15:12 , 1 դեկտեմբեր, 2014Newmag.am-ը գրում է․
«Խճճված զուգահեռներ»
Ֆիլմն անձնական պատմություն է մասամբ: Երկու մասից է բաղկացած. մի տեղ կա աշակերտի և ուսուցչուհու պատմությունը, մյուսում այդ ուսուցչուհու ծնողների սիրո պատմությունն է: «Խճճված զուգահեռներ»-ը երկուգծանի պատմություն է, թե ինչպես են երեխաները անգիտակցաբար կրկնում ծնողներին: Իմ անձնական զգացողությունների վրա հենված պատմություն է: Իմ առաջին ֆիլմն է. առաջին ֆիլմերը միշտ կոդային են, որովհետև հետո միշտ անդրադառնում ենք այդ նույն պատմություններին. ինչ ուզում ես, արա՛, հետո սխեման կրկնում ես. անցյալը, որ անդրադառնում է ներկայի վրա, կանխորոշում է ապագան: Երկրորդ ֆիլմն էլ, որ նկարում եմ, նույն սխեմայի շուրջ է:
խճճված շրջագայություն
Ինձ զարմացրել է այն, որ ընկալումը լրիվ նույնն է, նույնն են մարդիկ, նույն կերպ են ընկալում ֆիլմը Նորվեգիայում, Արգենտինայում: Ֆիլմը դուր է գալիս կանանց: Երևում է` ինչպես է ռեժիսորը փայփայում իր հերոսուհիներին, ինչքան շատ է սիրում: «Խճճված զուգահեռներ»-ը կանանց գովք է:
կինոգործ
Մեր կինոինդուստրիան Մարսից չի իջել: Շատ վատ արտատպված են միջազգային տենդենցները: Մենք ունենք հեղինակային կինո՝ ռեժիսորներ, որոնք նկարում են այն, ինչ ուզում են, կոմերցիոն կինո` ռեժիսորներ, որոնք նկարում են միայն պատվերով: Ի՞նչ ենք ստանում. վատ պատճենում, կրկնօրինակում: Լավ կինեմատոգրաֆ, միջազգային ստանդարտներին համապատասխանող, միջազգային հանրությանը հասկանալի, սովորական հանդիսատեսի համար ընկալելի կինեմատոգրաֆ դեռ չունենք: Պետք է դուրս գալ մեր ընկալումներից. մեր ֆիլմերին նայենք՝ դանիացու կողքին նստած: Ա՛յ, եթե դանիացին կհասկանա մեր կինոն, ուրեմն` մենք ինչ-որ ճշմարտության հասել ենք: Մեր կինոինդուստրիայի ամենակոշտ գնահատականն այն է, որ միջազգային աուդիտորիայի համար մեր ֆիլմերը ընկալելի չեն: 50 տարի է՝ Կաննում ոչ մի ֆիլմ չունենք, իսկ Կաննում ամենախիստ հանդիսատեսն է, ամենախիստ ընտրությունը կատարվում է Կաննում. եթե նրանք ձեր ֆիլմերը չեն վերցնում, ուրեմն` չեն հասկանում: Մեր կինեմատոգրաֆի լեզուն անհասկանալի է:
գրքերը
Ինչ-որ մի պահից սկսած՝ ընթերցանությունն իմ կյանքում մղվել է երկրորդ պլան, և եկել է կինոն: Ընթերցանությունը ես սկսել եմ շատ ճիշտ տեղից` Ռաբլեից, անցել եմ Դյումայով, հետո՝ Մոպասան, հետո ինչ-որ մի պահ կարդացել եմ Կաֆկա ու հասկացել եմ, որ իմ վրա ֆունդամենտալ ազդեցություն թողել է հենց Կաֆկան: Ես երազում եմ նկարել «Կերպարանափոխությունը»: Կաֆկայի միջոցով շփվել եմ սյուրռեալիստների հետ: Բրետոնից, Էլյուարից հետո ես հանդիպել եմ Բունյուելին ու մնացել եմ կինեմատոգրաֆում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ