Կեա. գիշատիչ թութակներ, որոնք ոչխարներ են որսում (լուսանկարներ)


06:15 , 3 դեկտեմբեր, 2014

Կեա թութակներն ապրում են Նոր Զելանդիայում։ Մարդկանց ընտելացած և ծայրաստիճան հետաքրքրասեր այս թռչունները կեր փնտրելիս երբեմն վնասում են ավտոմեքենաների սրահը։ Նրանց գրավում են աղբանոցները և ավելի շատ գետնի վրա են անցկացնում իրենց օրը, քան երկնքում. թավալվում են ձյան մեջ, ջրափոսերում։

Այս թռչունները կարող են սնվել ինչպես աղբով, այնպես էլ կենդանի ոչխարներով։ Նրանք շատ խորամանկ մարտավարություն են մշակում. նստում են զոհի կողքը և հանկարծակի հարձակվում նրա վրա` մեջքից պոկելով մսի կտոր կամ ճարպ՝ դրանով իսկ ծանր վնասվածք հասցնելով կենդանուն։ Եթե ոչխարը կտրուկ շարժումով շպրտում է նրան իր վրայից, թութակը կրկնում է փորձը։ Այս պատմությունը, որպես կանոն, տխուր ավարտ է ունենում. ոչխարը, մեջքին կառչած թութակի հետ, վազում է այնքան, մինչև ուժասպառ լինելով սատկում է։ Եթե նույնիսկ կենդանուն հաջողվի ազատվել նենգ թութակից, միևնույնն է, նա հետո կսատկի ստացած վերքերից։ Լինում է, որ ոչխարը փախչելիս ընկնում է ձորը և ջախջախվում. այդ ժամանակ միանգամից հավաքվում է կեաների երամը. ընթրիքը պատրաստ է։