:30 , 3 դեկտեմբեր, 2014Newmag.am-ը գրում է․
Նա համաշխարհային համբավ ունի:
Նրան համարում են միկրոմինիատյուրայի հիմնադիր:
Նրա անունը հաճախ է հիշատակվում Գինեսի ռեկորդների գրքում:
Նա տաղանդավոր է արվեստի շատ բնագավառներում` ջութակի վարպետ է, երաժիշտ-կատարող, քանդակագործ, գեղանկարիչ, ծաղրանկարիչ, գրող:
Նրա մասին վավերագրական ֆիլմեր են նկարահանվում, գրքեր տպագրվում, հոդվածներ հրատարակվում:
Նրա գլուխգործոցները հիացնում և ապշեցնում են մարդկանց:
Նրա գործերը ցանկալի ընծա են պետությունների ղեկավարների համար:
Նա Էդուարդ Ղազարյանն է. նա հրաշագործ է:
200 հանճարներից մեկը
Անգլիայում կա կենսագրությունների համաշխարհային կենտրոն, որտեղ ուսումնասիրում են մոլորակի բոլոր հանճարեղ մարդկանց կենսագրությունները` Արքիմեդից, Լեոնարդո դա Վինչիից մինչև մեր ժամանակները: Ընտրվել է 5.000 հանճար: Ցանկը սեղմելուց հետո մնացել են երկու հազարը: Սրանցից էլ ընտրվել է 200 հանճար, և այդ շարքում իր տեղն է զբաղեցրել էդուարդ Ղազարյանը:
Ջութակի վարպետը
- 6 տարեկանից ջութակ նվազել եմ սովորել: 13 տարեկանում սեփական ձեռքերով պատրաստել եմ իմ առաջին ջութակը: Վարպետության դասեր էի առնում հայտնի պրոֆեսորի մոտ, բայց նրա ջութակը ավելի լավ էր հնչում, քան իմը: Որոշեցի ինձ համար գործիք պատրաստել: Ձեռքիս տակ միայն հացի դանակ կար, ուրիշ գործիք չունեի: Դրանով էլ պատրաստեցի: Եվ ստացվեց իմ ուզածը:
20 տարեկանում նրան գործուղեցին Մոսկվա` Մեծ թատրոնի ջութակի վարպետների մոտ հմտանալու: Մասնագիտանալուց հետո վերադարձավ, սկսեց լարային գործիքներ պատրաստել սիմֆոնիկ նվագախմբերի համար` ջութակ, ալտ, թավջութակ: Շատերը դրանցով մասնակցեցին միջազգային մրցույթների և մրցանակներ նվաճեցին:
Պայտած լվերը ֆուտբոլ են խաղում
Վարպետի աշխատանքները կարելի է տեսնել միայն հարյուրապատիկ մեծացնող խոշորացույցով: Ես տեսա կարմիր վարդերի փունջը` պատրաստված ձկան թեփուկներից, տեսա հանրահայտ քարավանը` 9 ուղտով և 2 բեդվինով, թանկ քարերից պատրաստված արմավենիներն` ասեղի անցքում, մարդու մազի մեջ տեղադրված ոսկու փոշուց պատրաստված եկեղեցիները, աշխարհի ամենափոքր սրբապատկերը, Չարլի Չապլինի փոքրիկ արձանիկը` ձեռնափայտով, որը պատրաստված է 1 միկրոն հաստության սարդոստայնից: Անչափ մանրագործ այդ աշխատանքների մեջ առանձնանում են պայտած լվերը, որոնք ցատկոտելով ֆուտբոլ են խաղում: Ավելի քան 6 տասնամյակների ընթացքում նրա ստեղծած անսովոր գործերից յուրաքանչյուրը կարելի է գլուխգործոց համարել: էդուարդ Ղազարյանը պատրաստել է ավելի քան 600 միկրոգործ, ընդ որում 60-ը` շարժվող:

Հայ մինիատյուրիստը հաճախ է դիմում երաժշտական թեմաների: Պատրաստել է Ստրադիվարիուսի հռչակավոր ջութակի նմանօրինակը` կազմված 56 մանրամասնիկներից, ստեղծել է Պագանինիի քանդակը` տեղակայելով ասեղի անցքում: Ստեղծել է միկրոգործեր և իսկական երաժշտական գործիքներ: Նա պատրաստել է 500 դասական ջութակներ, ալտեր և թավջութակներ: Բայց նրա հավաքածուն ունի երաժշտական առանձնահատուկ գործիք` ավտոմատ (ինքնաձիգ): Դրանով չի կարելի կրակել, բայց կարելի է ուրախացնել երաժշտություն լսողներին: Ինքնաձիգի իրանում տեղադրված են երաժշտական 40 տարբեր գործիքներ` պատրաստված արժեքավոր փայտից, ամենափոքրը 16 միլիմետրանոց ջութակն է: Բոլորն էլ նվազող են: էդուարդ Ղազարյանը ստեղծել է «Դվին» եզակի գործիքների քառյակը, որի լարային երգեհոնը բացառիկ է:
Ինչպես սկսվեց
Միկրոքանդակներ էր պատրաստում դեռ դպրոցում. դրանք հիմնականում կավճից դիմաքանդակներ էին: Հետո տարվեց նամականիշների պատկերները շատ փոքրացրած չափերով արտանկարելով: Ստացվում էին փոքրիկ նամականիշներ:
- Առաջին գործս փոքրիկ ջութակ էր` 14 միլիմետրանոց, որն ամրացրել էի ասեղի ծայրին ու դրել ապակե զանգի տակ. այն ցուցադրվում էր Երևանի ժողստեղծագործության տանը: Հետո եղավ պողպատե տրակտորը: Այն տարիներին լոզունգներ շատ կային: Դրանցից մեկն էլ «Ավելի շատ հաց հայրենիքին» կոչն էր: Մտածեցի` ինչ պատրաստեմ: Գնացի գյուղմեքենաների կայան, տրակտորներն ուսումնասիրեցի, նկարներ արեցի ու սարքեցի տրակտոր` ցորենի հատիկից երեք անգամ փոքր, վրան դրոշ ամրացրի, գրեցի` «Ավելի շատ հաց հայրենիքին»: Մի քանի ամիս հետո ժողստեղծագործության տան աղջիկները տեղեկացրին, որ տրակտորը շարժվել, շուռ է եկել: Զարմացա. շարժիչը չէի տեղադրել, այդ ոնց է եղել: Գնացի տեսա` ցորենը խոնավությունից ծլել է և տրակտորի ծանրության տակ շրջվել: Լրագրողները կատակեցին, թե, ուրեմն` հացը շատացել է: Ապահովության համար ցորենի հատիկը պատրաստեցի փայտից:

ՏԱՍՍ-ը հաղորդեց
«Աշխարհի անհավատալի փոքր տրակտորը և ջութակը Հայաստանում են, որոնք հնարավոր է տեսնել միայն հարյուրապատիկ խոշորացմամբ»: Հայաստանում ապրող հրաշագործ վարպետի մասին իմացավ ամբողջ աշխարհը: Այս հաղորդագրությունը
տպագրեց նաև գերմանական «Բեռլիներ ցայտունդ» օրաթերթը: Գերմանացի ընթերցողները չհավատացին Մոսկվայի հաղորդագրությանը: Խմբագրությունը վարպետից հաստատում հայցեց:
- Մտածում էի` ինչպե՞ս պատասխանեմ: Մորս հագի կապույտ ջեմպերի վրա մի երկար սպիտակ մազ էր ընկել, վերցրի, որ դեն գցեմ: Այդ պահին միտք ծագեց. պատասխանը գրել մազի վրա: Մազից մեկ սանտիմետր կտրեցի, վրան թանկարժեք քարերով գրեցի` «Եղբայրական ողջույն գերմանական ժողովրդին հայ ժողովրդից»: Ուղարկեցի: Ստացան, թերթում հոդված տպագրեցին. «Հեքիաթները երբեմն իրականություն են դառնում»: Իմ այս գործի ցուցադրությունը կազմակերպեցին Բեռլինում: Մարդիկ օրերով հերթ էին կանգնում այն դիտելու համար: Շնորհակալական նամակ գրեցին Հայաստան և հարցրեցին, թե ի՞նչ նվեր կցանկանայի ստանալ: Այս պատմությանը քաջատեղյակ էր մեր կառավարությունը. անհանգստացան, որ Գերմանիայից կգան, կտեսնեն, որ նկուղում եմ ապրում: Մի շքեղ բնակարան հատկացրին ինձ: Ի պատասխան, ես էլ իմ նվերը պատրաստեցի, մազը ծակեցի, ներսում տեղագրեցի 75 վագոն, 2 շոգեքարշ և ուղարկեցի Գերմանիա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ