Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է


17:33 , 3 դեկտեմբեր, 2014

Այսօր ողջ աշխարհում նշվում է հաշմանդամների միջազգային օրը։ Հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը հասարակության մեջ հանդիսանում է ՄԱԿ-ի գերակայություններից մեկը։ Ամեն տարի դեկտեմբերի 3-ին աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենում հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը նվիրված զանազան միջոցառումներ, որոնց ընթացքում արծարծվում են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները և մշակվում դրանց լուծման եղանակները։ Այդ հիմնախնդիրները հատկապես սուր են արտահայտված զարգացող երկրներում։ Իբրև զարգացող երկիր՝ Հայաստանը ևս զերծ չէ այդ խնդիրներից։

Այսպես, բազմաթիվ փողոցներում և հասարակական կառույցներում, այդ թվում՝ ներառական ուսումնական հաստատություններում, բացակայում են թեքահարթակները։ Արդյունքում անվասայլակներով մարդիկ չեն կարողանում ազատ տեղաշարժվել։ Բազում հաստատություններ զուրկ են նաև հաշմանդամների համար նախատեսված զուգարաններից։ Կան նաև այնպիսի հաստատություններ, որոնք առաջին հայացքից հարմարեցված են հաշմանդամների պահանջներին, սակայն առաջին տպավորությունը խաբուսիկ է։ Դրանցում առկա են երեք տեսակի զուգարաններ՝ կանանց, տղամարդկանց ու հաշմանդամների համար։ Ստացվում է, որ հաշմանդամը սեռ չունի՞։  

Որոշ կրթական հաստատություններ էլ ձգտում են ներառական կրթօջախի կարգավիճակ ձեռք բերել ոչ թե հաշմանդամների ինտեգրմանը նպաստելու, այլ լրացուցիչ կառավարական հովանավորություն ստանալու համար, սակայն դժվար է ասել, թե որքանով են հատկացված միջոցները նպատակայնորեն օգտագործվում։ Եթե տվյալ դպրոցում անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետներ չկան, ապա երեխան կարող է հանրակրթական դպրոցում էլ մեկուսացած մնալ։ Բարեբախտաբար, որոշակի առաջխաղացումներ այս ոլորտում կան։ Օրինակ, վերջերս Երևանում բացվեց մերսման կենտրոն, որտեղի աշխատակիցները կույր և թույլ տեսողությամբ մարդիկ են։ Աշխատակիցների ընտրությունը պատահականորեն չի կատարվել։ Կույր և շատ թույլ տեսողությամբ մարդկանց մյուս զգայարանները կարող են ավելի զարգացած լինել, քան հաշմանդամություն չունեցող մարդկանց զգայարանները։ Բանն այն է, որ երբ մի զգայարանը թույլ է, մյուս զգայարանները կարող են գերզարգացած լինել դրա հաշվին։ Ուստի հաշմանդամներին հաճախ կոչում են այլընտրանքային կարողությունների տեր անձինք։ Ինչ վերաբերում է «սահմանափակ հնարավորությունների տեր անձ» եզրույթին, այն այնքան էլ դիպուկ չէ, քանի որ մեզնից և ոչ ոք անսահմանափակ հնարավորություններով օժտված չէ։