10:00 , 3 դեկտեմբեր, 20141in.am-ը գրում է․

Հայաստանը Transparency International-ի կազմած՝ «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ-2014»-ի 174 երկրների ցուցակում զբաղեցրել է 94-րդ տեղը՝ հավաքելով 100 հնարավոր միավորներից 37-ը: Անցած տարի Հայաստանը կրկին 94-րդ տեղում էր՝ 36 միավորով: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպությանկայքից:
Հայաստանի հետ 94-րդ հորիզոնականը կիսում են Պանաման, Եգիպտոսը, Կոլումբիան, Գաբոնը և Լիբերիան:
Հարևաններ Վրաստանը 50-րդ (52 միավոր), Թուրքիան 64-րդ (45 միավոր), Ադրբեջանը 126-րդ (29 միավոր) տեղերում են:
Transparency International-ն իր ամենամյա ցուցիչում ներկայացնում է կոռուպցիայի հակազդման միջազգային շարժումը: Ռուսաստանը 27 միավորով 136-րդ տեղում է՝ Իրանի, Նիգերիայի, Լիբանանի, Կամերունի և Ղրղըզստանի հետ:
Կոռուպցիայից առավել «մաքուր» երկրներն են Դանիան, Նոր Զելանդիան և Ֆինլանդիան, որոնք հավաքել են հնարավոր 100 միավորից համապատասխանաբար 92, 91 և 89 միավոր:
Ամենակոռումպացված երկրներն են Հյուսիսային Կորեան և Սոմալին, որոնք ընդամենը 8 միավոր են հավաքել:
Ցուցիչը կազմվում է հարցումների տվյալների հիման վրա, որոնք անցկացվում են փորձագետների շրջանում և գործարար շրջանակներում:
Transparency International-ի ղեկավար Խոսե Ուգասի խոսքով՝ ցուցիչը վկայում է այն մասին, որ տնտեսական զարգացումը դառնում է անհնարին, իսկ կոռուպցիայի դեմ ուղղված ջանքերը՝ ապարդյուն, երբ առաջնորդներն ու բարձրաստիճան անձինք չարաշահում են իշխանությունը՝ հանուն անձնական շահի պետական միջոցների հասնելու համար: