Պատասխանս ռեալպոլիտիկի նվիրյալներին


21:42 , 2 դեկտեմբեր, 2014

ԵՏՄ-ին դեմ խոսացողներիս վերջին օրերին ռեալպոլիտիկի տարբեր հանճարեղ մասնագետներ բերում են ամենատարբեր հիմնավորումները, թե ինչու են իրենք կողմ ԵՏՄ-ին, կամ թե ինչու իրենց պատգամավորները պետք է կողմ քվեարկեն ի օգուտ ԵՏՄ վավերացման...

Վերլուծական մտքի տիտաններին երկար չեմ պատասխանելու, պարզապես վերցնում եմ իրենց մի քանի ամենաուժեղ ու կարմիր թելով հաճախակի կարվող թեզերը ու ցույց տալիս հիմնավորումների սնանկությունը...

Եվ այսպես. եթե Հայաստանը չանդամակցի ԵՏՄ-ին, ինչ ՎԱԽԵՐ գոյություն ունեն հայկական քաղաքական ու վերլուծական, անգլերեն ասած, վայբրանտ մտքերում.

Ռուսաստանը մեզ կուտի, չի ների Հայաստանին, կթանկացնի Հայաստան մտնող տարբեր ապրանքների՝ էներգետիկայից մինչև կենցաղային ապրանքների գները, եթե ԵՏՄ չմտնենք, Ադրբեջանը մեզ կուտի, որի ոչխար իշխանությունները սպասում են՝ Ռուսաստանն իրա սապոգը հանի մեր վրայից, որ հարձակվի ու հոշոտի.... Անգամ որոշ մտքի տիտաններ ասում են, որ Թուրքիան նորից ցեղասպանություն կանի... ՉՇԱՐՈՒՆԱԿԵՄ. ավելի հիմնավոր վախեր չեմ տեսել...

Ու ռուսերեն ասած ԵՏՄ կողմ լինելու կռուտիտները՝

ԵՏՄ-ն տնտեսական կառույց է ու կապ չունի քաղաքական որոշումների հետ, ԵՏՄ-ում Հայաստանը դառնալու է վարդ-մանուշակ տնտեսություն ունեցող զարգացող երկիր: Հետո՞ ինչ, որ Ռուսաստանում քրեական տարրը վեր է ամեն տեսակ օրենքներից, հետո՞ ինչ, որ ԵՏՄ անդամ պետությունները կոռուպցիայով ճանաչված են, մենք կարանք ունենանք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն ու ԵՏՄ մտնենք ձեռքներս քշտած, ու բոլորը մեզ կհարգեն...

Ուրեմն էսպես, նախ վախեր հնչեցնելուց առաջ պատասխանեք հարցին, թե ինչ եք արել մինչ օրս, որ ՀՀ-ն Ռուսաստանից այսքան կախված չլիներ, ինչպես եք փորձել իրավիճակ շրջել, որ էդպես էլ ձեր անունն ասոցացվում է անշրջելի կեղծ ու ոչինչ չասող պիտակի հետ, կամ եթե վախերով եք Հայաստանն ուզում կառավարել, ու ծանրության կենտրոնը Կրեմլում է, էդ ո՞նց եք ՀՀ քաղաքացիներին զարգացում խոսք տալիս, երբ տնտեսական ու արտաքին քաղաքական հարցերը որոշվելու են Հայաստանից դուրս։

Ու իմ հիմնավորման կարմիր թելը հետևյալն է.

ԵՏՄ-ում կառավարման լծակները ամենախոշոր խաղացողինն է՝ ՌԴ-ինը, որն իր դոմինանտ դիրքով ազդեցություն է ունենալու ոչ միայն տնտեսական հարաբերություններում, այլև անելու է հնարավորը, որ քաղաքական միտքն այսքան ստերջ պայմաններում պահի, որ անկախության մասին խոսացողները համարվեն մարգինալներ, որ ռուսաց լեզուն տարիների ընթացքում դառնա դոմինանտ, որ ազգային արժույթն իր տեղը զիջի ռուբլուն, ու այսպես շարունակ, կարճ ասած, ռուսաֆիկացնելու է ողջ պետությունը...

Բայց քանի որ ԵՏՄ-ն չի կարող երկար կյանք ունենա, դրա համար մեզ՝ անկախության արժեքն իմացող քաղաքացիներիս ու քաղաքական ուժերիս անհրաժեշտ է չհիասթափվել ու չհանձնվել, հնարավորինս շատ խոսել անկախության անհրաժեշտությունից, անհրաժեշտ է երկրի տիրոջ զգացողություն ունեցող քաղաքացիների հետ որակյալ, թեկուզ փոքր խմբերով, բայց սկսել աշխատել, որ կարողանանք գոնե մի քանի տարի հետո իրական այլընտրանք ներկայացնել հանրությանը։

Հ.Գ. Սերժ Սարգսյանի քայլը միավորել է ԱԺ 6 խմբակցություններից 5-ին... Այսքան միասնական ՀՀ ԱԺ-ն երբեք չի եղել... Ու սա խոսում է նրա մասին, որ քաղաքական դաշտի մեծ մասն իշխանությունը պահելու կամ իշխանությունը փոխելու հարցում նայում է Կրեմլի ձեռքերին... Սրանից լավ լուստրացիա դժվար թե լիներ...