07:00 , 3 դեկտեմբեր, 2014
Բանը բանից անցել է, ու թե «եվրասիականի» ու թե շատ այլ հարցերի հանգուցալուծումն այլ դաշտում կլինի, այլ ձևերով ու երևի թե այլ ժամանակ։ Բայց մի քանի ծայրահեղ դեմագոգիկ «փաստարկ» կա, որ պիտի պատասխան ստանա։
1. Չեզոքությունը արկածախնդրություն է և պատերազմ, իսկ հակամարտող կողմերից մեկին միանալը՝ խոհեմություն ու «ռեալ պոլիտիկ»։ Փաստորեն Շվեյցարիան ու Շվեդիան, որ II Աշխարհամարտում ոչ մի զոհ չտվեցին, մի բան էլ ավելի հարստացան՝ արկածախնդիրներ էին։ Իսկ ինչ-որ Ռումինիա, որ հարյուր հազարավոր զոհեր տվեց սկզբից որպես Գերմանիայի դաշնակից, իսկ հետո էլ, հարկադրաբար, որպես հակահիտլերյան կոալիցիայի մաս՝ խոհեմության ու «ռեալ պոլիտիկի» նմուշ էր։ Նաև քայքայվեց տնտեսապես (նավթի առկայության պայմաններում), ստիպված եղավ ներմուծել սկզբից նացիստական գենոցիդալ քաղաքականությունը, իսկ հետո էլ ստալինյան ռեպրեսիվ մեքենան։ Ըստ որում պարզ է, որ մենք նկատի ունենք ԶԻՆՎԱԾ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆԸ, հզոր բանակը, ազգային նկարագրին ու արդիականությանը համապատասխանող օգտավետ պետական մեքենա, արկածախնդրության բացառում։
2. Ռուսաստանի դեմ խաղ չկա, ամենայն դեպս այս տարածաշրջանում ու մոտակա հեռանկարում։ Տերությունը չի կարող ջախջախվել Արևելյան Եվրոպայում, բայց հաղթանակած դուրս գալ մի այլ տարածաշրջանում։ Ռուսաստանը, պարտվելու դեպքում, հեռանալու է կովկասից, ինչպես դա եղավ 1-ին Աշխարհամարտից հետո։ Հնարավոր է, որ ընդմիշտ, քանի որ պաշարների ու այլևայլ գործանների հաշվարկը ցույց է տալիս, որ այդ պարտությունը ավելի քան հավանական է ու լինելու է առավել ցավոտ, կարող է հանգեցնել պետության տրոհման։ Ոչ մի դեպքում չեմ պնդում, որ սա լավ է, կամ բխում է հայերիս շահերից։ Բայց պնդում եմ, որ մենք չենք կարող/չպետք է ոչ նպաստենք դրան, ոչ խոչընդոտենք, քանի որ ինչպես և այն ժամանակ մնալու ենք Ռուսաստանի թշնամիների հետ դեմ առ դեմ ու ստանալու ենք, թե մեր, թե «մեծ եղբոր» բաժին ջարդը կամ «եղբայրաբար» պատժվելու ենք հենց Ռուսաստանից։
Հավելյալ փաստարկներ Հայկ Բալանյանից.
ա) Հայաստանը այնքան խոցելի է, որ ուզենալով խփել Գլխամասին՝ խփելու են Հայաստանին: Նաև այդ կողմնորոշումը փոխելու նպատակով: Չեզոքության դեպքում` չեն խփում, երկու կողմն էլ սիրաշահում են, որ չվանեն դեպի մյուս ճամբարը:
բ) Պարտվող կողմը միևնույն է այնքան հզոր է լինելու, որ հիշելով Հայաստանի անխոհեմ պահվածքը պատժելու է:
Իսկ մեր դառը փորձից մենք գիտենք, որ կամավոր հանձնված-տրվածներին գլխամասերը չեն պաշտպանում, քանի որ և սեփական խնդիրներն են շատ, և կամավոր հեյվանները իրենց փայ ռիսկը և պատասխանատվությունը վերցրել են ինքնուրույն և առանց որևէ երաշխիքների:
Կոնկրետ մեր պարագայում, Հայաստանի ընտրության երաշխիքը զենքի մատակարարումներն են Բաքվին: Նաև իհարկե, վերջում մեղավորը մենք ենք դուրս գալու: Քանի որ չուզեցինք հանուն համաշխարհային (ռուսական կամ եվրոպական, ոչ մի տարբերություն) հեղափոխության սատարենք թուրքական հեղափոխությանը, որը ավելի կարևոր մրցանակ է՝ նպատակ, քան մենք՝ միջոցը:
3. Եվրոպան «վատն է»։ Այս փաստարկի տակ ստորագրեցի։ Բայց «զոքանչին ինադու աչք հանելու (որ միաչքանի փեսա ունենա)» մոտեցումը քաղաքականության մեջ, առավել ևս ազգային ճակատագրի հետ առընչվող հարցերում, այն էլ իր ռացիոնալիզմով ու պրագմատիզմով տեղի անտեղի ներկայացող ուժի կողմից՝ կիրառելի չեմ համարում։ Լուծումը՝ տես կետ առաջին։
4. Կողմ քվեարկելը ԵՏՄ-ին անհրաժեշտ է։ Մի պարագայում, երբ ՀՀԿ-ի ձայները արդեն բավական են լինելու այն անցկացնելու համար։ Գումարած՝ ՕԵԿ։ Գումարած՝ ԲՀԿ։ Գումարած՝ Դաշնակցություն։ Առնվազն 80-90%: Շատ հանգիստ կարելի էր խուսափել քվեարկությունից ու պահել դեմքը կամ գոնե իրենց իսկ նախկին կողմնակիցների թուքումուրին և անեծքին չարժանանալ։ Բայց սա պարզապես քվեարկություն չէ, այլ ռուսահպատակության դեմոնստրացիա, անձնական ու կազմակերպչական տարատեսակ «դաբռոների» մուրում։ Օրինակ՝ լավագույն գաղութային ադմինիստրացիայի տեղի համար մրցակցային պայքարում։ Դա նաև ինչ-որ տեղ կիսաքողարկված մատնանշում է նրանց, ով այդ դրոշի տակ սողալու ու «դաբռոների» կարիք չունեն։ Որ Արջը տեսնի, թե ով է իր թշնամին, ով՝ հավատարիմ ծառան ու միջոցներ ձեռք առնի։ Որքան էլ ծանր փորձություններ են սպասում մեզ, հաստատ իմացեք, որ հարցի այս նուրբ կողմը ևս երբեք չի մոռացվի։