Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


11:11 , 3 դեկտեմբեր, 2014

Ամանորը մեկ գավաթ թեյի կամ սուրճի շուրջ

Շուտով մոտենում է Ամանորը, և ես մի նախաձեռնություն սկսեցի, որով խնդրեցի մարդկանց մեծ ծախսերի գնով Ամանոր չնշել: Այդ նախաձեռնությանը միացել է արդեն 111 հոգի: Երկար էի մտածում՝ ինչպես անվանեմ միջոցառումը ու եկա այն եզրահանգմանը, որ թեյն ու սուրճն այն հարմար տաք ըմպելիքներն են, որոնց հետ կարելի է միրգ և տորթ հյուրասիրել: Այսինքն՝ ծախսերը հասցնել մինիմալի: Ամանորն այն տոնն է, որի ընթացքում հարազատներն են Ձեզ այցելում, իսկ հարազատի հետ մեկ գավաթ սուրճի շուրջ զրուցելը և մեկ գավաթ գինով Ամանորյա բարեմաղթանք հնչեցնելն ամենահաճելի երևույթն են իմ կարծիքով: Զարմացնելու ոչինչ չկա:

Հայաստանում նոր աղբահանող ընկերություն է մուտք գործել, որը կոչվում է «Սանիթեք»: Այդ ընկերությունը 10 մլն դոլարի ներդրում է կատարել ու նոր մեքենաներ է ներմուծել, ու այս ամենը մեծ աղմուկ է բարձրացրել ֆբ-ում: ժողովուրդ ջան, էս կազմակերպությունը դեռ հանձնում-ընդունում է անում, ու այդ ընթացքում կարող է աղբ կուտակված լինի, իսկ այդ 10 միլիոնը մասնավոր ընկերությունն իր բիզնեսի համար է ներդրել ու ՀՀ-ից փող չի ուզել: Այնպես որ այն թեզը, որ այդ ընկերությունը պետք է այդ գումարը բարեգործության տար, անհիմն է: Թողենք թող 2 ամիս աշխատեն, եթե անորակ եղավ աշխատանքը, ես էլ ձեր հետ կանցնեմ նրանց քննադատելուն, բայց դե դեռ շուտ ա: Հույս ունենամ՝ մարդիկ լավ կաշխատեն:

Երեկ Ֆինանսների փոխնախարարն Աժ-ում հումոր-մումոր էր անում: Կարելի է փոխնախարարին հարցնել՝ ինքն իր ասածից գո՞հ է: Նա երեկ իր խոսքում նշեց, որ եթե սկսի ԵՏՄ-ից հետո թանկացող ապրանքների ցանկը նշել, կես ժամ կտևի: Սա յուրահատուկ աչքալուսա՞նք էր, ի՞նչ էր, այդպես էլ չհասկացա: Իմ կարծիքով՝ դա փոխնախարարի խոսքեր չէին, որը պետք է նա հնչեցներ:

Լավն ա էլի մեր ԱԺ-ն, հո զոռով չի, չուտես, չխմես՝ իրանց գործողություններին ու բառերին հետևես: Երեկ Զարուհին իր գծի մեջ էր ու թռուցիկներ էր բաժանում ԱԺ պատգամավորներին, իսկ Գալուստ Սահակյանը մի քանի անգամ խնդրեց դադարեցնել, հետո անցավ քիչ մը ժարգոնային բառապաշարի և Զարուհու գործողությունները որակեց որպես «Բեսպրեդել»: Գրանցամատյանում՝ ԱԺ բառապաշարների շարքում, զետեղենք նաև «Բեսպրեդել» բառը: