Խորեն Լևոնյանի ելույթը, Դավիթ Ամալյանի անկատար երազանքն ու որդու բեմելը՝ Ամալյանի մենահամերգին


13:37 , 3 դեկտեմբեր, 2014

Esem.am-ը գրում է․

4 տարի անց Դավիթ Ամալյանը կրկին ներկայացավ մենահամերգով: Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում երեկ կայացավ հեղինակ-կատարողի հանդիպումը երկրպագուների հետ: Ներկայացնելով հայտնի ու սիրված ստեղծագործությունները՝ նա խոսում էր դրանց նախապատմության, իր ապրումների մասին, ինչպես հատուկ է իրեն:

Այս համերգին ելույթ ունեցավ նաև երգահանի որդին: «Ինձ համար կարևոր չէ՝ ոնց, կարևոր է՝ ինչ:  Այս երգի մեջ պետք է ջութակ նվագեին: Ես կարևորեցի՝ ով կնվագի, ոչ թե ոնց: Տղաս է նվագում»,- ասաց նա ու բեմ հրավիրեց որդուն՝ Վարդանին, և տիկնոջը՝ Արմինե Ամալյանին, ում հետ ներկայացավ զուգերգով:

Մեկ այլ զուգերգով երգահանի հետ  ներկայացավ Արմեն Ադամյան կրտսերը: Ստեղծագործությունը կոչվում է «Բայրոնի երգ», քանի որ երգահանը նրա խոսքերն է օգտագործել: Դավիթ Ամալյանը խոստովանեց, որ ռոքային ժանրի նոր ստեղծագործությունն նպատակ է ունեցել կատարել Արմեն Ադամյանի հետ, ավաղ չհասցրեց... «Վերջին համերգս 4 տարի առաջ էր, դրանից հետո շատ ընկերների եմ կորցրել: Երազանքս անկատար մնաց…»,- ասաց նա:

 Հիշելով կորցրած ընկերներին՝ հեղինակ կատարողը կատարեց նաև «Պատիվ ունեմ» երգը՝ հշելով, որ այն գրել է իր ընկերներից մեկի հիշատակին, սակայն հասկացել է, որ նա երգի միակ հասցեատերը չէ: «Բոլորս մի օր ծնվում ենք, մի օր՝ մահանում , բայց էս երգը նվիրվում է այն ընկերներիս, ում առաջ ինձ մի քիչ մեղավոր եմ զգում: Նրանց բախտ չվիճակվեց թշնամու ձեռքով կամ պատահական մահանալ, նրանք դավաճանության զոհ դարձան... Ուզում եմ՝ էդ անտեր դավաճանության պատճառով չմահանանք, էլի: Թող դա վերանա: Էս երգը վերաբերում է նաև Վազգենին, Հրաչին...»,-  շեշտեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ