01:15 , 3 դեկտեմբեր, 2014
Մեկ-մեկ ամաչում ես, որ համ դու ես տնտեսագետ, համ դրամի կուրսի անկման վերլուծությունները պետական մակարդակով ներկայացնողները։
Ստիպված բացենք մի քանի փակագիծ: Չկատարված բյուջեն մեկ օրում ժողովրդի հաշվին կատարելու ու մի քանի տոկոսով գերակատարելու օպերացիան համարենք փայլուն իրականացված: Խոպանչի Վալոդի մտքով էլ չէր անցնի, որ այսօր իր համեստ ներդրումը կունենա այդ օպերացիայում: Դոլարի արհեստական դեֆիցիտը ներկրողներին կանգնեցրեց փաստի առաջ, և կարճ ժամանակահատվածում բյուջեն կատարվեց: Ի վերջո, ներմուծողներն ապրանքը ներմուծեցին և, մինչև տարվա ավարտ ժողովրդի կաշին քերթելով, կորցրածը ետ կբերեն: Ո՞վ կատարեց բյուջեն։ Ժողովուրդը: Դեպի ՌԴ Հայաստանից հոսող ԱՄՆ դոլարի ահռելի քանակի պատճառով Կենտրոնական բանկը 40 մլն դոլար մտցրեց շրջանառության մեջ, որը ևս մի քանի օր հետո կհոսի նույն ճանապարհով, բայց մինչ այդ մի քանի օր արհեստական կպահի դրամի կուրսը: Բա հետո՞։ Հետո Ումնիկները կբացատրեն, որ դրամի արժեզրկման կայֆը շուտով ժողովուրդը կզգա ողջ հմայքով: Ու այստեղ կսկսվի անսպասելին: Հենց որ մարդիկ հասկանան, որ մեկ ամսվա աշխատավարձով ընդամենը 60 հատ հաց կարող են գնել, էլ ոչ մի ընդդիմություն ու ընդդիմության ընդդիմություն, ոչ մի մարգինալ, հաճախորդ ու լիբերալ, ոչ մի իշխանություն, խանություն ու պրոստը «ություն» ՉԻ կարող ժողովրդի դեմն առնել: Այնպես որ... Սպասենք Ումնիկների նոր շեդևրներին: Ինձ ուղղակի հետաքրքիր է` լավ շեֆերին մի կողմ դնենք, բա էդ մտքերը լուրջ դեմքով բարձրաձայնողները դրամով չե՞ն աշխատավարձ ստանում, թե՞ իրենց դրամների վրա ուրիշների նկարներն են: