16:00 , 3 դեկտեմբեր, 2014
Թեև անկախ պետականության տեսանկյունից չարիք է ԵՏՄ-ին միանալը, սակայն ոչ պակաս չարիք է Ռուսաստանից տնտեսապես ու ֆինանսապես կախված լինելը՝ որպես առերևույթ անկախ պետություն: Դժբախտաբար, այսօր ո՛չ կարող ենք ոչ ասել Պուտինին, ո՛չ էլ միանալ ՌԴ-ին՝ որպես նրա ծայրամասային գավառ ու ստանալ, ասենք թե, ռուսական մակարդակի աշխատավարձ ու թոշակ, օգտվել էներգակիրների ներռուսական գներից: Եթե սրան գումարենք նաև ղարաբաղյան հարցում ՌԴ-ից կախվածությունը, ապա եթե ես հայ չլինեի, ապա հաստատ հայերին չէի նախանձի: Անկախ պետականության 24-րդ տարում մենք դանդաղորեն վատնում ենք դրա հատկանիշները՝ ճիշտ այնպես, ինչպես երկու հազար տարում վատնեցինք մեր տարածքները ու մարդկային մեր պոտենցիալը: Եթե սա մեր կամքից անկախ է, ապա դա կդիտարկեի որպես ՃԱԿԱՏԱԳՐԻ ԱՆԵԾՔ՝ ընդունելով մեր՝ որպես ժողովուրդ պարտությունը և հուսահատության գիրկն ընկնելով, իսկ եթե այս ամենը մեր սուբյեկտիվ գործողությունների արդյունք է, ապա դրա դեմն առնելու վստահությունս, այնուամենայնիվ, չեմ ցանկանում կորցնել: Որովհետև մարդու ձեռքով սարքվածը կարելի է քանդել, և հակառակը՝ քանդածը վերասարքել...