Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել խորհրդարանին՝ նախագահի վետոն հաղթահարելու համար


02:55 , 3 դեկտեմբեր, 2014

Lurer.com–ը գրում է.

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քայլ առաջ է անվանել պառլամենտարիզմի զարգացման գործում` խորհրդարանի կողմից նախագահի սահմանած վետոյի հաղթահարումը: Այս մասին հայտնել է  "Новости-Грузия"-ն:

«Եվս մեկ քայլ առաջ է արվել Վրաստանի պառլամենտարիզմի զարգացման պատմության մեջ: Մենք տեսանք, որ խորհրդարանական մեծամասնությունը հաղթահարել է նախագահական վետոն, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պատգամավորներին: Դա իրոք լավ դրսևորում էր այն փաստի, որ այսօր Վրաստանում լիակատար ժողովրդավարություն է, և դա մեր իշխանությունների ձեռքբերումն է»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի խորհրդարանը երկար վիճաբանություններից հետո նոյեմբերի 28-ին հաստատել էր օրինագիծը, որի հիմքով ՆԳՆ-ն պահում է քաղաքացիների անձնական տվյալներին ուղղակի հասանելիությունը, իսկ անձնական տվյալների պաշտպանության գործընթացով զբաղվելու է հատուկ տեսուչը:

Չնայած այն հանգամանքին, որ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին օգտագործել էր վետոյի իր իրավունքը, սակայն խորհրդարանին հաջողվել էր շրջանցել այն: