Մերժվածը


20:15 , 3 դեկտեմբեր, 2014

Անունը Զորիկ է: Ֆրանսերենի մասնագետ է (եղել), հիմա կիսամուրացիկ-կիսաանտուն- կիսա-կիսա կյանքով է ապրում: Անձամբ չեմ ճանաչում, մեր գյուղից չէ, բայց այնքան եմ տեսել ճանապարհներին ու այնքան եմ լսել իր մասին, որ երբեմն թվում է` ծնվածս օրից գիտեմ: Թեև հիշում եմ` իմ հայերենի ուսուցչուհին ասել էր, որ իր եղբորորդին է: Կինը վաղուց է լքել. շատ տարիներ առաջ վերցրել է երեխաներին ու հեռացել: Զորիկի խմելն է եղել պատճառը, թե կնոջ դավաճանությունը, դա էլ է առեղծված: Շոգ ամռանը, երբ շներն անգամ մի ստվերոտ տեղ են ման գալիս, որ պատսպարվեն, Զորիկը, մեջքին դրած ցորեն-ձավարի պարկը, ոտքով գնում է մարզկենտրոն, թե ինչ է անում, ինչ չի անում, Աստված կիմանա, երեկոյան նորից նույն պարկը մեջքին դրած` վերադառնում է տուն: Մի անգամ տրանսպորտում հանդիպեցի Զորիկին: Մինչ այդ խոսքն էլ չէի լսել: Եվ այն, ինչ լսեցի, խիստ զարմացրեց-ապշեցրեց, ու չգիտեմ` հարգանքով, թե խղճահարությամբ լցվեցի այդ մարդու հանդեպ: Խոսում էր արտակարգ գրագետ ու գեղեցիկ հայերենով: Եթե մի հնարով միայն ձայնը լսվեր, իսկ ինքը անտեսանելի մնար, կկարծեիք` շատ նշանավոր լեզվաբանի եք ունկնդրում: Արտաքինն ու խոսքն ընդհանրապես իրար հետ կապ չունեին: Վաղուց չէի հանդիպել ճանապարհներին: Այսօր տեսա: Երկու կիսատ պարկ ձեռքին` բարձրացավ տրանսպորտ: Դեմքին բժշկական դիմակ էր դրել: Զորիկի բարձրանալն ու սխտորահոտի տարածվելը մեկ եղավ: Այնուամենայնիվ, մարդը հոգ էր տարել, որ սխտորահոտը հնարավորինս քիչ լինի, բայց հավանաբար օգտագործած չափաբաժինը առավելագույնն էր: Մարդիկ շատ դաժան են: Սկսեցին բարձրաձայն բողոքել, ուղղակի և կողմնակի ակնարկներ շպրտել, մեկը թե` բոլորն իրենից են զզվում, ինքն է դիմակ դրել: Ուզում էի ասել` այ ժողովուրդ, առանց այն էլ էս մարդը վատ է զգում իր վիճակից, չեք տեսնում` նույնիսկ դիմակ է կրում, որ ազատվի ձեր նախատինք-հայհոյանքներից, էլ ի՞նչ եք ուզում... Ախր ձեզանից յուրաքանչյուրդ նրա խելքի մեկ հարյուրերորդականն էլ չունի: Ի՞նչ անենք, որ մարդը հայտնվել է կյանքի հատակում, իբրև թե քիչ պատժված է, դուք էլ մի կողմից եք քարկոծում մերժվածին: Բայց լռեցի: Մտածեցի` ճիշտ չեն հասկանա: Ինձ համար էլ էր տհաճ Զորիկի սխտորաբույր ներկայությունը: Մի կերպ դիմացա մինչև իմ կանգառը...