Էբոլան եկավ Հայաստա՞ն. Քաղավիացիայից հորդորում են անիմաստ խուճապի չմատնվել


18:09 , 3 դեկտեմբեր, 2014

Էբոլան եկավ Հայաստա՞ն. Քաղավիացիայից հորդորում են անիմաստ խուճապի չմատնվել. Aysor.amAysor.am-ը գրում է․

«Լիբիայից ժամանած բեռնատար ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր հենց «Շիրակ» օդանավակայանում: Ամեն ինչ նորմալ է, անիմաստ խուճապի պետք չէ մատնվել»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը` մեկնաբանելով այն տեղեկությունները, թե «Վետերան Ավիա» ընկերության պատկանող ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր երևանյան «Զվարթնոցում», սակայն Էբոլայի համաճարակի վախի պատճառով` ուղորդվել է Գյումրու օդանավակայան:

Ռ. Գրձելյանը նշեց, որ սանիտարական ստուգումները, այսպես թե այնպես, իրականացվում են ցանկացած վայրէջք կատարած օդանավի դեպքում, այսինքն՝ պարտադիր չէ, որ աֆրիկյան որոշ երկրներում լիներ Էբոլայի համաճարակ, որպեսզի դա իրականացվեր: Բայց այս պարագայում, առավել ևս, երբ խոսքը Աֆրիկայից ժամանակ ինքնաթիռին է վերաբերում:

Նա նաև տեղեկացրեց, որ Լիբիայից ժամանած ինքնաթիռը պարբերական թռիչք չէր իրականացնում և ինքը տեղյակ չէ, թե ինչ ապրանք է այն տեղափոխել Հայաստան:

Հիշեցնենք, որ Լիբիան չի մտնում այն երկրների մեջ, որտեղ Էբոլայի համաճարակ է հայտարարված, ինչպես օրինակ Սյերրա-Լեոնեում կամ Լիբերիայում, բայց ավելորդ զգուշավորությունը, բնական է, չի խանգարի:  Նշենք նաև, որ ԱՀԿ տվյալների համաձայն` Էբոլայից արդեն մահացել է 7 հազար մարդ: